«Մենք ենք որոշողը». Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ հայկական կողմը կստորագրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ

«ՀՀ բոլոր գերատեսչություններն առանձին առաջարկներ ունեն եվրոպական կողմի համար»,- այս մասին Երևանում մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի բացման խոսքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից և ապագա համաձայնագրից: Նախ նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական միության խորհուրդը ԵՄ-ին մանդատ տրամադրեց՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ վարելու համար:

Նրա խոսքով` բանակցությունների մեկնարկը նախատեսվում է մինչև տարեվերջ, ապագա համաձայնագիրը նախատեսվում է, որ կփոխարինի ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին ներկայումս գործող համաձայնագրին՝ նպատակ ունենալով դառնալու ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության երաշխիքը:

«2014թ. ընթացքում եվրոպական կողմի հետ բանակցություններ են տարվել այդ համաձայնագրում ներառվելիք ոլորտների շրջանակների ուրվագծման ուղղությամբ»,- ընդգծեց նախարարը: Նա տեղեկացրեց, որ հայ գործարարները շարունակում են հաջողությամբ օգտվել ԵՄ տրամադրած արտոնություններից, այդ թվում GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, որը սկսած 2009թ. հանդիսանում է Հայաստանի արտահանման կարևոր բաղադրիչը, հայկական կողմն ակտիվ մասնակցում է ԵՄ կողմից 2014թ. իրականացվող ամենամյա մոնիտորինգին, շարունակվում են աշխատանքները ԵՄ-ի կողմից Հայաստանին շուկայական տնտեսական կարգավիճակի շնորհման հարցի շուրջ, որի համար հայկական կողմը պատրաստել է համապարփակ զեկույց, ինչն արդեն իսկ ներկայացվել է եվրոպական կողմին:

«Դեկտեմբերին նախատեսվում է ՀՀ կողմից պատվիրակության մեկնում Բրյուսել, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև ԵՄ ձեռնարկությունների և փոքր, միջին ձեռնարկությունների մրցունակության «Կոսմե» ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ»,- ասաց Ճշմարիտյանը` հույս հայտնելով, որ հաջողությամբ կավարտվեն բանակցությունները «Հորիզոն 20 20»-ի և «Կոսմե»-ի ծրագրերի շուրջ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ԵՄ-ն նախատեսում է այլ ծրագրի շրջանակում տրամադրել 15 միլիոն եվրոյի չափով գումար: «ՀՀ-ն ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին»,- ասաց նա:

Նախքան բացումը լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ, որոնք մտադիր են նիստի ընթացքում ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում: Մեր նախարարության կողմից ցանկանում ենք ընդգծել ինովացիոն և փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտում աջակցության ծրագրերի կարևորությունը»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: Հարցին, թե հնարավո՞ր է` այս անգամ ևս Ռուսաստանը միջամտի ու Հայաստանը չկարողանա ստորագրել նախատեսվող համաձայնագիրը, պատասխանեց. «Ոչ, մենք ենք որոշողը»:

 

Տեսանյութեր

Լրահոս