Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանատունը և COAF-ը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) այսօր հայտարարեցին անգլերենի ուսուցման երկու ծրագրերի շարունակական ընդլայնման մասին: Ծրագրերի հովանավորն է ԱՄՆ դեսպանատունը, ֆինանսական աջակցություն է տրամադրում և ծրագրերն իրականացնում է հիմնադրամը: Դասընթացներն իրականացվելու են հիմնականում Հայաստանի մի շարք գյուղական շրջաններում: «Անգլերենի ուսուցման «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիր» (Աքսես) և «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրերի շարունակությունն ու զարգացումը Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդներին մեծ կարողություն կտան՝ տիրապետելու փորձված գործիքների, որոնք օգնելու են լեզվի յուրացմանը:

«Մենք լայն հնարավորություններ ենք ընձեռում գյուղական երիտասարդությանը՝ օգնելով նրանց աճել գիտական և մասնագիտական ոլորտներում,- ասաց Երևանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ժակլին Դելեյը:- Անգլերենն արժեքավոր հմտություն է, որը հայ երիտասարդներին կարող է օգնել՝ հասնելու իրենց ակադեմիական նպատակներին և մեծացնելու տնտեսական հեռանկարները»:Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի հետ միասին այս տարվա երկու ծրագրերի մեկնարկի մասին ասուլիսում նրանք ընդգծեցին, որ անգլերենի որակյալ կրթության խրախուսումը երկու կազմակերպությունների՝ դեսպանատան և հիմնադրամի գլխավոր նպատակներից է:Աքսեսը երկամյա միկրոկրթաթոշակային ծրագիր է:

Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն հաջողությամբ իրականացրել է Աքսեսի նախորդ երկու ծրագրերը, իսկ այս միջոցառումը հայտարարում է հաջորդ երկամյա շրջափուլի մեկնարկի մասին: Հաջորդ երկու տարիների ընթացքում ԱՄՆ դեպանատունը և COAF-ը հնարավորություն կունենան ընդգրկելու 90 պայծառ, տնտեսապես խոցելի խմբերի 13-16 տարեկան աշակերտների Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի և Դեբետ (Լոռու մարզ) համայնքներից:

«Որպես ծրագրի ուղղակի արդյունք՝ գյուղական երիտասարդությունը կմեծացնի իր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն արդյունավետորեն մասնակցելու կարողությունը, ձեռք կբերի հմտություններ և առավել մրցունակ կլինի ապագայում մասնագիտական կայացման ճանապարհին,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

– Լեզվի դասընթացից բացի, այս նախաձեռնությունը կենտրոնանալու է նաև տեղական մասնագետների կարողությունների զարգացման վրա՝ գյուղի ուսուցիչներին ընդգրկելով որպես Աքսես ծրագրի դասավանդողների օգնականներ»:

Այսօր մեկնարկած երկրորդ՝ «Անգլերենի մատչելիությունը հեռավոր շրջաններում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագիրն առաջարկում է առցանց և ստացիոնար դասընթացների համադրություն: Ամեն շաբաթ այս նոր նախաձեռնության հետդպրոցական տարիքի մասնակիցները լեզուն կուսումնասիրեն առցանց կառավարման գերժամանակակից Մուդլ (Moodle) համակարգով: Ուսանողները կմասնակցեն նաև մի շարք դեմ առ դեմ դասերի:

2015 և 2016 թվականների ընթացքում այս նոր առցանց նախաձեռնությունը ծառայելու է Հայաստանի 320 երիտասարդի 9 տարբեր կենտրոններում: Մասնակիցներն ընտրվելու են այնպիսի համայնքներից, որտեղ անգլերենի ուսուցման ռեսուրսները սահմանափակ են կամ բոլորովին բացակայում են: Ծրագիրը կենտրոնանում է 17-35 տարեկան երիտասարդների վրա, ովքեր հիմնականում մուտք չունեն անգլերենի լսարաններին: Դասընթացը նպատակ ունի ամրապնդելու ուսանողի գրավոր և բանավոր գիտելիքները՝ առաջարկելով սոցիալական անգլերեն և բիզնես հաղորդակցություն:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի 22 գյուղական համայնքների բնակիչները: 2014թ. ի վեր Հիմնադրամը զարգացման ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Թումանյանի շրջանի մի շարք համայնքներում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (010) 50 20 76, բջջային՝ 094 30 82 15 (Անահիտ Էվոյան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս