«Քանի ազգն աղոթավոր է, նրա Սահմանադրությունն էլ խավարի ծնունդ և ոչ հուսատու կլինի…». Սամվել Կարապետյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծն «Այո»–ի ու «Ոչ»-ի վառ արտահայտված ճակատներ ունի: Այս պահի դրությամբ սահմանադրական փոփոխություններին կողմ են ՀՀԿ-ն, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «ՍԴՀԿ»-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Հայոց Համազգային շարժումը», «Ազգային ժողովրդավարների միությունը», Լյուդմիլա Սարգսյանի վերակազմյալ «Հնչակյան կուսակցությունը», Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը», Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցությունը» և մի շարք այլ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ: Հայտնի է, որ նրանցից ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կունենան «Այո»-ի առանձին շտաբներ:

«Ոչ»-ի շտաբներում ընդգրկված են ՀԺԿ-ն, «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգություն» կուսակցությունը, ինչպես նաև՝ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:

Մինչ քաղաքական տարբեր ուժեր դիրքավորվում են կողմ կամ դեմ ճակատներում, 168.am-ը ներկայացնում է մեզանում հայտնի արվեստագետների և մտավորական գործիչների խոհերն այն մասին, թե ինչքանո՞վ էին նպատակահարմար սահմանադրական բարեփոխումների և հանրաքվեի անցկացումը հիմա, կամ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ մենք արդեն նոր սահմանադրական կարգից:

Թեմայի շուրջ այս անգամ ներկայացնում ենք հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի դիտարկումները, ով առաջիկա քաղաքական-հասարակական իրադարձության մասին հակիրճ ասաց. «Քանի ազգն աղոթավոր է, նրա Սահմանադրությունն էլ խավարի ծնունդ և ոչ հուսատու կլինի…»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով, ինչը հաջորդել է 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմանը: 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որի 12-րդ կետով նախատեսված էր Սահմանադրության, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակումը:

Սահմանադրությունն ընդունվում և փոփոխվում է հանրաքվեով, որն առաջարկում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ։ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:

Ըստ նոր հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունը նախագահականից անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Հայեցակարգի համաձայն՝ Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:

Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև:

Տեսանյութեր

Լրահոս