«Մենք Սադամ Հուսե՞յն ենք, Քադաֆի՞ն ենք, Ստալի՞նն ենք, որ որոշենք, որ այդ 182 հազար մարդը չպետք է մասնակցի»

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի փոխխոսնակ, հանրաքվեի ՀՀԿ-ի նախընտրական շտաբի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարոն Շարմազանով, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շուրջ կեսն արդեն անցել է, ժողովրդի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, ասում են` մարդիկ անտարբեր են այս փոփոխությունների հանդեպ:

– Ժողովուրդն ավելի է ակտիվանում և հետզհետե ավելի կակտիվանա, և «այո» քարոզող քաղաքական ուժերի խնդիրն է` ժողովրդի մեծամասնությանը տեղ հասցնել սահմանադրական բարեփոխումների առավելությունները: Ըստ իս` մեր գործը հեշտացնում է նաև այն, որ «ոչ»-ի մեր գործընկերները որդեգրել են ոչ թե` բովանդակային պայքար, այլ` խոսում են մի բանից, որ իրականում չկա: Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն իշխանություն-ընդդիմություն պայքարի տիրույթի հարց չէ: Ինչո՞ւ: Որովհետև նույն սահմանադրականի հետ կապված` ԱԺ քվեարկությունը ցույց տվեց, որ գոնե պառլամենտում առկա ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը կողմ քվեարկեց, չկար գեթ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որն ամբողջությամբ դեմ քվեարկի: Այսինքն` սա դիտարկել` որպես իշխանություն-ընդդիմություն խնդիր, աբսուրդ է:

Երկրորդ՝ իշխանափոխության խնդիրը բոլոր նորմալ ժողովրդավարական երկրներում, այդ թվում` նաև մեր երկրում, լուծվում է հերթական ընտրությունների միջոցով: Դեկտեմբերի 6-ը, ի գիտություն մեր գործընկերների, նախագահական կամ պառլամենտական ընտրություն չէ: Սա ընդամենը հանրաքվե է, որն այնպես չէ, որ մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում` ընդդիմությունը:

Նույն «այո»-ի ճամբարում կան բազմաթիվ գործիչներ, որոնք խստագույնս քննադատում են իշխանության այս կամ այն քաղաքականությունը` քաղաքական, տնտեսական կամ արտաքին ոլորտներում, բայց կոնկրետ սահմանադրական բարեփոխումների հարցով իշխանության հետ նույն թևում են: Հիմա դեկտեմբերի 6-ին ինչպես մեր հասարակությունը կորոշի, այդպես էլ կլինի: Դեբատները կամ ԱԺ մեր գործընկերների որոշ հայտարություններն էի լսում: Ի։նչ պետք է արվի` պետք է դրվի գործող Սահմանադրությունն ու նոր նախագիծը, և համեմատենք` առաջընթաց կա՞, թե՞ չկա:

Բայց ոչ մեկը սրանից չի խոսում: Մեր գործընկերներից ոմանք ասում են բաներ, որ ո՛չ բարեփոխվածի հետ կապ ունի, ո՛չ գործողի հետ: Իսկ ընդամենը պետք է պարզ դնել ու ասել` ի՞նչ է արվում, բարձրացնո՞ւմ ենք կուսակցությունների դերը, թե՞ ոչ, համամասնականը ժողովրդավարացման ճանապա՞րհ է, թե՞ ոչ: Եթե նորին` համամասնականին, դեմ ենք արտահայտվում, ուրեմն կողմ ենք 41 մեծամասնականի՞ն, որոնց, ըստ իրենց, Հանրապետականն իր գրպանում ուներ, որը, իրենք ասում էին` բոնուս է, ո՞նց Հանրապետականի հետ մրցակցենք, եթե ի սկզբանե 41 տեղ ունեն:

Եվ իրենք էին ասում, որ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ կա մեծամասնություն, որը մեծամասնական ընտրակարգով է ընտրվում, համամասնականով Հանրապետականը ոչ մի անգամ չի կարող մեծամասնություն լինել, համամասնական ընտրության դեպքում քաղաքական դեմքերն ավելի շատ կլինեն: Ասում էին, որ դատախազը, ԿԸՀ նախագահը և մյուս պաշտոնյաներն ընտրվում են մի կենտրոնից` պարզ մեծամասնությամբ: Հիմա նման բան չի լինելու, անհրաժեշտ է լինելու ձայների առնվազն 3/5-րդը, այսինքն` առանց ընդդիմության կոնկրետ և գործուն մասնակցության անհնար է լինելու իմ երկրում ո՛չ դատախազի ընտրություն, ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ո՛չ Կենտրոնական բանկի, ո՛չ Վերահսկիչ պալատի: Սրա մասին պետք է խոսեն` սա դրակա՞ն է, թե՞ բացասական:

– Հանրաքվեի արդյունքները քննադատելու և վիճարկելու առումով ընդդիմադիրներին մեծ տեղ թողեցիքֆ մատների թանաքոտման մեխանիզմի կիրառությունը մերժելով: Օրինակ` Դուք ինչպե՞ս կվեաբերվեիք, եթե Ձեր կնոջ մատը թանաքոտեին, այդտեղ խանդի առիթ կա՞:

