«Նախարարը պետք է պատասխանատվություն կրի իր արածների համար». ՀՀԿ-ական պատգամավոր

«Կարևոր փաստաթուղթ է, ու դրա նշանակությունը թերագնահատելը ճիշտ չէ, պարզ է՝ ընդդիմություն, թե իշխանություն, թե սովորական քաղաքացի, մտահոգ կլինի, սա այն փաստաթուղթն է, որի շուրջ մեծ շահարկումներ պետք է չլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա կարծում է, որ այսօր կան շատ թերություններ, որոնց մի մասը կապված է այսօրվա օրենսդիր, իրավական դաշտի հետ, ու ըստ նրա՝ պետք են արմատական փոփոխություններ. «Շատ բաներ գալիս են կոմունիստական ռեժիմից՝ կառավարման համակարգը, մարդկանց հոգեբանությունը: Առանց սահմանադրության փոփոխության՝ հնարավոր չէ արմատական փոփոխություն»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ պառլամենտական համակարգն ավելի լավ չէ, քան նախագահականը կամ կիսանախագահականը, ուղղակի, ըստ նրա՝ կառավարման համակարգը պետք է կապենք այսօրվա խնդիրներին. «Տնտեսության մեջ բացահայտ խնդիրներ կան՝ կոռուպցիա, ամեն ինչ կապում ենք իշխաության հետ, նախագահի հետ, Հանրապետական կուսակցության հետ, ու բոլորիս թվում է, թե այսօր նախագահը կարող է փայտիկով այդ ամեն ինչը փոխել: Շատ կարևոր է իրավունքների և պատասխանատվության համաչափ լինելը, պառլամենտական համակարգն այդ համաչափոթյունը պահպանում է»:

Ըստ Լ. Ալեքսանյանի՝ պառլամենտական համակարգը նաև թույլ է տալիս ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել:

Կարդացեք նաև

«Տնտեսության մեջ նախարարը պատասխան չի տալիս իր արածներ համար, ասում ենք՝ ամեն ինչ վարչապետից է գալիս, բայց նախարարը պետք է պատասխանատվություն կրի իր արածների համար: Պառլամենտական համակարգը թույլ է տալիս մաքրել այս ամենը, բայց դա չի նշանակում, որ պառլամենտականն ամբողջությամբ լուծելու է այդ խնդիրները, դա ուղղակի հնարավորություն է տալու լուծել դրանք»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Խոսելով այս նոր Սահմանադրության բացասական կողմերի մասին՝ նա ընդգծեց, որ միայն մեկ բացասական կողմ ունի, այն, որ պատերազմող երկիր ենք, պատերազմական վիճակում մի անձի կառավարումն ավելի ճիշտ է շատ դեպքերում:

Տեսանյութեր

Լրահոս