 
                        Ի՞նչ են խորհրդանշում պսակադրության խորհրդի ընթացքում մոմերը, գինին, մատանիները
 
                                    – Ի՞նչ են խորհրդանշում պսակադրության խորհրդի ընթացքում մոմերը, գինին, որ խմում է ամուսնացող զույգը, մատանիները և այլն:
– Պսակադրության ժամանակ վառվող երկու սպիտակ մեծ մոմերը խորհրդանշում են պսակվող փեսայի և հարսի ջինջ, պարկեշտ և կրակոտ սերը միմյանց նկատմամբ: Աստծու օրհնությունը ամուսինները վայելում են իրենց ողջ կյանքի ընթացքում՝ վառ պահելով իրենց սերն ու նվիրումը միմյանց նկատմամբ ինչպես մոմերը, որ վառված են մնում ամբողջ արարողության ժամանակ: Գինին խորհրդանշում է այս աշխարհի բոլոր նեղությունները, փորձություններն ու ուրախությունները, որոնք ամուսինները, Աստծուն ապավինելով, պետք է կիսեն միմյանց հետ՝ օգնելով և մխիթարելով միմյանց, ուստի նրանք օրհնված գինին խնում են մեկ բաժակից՝ կիսելով միմյանց միջև:
Փոխանակվող մատանիները միմյանց պատկանելու նշաններն են՝ փեսան՝ հարսին, հարսը՝ փեսային: Փեսայի և հարսի գլուխներին դրվող թագերը՝ ոլորված նարոտով, խորհրդանշում են նրանց կուսությունը՝ որը նրանք ողջախոհությամբ պահպանել են միմյանց համար: Խաչքավոր եղբոր ձեռքը տրվող խաչը խորհրդանշում է այն վկայությունը, որը նա տալիս է Աստծու և քահանյաի առջև իր և բոլոր հարազատների անունից, որ պսակվողները պատրաստ են ամուսնանալու և Հայ Առաքելական Եկեղեցու կանոններին համապատասխան դա արգելող ոչ մի պատճառ չկա:
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        