180 հազար և ավելի քաղաքացիներին վերադարձրեք հին անձնագրերը

Երկու խնդիր է առաջանում, եթե ընտրողն ունի և՛ նույնականացման քարտ, և՛ հին նմուշի անձնագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով՝ հին նմուշի անձնագրի դեպքում Ընտրական օրենսգիրքը՝ որպես վերահսկող մեխանիզմ, սահմանել է դրոշմակնքելու ընթացակարգը: «Անձը ներկայանում է ընտրատեղամաս: Առաջին տարբերակով կարող է քվեարկություն կատարել նույնականացման քարտով, որի վրա որևէ նշան չի դրվում տվյալ քվեարկությանը մասնակցելու մասին: Մեկ այլ փաստաթուղթ էլի ունի, որով կարող է քվեարկել՝ դա անձնագիրն է, մյուս քվեարկությունը կարող է անել անձնագրով: Սա՝ մի տարբերակ: Նույնականացման քարտերի (ունի մոտ 180 հազար քաղաքացի) վրա որևէ նշում չկատարելը հնարավորություն կտա, որ ես՝ որպես ընտրող, քվեարկություն կատարեմ ենթադրենք 1/1 տեղամասում, օրվա երկրորդ կեսին՝ 13/3 տեղամասում, 20/19 տեղամասում: Եվ այս ամենը հնարավոր է միայն այն պատճառով, որ տարիներ շարունակ, երբ մենք պնդում էինք, որ, եթե ցանկանում եք իսկապես մեկընդմիշտ դադարեցնել, ցրել կասկածները, կոպիտ եմ արտահայտվում՝ այլևս խոսելու տեղ չտալ պնդողներին, որ արդյունքներն արժանահավատ չեն, այդ ամենը հերքելու մեկ ապացույց կա՝ հրապարակեք ընտրողների ստորագրած ցուցակները, որպեսզի ես հասկանամ, որ իմ հարևանը, ով ունի նույնականացման քարտ, իմ բարեկամը, որ արտասահմանում է գտնվում, և նրա անունը կա ցուցակում, չի քվեարկի նրա փոխարեն: Խնդիրը սա է»,- ասաց նա:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ երբ ինքը հայտարարել է, որ նույնականացման քարտերով քվեարկությունը կրկնաքվեարկության հնարավորություն է տալիս, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով, որ նման բան չի կարող տեղի ունենալ, քանի որ ընտրողը գրանցվում է ընտրողների ռեգիստրում՝ ըստ իր հաշվառման բնակավայրի, մեկ անգամ. «Ես դա շատ լավ գիտեմ, շատ լավ գիտակցում եմ, Ընտրական օրենսգիրքն առաջին անգամ չէ, որ տեսել եմ և կարդացել եմ, բայց նաև տեսել եմ և գիտեմ դեպքեր, երբ բացակա անձանց փոխարեն օգտագործվում են վստահելի անձինք, և նրանք ուղղակի քվեարկում են»:

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ 2005թ. ՀՀ ընտրողների ցուցակները ձևավորվում և կազմվում են ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կողմից, որը պատասխանատու է նաև անճշտությունների համար: Իսկ ընտրական խախտումների համար, ըստ նրա, ՀՀ քրեական օրենսգրքում երկու հոդված կա: Հովհանես Սահակյանի խոսքով՝ որպեսզի անձը կարողանա երկու անգամ քվեարկություն կատարել, առնվազն հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական ուժերից ձևավորված բոլոր անդամները, իմանալով հանդերձ, պետք է փորձեն լռել, դիտորդական առաքելություն իրականացնղ կազմակերպություները պետք է աչք փակեն. «Ընտրական օրենսգիրքն ունի մի շարք մեխանիզմներ՝ նախ՝ ցուցակները 40 օր արդեն իսկ հրապարակված են՝ ներբեռնելու հնարավորությամբ, և Դուք՝ որպես հետևողական կազմակերպություն, այս փուլում, այս ընթացքում կարող եք ամբողջ ցուցակները ներբեռնել, ձեր բոլոր միջոցները՝ թե ֆինանսական, թե մարդկային, ներդնել այդտեղ, որպեսզի կարողանաք վեր հանել այդ անճշտությունները և ներկայացնել պատկան մարմիններին»:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ շատ պարզ մեխանիզմ կա՝ 180 հազար և ավելի քաղաքացիներին պարզապես վերադարձնել նրանց հին անձնագրերը. «Այստեղ ոչ օրենսդրական փոփոխության պետքը կլիներ, ոչ պետք լիներ լրացուցիչ ծախսեր, պետության բյուջեի վրա ֆինանսական բեռ չէր լինի»: Հովհաննես Սահակյանն էլ հարց հնչեցրեց, թե դրանով քանի՞ հոգու խնդիր է լուծվում: Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ կարելի էր քննարկել նաև տարբերակը, երբ համակարգչային տարբերակով «բլոկ» է արվում ընտրողին, որպեսզի նույնականացման քարտով այլ ընտրություն չկատարվի:

Տեսանյութեր

Լրահոս