– Ես չեմ ուզում այդքան պարզունակ տեսակետից նայեմ: Առհասարակ` լինի իմ կինը, լինի իմ ընկերը, լինեք Դուք, ես կարող եմ ասել, որ մատի թանաքոտումը բավարար մեթոդ չի, որպեսզի ընտրակեղծիք չարվի: Այսինքն` թանաքը շատ հեշտ կարող է մաքրվել: Խնդիրը պետք է ավելի գլոբալ նայել, չպետք է ամեն ինչ պրիմիտիվացնել: Խնդիրն այն է, թե այսօրվա Ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է վերահսկել այդ պրոցեսը: Կարծում եմ` այո: Իսկ եթե ՀԱԿ-ը կամ այլ կուսակցություն չունի բավարար վերահսկողության մեխանիզմ, եթե չունի բավարար վստահված անձինք, կամ չի վստահում իր վստահված անձերին, դա Շարմազանովը չի մեղավոր:

Եթե ամեն ընտրատարածքում չունես 2 վստահված անձ, ինչպե՞ս ես հավակնում, որ «ոչ» լինի: Բացատրեք ինձ: Եթե քո վստահված անձը քեզ չի վստահում, ինչպես ասում են` կարող է ծախվել, ինչը, ի դեպ, շատ վիրավորական է, այդքան մարդուն համարում են պոտենցիալ կոռումպացված, ուրեմն դու քամի ես, քո ասածը մի բաժակ ջրում փոթորիկ է: Այդքան խոսելու փոխարեն` կարելի է Ընտրական օրենսգիրքը բացել ու տեսնել` արդյոք բավարար մեխանիզմներ կա՞ն վերահսկելու:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ բավարար մեխանիզմներ կան: Եթե նույնիսկ իրենք չէ, լրատվամիջոցը կարող է 24 ժամ լուսաբանել, վստահված անձն ունի նույն լիազորությունները, ինչ ընտրական հանձնաժողովի անդամը, միջազգային դիտորդները` ևս: Ի՞նչ են ուզում: Եվ ամենակարևորը` հարց է առաջանում` այդ 182 հազար քաղաքացիները պե՞տք է մասնակցեն հանրաքվեին, թե՞ ոչ, եթե միայն նույնականացման քարտ ունեն: Այլ հարց է, թե ինչպես է ստացվել, որ միայն նույնականացման քարտ ունեն, դա լավ է, վատ է, դրա մասին չպետք է խոսենք: Նույնականացման քարտերի հետ կապված գլխավոր հարցը հիմա պետք է լինի` ի՞նչ անել:

Եվ ընդունվեց ճիշտ, իմաստուն որոշում: Կամ պետք է այդ մարդկանց թույլ տային մասնակցել, կամ, եթե մենք այդ հնարավորությունը չէինք տալիս, մենք ո՞վ ենք, որ այդ 182 հազար ՀՀ քաղաքացիներին ասում ենք` չպետք է մասնակցեք, որովհետև միայն նույնականացման քարտ ունեք: Էդ մենք Սադամ Հուսե՞յն ենք, Քադաֆի՞ն ենք, Ստալի՞նն ենք, բռնապե՞տ ենք, որ որոշենք, որ այդ 182 հազար մարդը չպետք է մասնակցի: Իսկ այն, որ, կլինեն ուժեր և արդեն կան, որ եթե իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում, մեղադրում են դիմացինին, դա պարզ բան է: Բայց մեզնից յուրաքանչյուրը, եթե ինչ-որ բան մեզ մոտ չի ստացվում, պետք է խնդիրը մեր մեջ փնտրի:

– Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանի արտահայտությունը, թե Ռուսաստանը պետք է հորդորի ՀՀ իշխանություններին` հրաժարվել սահմանադրական փոփոխություններից, տարբեր պնդումների տեղիք տվեց, որ ամեն դեպքում սահմանադրական փոփոխությունները պատվեր են` Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմից:

– Սահմանադրական բարեփոխումները պատվեր են, բայց Հայաստան պետության համար անհրաժեշտություն է, սա մեր պետությանն է անհրաժեշտ: Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական երկխոսությունը զարգանա, որպեսզի քաղաքական պրոցեսները գնան քաղաքական հունով, որպեսզի իշխանափոխությունը լինի անցնցում, որպեսզի լինի ավելի արդյունավետ կառավարում, որպեսզի կուսակցությունների դերակատարումը բարձրանա, որպեսզի ընտրություններում բախումների հնարավորությունը քչանա:

Նախագահական բոլոր ընտրությունները, բացի 91 թվականի ընտրությունից, մեր հասարակությունը բաժանել են սև ու սպիտակի, որովհետև մարդը, ով ստացել է 52%, դարձել է նախագահ, իսկ 48% ստացողը չի իմացել` ինչ անի, որովհետև ըստ Սահմանադրության` ինքը պետք է գնար իրենց տուն: Այսինքն` կապ չունի` 10% է ստացե՞լ, թե՞ 48%:

Իսկ մենք Սարկոզի ու Օլանդ չենք, որ մեկը 1.5%-ով հաղթի, մյուսը` շնորհավորի: Իսկ պառլամենտական համակարգը հնարավորություն է տալիս նույնիսկ 7-8% հավաքած խորհրդարանական ուժին իր ծրագրային դրույթով մասնակցություն ունենալ պետական կառավարմանը: Իսկ ցանկացած բախում մի քանի տարի, եթե ոչ` մի քանի տասնամյակ, երկիրը ետ է տանում:

Մեզ բախում պե՞տք է, մեզ պե՞տք է, որ իրար ատենք, ճամբարների բաժանվենք: Ի՞նչ կապ ունի` ես Հանրապետական եմ, մյուսը` «Բարգավաճ», թե՞ ՀԱԿ: Բոլորս մի ազգի ծնունդ ենք, ի վերջո, պետք է հրաժարվենք այդ վայրի, կիսաֆեոդալական կարգից: Մենք 21-րդ դարի ծնունդ ենք, 21-րդ դարում խնդիրները լուծվում են խորհրդարանում` քաղաքական ճանապարհով: Եվ այս սահմանադրական բարեփոխումները, գործողի համեմատ, հնարավորություն է տալիս դրա իրականացման համար: Եթե մարդիկ դրան դեմ են, դա իրենց գործն է:

– ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ինչո՞ւ էր եկել Հայաստան, այցի իրական նպատակը ո՞րն էր:

– Նախ` Լավրովի այցից չպետք է զարմանալ, Լավորովը մեր դաշնակից երկրի ԱԳ նախարարն է, Լավրովը ղարաբաղյան հիմնահարցում Մինսկի խմբի 3 համանախագահ երկրներից մեկի արտգործնախարարն է: Լավրովը եկավ և շատ հստակ մեսիջ ուղղեց և՛ Բաքվին, և՛ այն կառույցներին, ովքեր ցանկանում են թե ձևաչափ փոխել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, և թե փորձել խնդիրը տանել այլ ատյաններ: Եվ այդ իմաստով ես դրական եմ գնահատում թե՛ Լավրովի հայտարարությունը, և թե՛ պարոն Ուորլիքի հայտարարությունը, որտեղ հստակ նշվում է, որ իրենք չեն ողջունում, որ այլ կառույցներում փորձում են քննարկումներ իրականացնել ղարաբաղյան հիմնահարցի շուրջ:

– Հանրաքվեի հետ նրա այցը որևէ կապ չունե՞ր:

– Ոչ: Հումանիտարից մինչև արտաքին քաղաքական, քաղաքական ու տնտեսական, մենք խորացնում ենք մեր հարաբերությունը մեր դաշնակից Ռուսաստանի հետ:

– Ռուսական մամուլը գրում է, որ Արցախին հարակից մի քանի շրջաններ վերադարձվելու են Ադրբեջանին, և Լեռնային Ղարաբաղն էլ ինքնավարություն է ստանալու Ադրբեջանի կազմում:

– Կարդացել եմ «Կոմերսանտի» հոդվածը: 1994 թվականի մայիսյան զինադադարից հետո ռուսական, հայկական, ադրբեջանական, արևմտյան մամուլը հազարավոր հոդվածներ է գրել, որոնք իրականության հետ կապ չունեն: Ես հստակ ասեմ` ՀՀ իշխանությունների դիրքորոշումը հստակ է ԼՂ հարցում. ա) խնդիրը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա, բ) ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, գ) առանց ԼՂ ժողովրդի, առանց ԼՂ ընտրված և լեգիտիմ իշխանությունների ամբողջական մասնակցության բանակցային պրոցեսին` որևէ մեկն իրավունք չունի որևէ խնդիր լուծելու: Հայաստանը չի հակամարտության կողմը, դրա կողմն Ադրբեջանն ու Ղարաբաղն են, Ադրբեջանն այս 20 տարի ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ սա տարածքային հակամարտություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Պետք է իրենց և իրենց հովանավորներին տխրեցնեմ` սա տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սա ընդամենն ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է, և այն, որ Ալիևը և իր ընկերները շատ են սիրում ՄԱԿ-ի 4 բանաձևերը մեջբերել, հենց այդ բանաձևերով էլ ամրագրված է, որ Հայաստանը կողմ չէ հակամարտության:

– Հրանտ Բագրատյանը սահմանադրական փոփոխությունները կապում է հենց Արցախի խնդրի ոչ հայանպաստ լուծման հետ:

– Ես չեմ կարծում, որ պարոն Բագրատյանի արտահայտած միտքն իրականության հետ կապ ունի: Շատ, շատ հարգելով մեր 3 նախագահներին, ես չեմ կարծում, որ 3 նախագահները զիջումների չեն գնում, իսկ պառլամենտական ուժերը պետք է գնան: Չի կարելի այդպես նայել:
 

Տեսանյութեր

Լրահոս