Բաժիններ՝

«Ես երբեք չեմ մտածել, թե ի՞նչ «իզմեր»-ի եմ գնում… երևակայի՝ մոդեռնիստ եմ՝ այդպես են ասում». Ավետիք Ալավերդյան

«Կալենց» թանգարանում կայացավ Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից ներկայացված «Ավետիք Ալավերդյան. Գույնը՝ իբրև կիրք» խորագրով ցուցահանդեսը, որ Ժամանակակից Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի կուրսային աշխատանքն էր՝ ղեկավարությամբ արվեստի տեսաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի:

168.am-ի հետ զրույցում Նազարեթ Կարոյանն ընդգծեց, որ ցուցահանդեսի հղացական շրջանակն է՝ ուշադրություն սևեռել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին,ինչպես նաև՝ դրանց միջև առկա հակասություններին. «Ավետիք Ալավերդյանը մեր ոչ այնքան հայտնի, բայց շատ շնորհալի արվեստագետներից մեկն է: Սա մենագրական ցուցահանդես է, որտեղ ներկայացված են մեկ նկարչի՝ բացառապես Ավետիքի, աշխատանքները և հատկապես իր վերջին տարիների ստեղծագործությունները: Սա հիանալի հնարավորություն էր ուսանողների համար շփվելու մի ամբողջ՝ գույնի վրա շեշտ դնեղ մոդեռն արվեստի շերտի հետ, իսկ Ավետիք Ալավերդյանն այս հոսանքի վերջին մոհիկաններից մեկն է, եթե ոչ՝ ամենավերջինը: Բարեբախտաբար, մոդեռն արվեստը դեռ չի անհետացել, գոյատևում է տարբեր անկլավներով, բայց նահանջ ապրելով և բառացիորեն ֆիզիկապես ու իր գրաված դիրքով՝ կոմունիկացիոն, սոցիալական արվեստի շուկայի մեջ: Բայց սա էպոխա ստեղծած հոսանք է, և Ավետիքի ստեղծագործությունը վերապրումներն են այդ դրամատիկ նահանջի»,- մեկնաբանեց արվեստի տեսաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը:

Avetiq-Alaverdyan01 Avetiq-Alaverdyan1 Avetiq-Alaverdyan6

Եղվարդում ապրող նկարիչ Ավետիք Ալավերդյանի հայացքն ուղղված է անցյալին և բնությանը։ Թվում է,թե այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին, սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում՝ նրա վրձինը ստեղծում է պատկերներ, որոնք լեցուն են զգացական բուռն հակասություններով։

Կարդացեք նաև

Ցուցահանդեսի համադրողներ Լիլիթ Անտոնյանն ու Թերեզա Դավթյան կարծում են, որ այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահանջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության մեջ. «Սա իմ և իմ դասընկերուհու կուրսային աշխատանքն է, որին մենք շատ երկար ենք նախապատրաստվել, որովհետև փորձում էին հնարավորության սահմաններում համակողմանի արծարծել մոդեռն ու ժամանակակից արվեստի հարաբերություններում առաջացած ներքին խնդիրներն ու հակասությունները, որից էլ ծնվեց այս նախագիծը: Մեզ հետաքրքրում էր ժամանակակից իրականության մեջ այս ուղղության ճակատագիրը:

Avetiq-Alaverdyan7 Avetiq-Alaverdyan8 Avetiq-Alaverdyan9 Avetiq-Alaverdyan10 Avetiq-Alaverdyan11

Ավետիք Ալավերդյանն անհետացող մոդեռն արվեստի ժամանակակից իրականության եզակի ու վառ ներկայացուցիչներից մեկն է: Ցուցահանդեսի էքսպոզիցիան այնպես ենք կառուցել, որ ցույց տանք, թե ինչպես է տեղի ունեցել մոդեռն արվեստի ու մոդեռնիստ նկարչի տեղաշարժը քաղաքից դեպի գյուղ, թե ինչպես քաղաքային արվեստի կրող նկարիչը կարող է հայտնվել գյուղում ու շարունակի նկարել քաղաքային լեզվով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ցուցահանդեսի համադրողներից՝ Ժամանակակաից արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 3-րդ կուրատորական մոդուլի ուսանող Լիլիթ Անտոնյանը:

Avetiq Alaverdyan

Գույների ու արվեստի ներքին հակասությունների և ցուցահանդեսի մասին՝ նկարիչ Ավետիք Ալավերդյանը բարդ ու արվեստաբանական տերմինոլոգիայով խոսելու փոխարեն՝ եղավ շատ կարճ ու լակոնիկ: Նա ասաց, որ ցուցահանդեսի գաղափարն ու կազմակերպողները եղել են «Նազարեթը (նկատի ունի Նազարեթ Կարոյանին.- Ն.Մ.) ու իր աղջիկները»: Ըստ նկարչի՝ եկել է բանիմաց, աշխատասեր, նոր ու թարմ գաղափարներով զինված մի սերունդ, որոնցով անձամբ ինքը հպարտ է և ուրախ: Ցուցահանդեսի համադրական աշխատանքներին Ավետիք Ալավերդյանը ոչ միայն չի մասնակցել, այլ նաև, ինչպես ինքն ասաց՝ բոլորովին կապ չի ունեցել: «Եվ ընդհանրապես, ես երբեք չեմ մտածել, թե ի՞նչ «իզմեր»-ի եմ գնում… երևակայի՝ մոդեռնիստ եմ՝ այդպես են ասում: Ես պարզապես ոգեշնչվում եմ ամեն օր արթնանալուց, մտքից, որ դեռ կամ, դեռ ապրում եմ ու պիտի ստեղծագործեմ»,- մեզ հետ զրույցում խոստովանեց վառ գույների համադրող, գույնը իբրև կիրք ընկալող ԱվետիքԱլավերդյանը:

«Ավետիք Ալավերդյան. Գույնը՝ իբրև կիրք» խորագրով ցուցահանդեսն այցելուների համար հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս