Բաժիններ՝

Իտալական Rai 3 հեռուստաալիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդում է պատրաստել

Իտալական Rai 3 հեռուստաալիքը բավական ուշագրավ ճանապարհորդական հաղորդում է պատրաստել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին՝ անդրադառնալով գրեթե բոլոր տեսարժան վայրերին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, անգամ՝ Հայաստանի եղանակին։

Հաղորդման սկզբում հաղորդավարներից մեկը նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է, մոտավորապես Իտալիայի Պյեմոնտե շրջանի չափ, և հնագույն պատմություն ունի։

Նա հավելում է, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, այնուհետև խոսում Հայաստանի եղանակից՝ նշելով, որ հավանաբար երկիր այցելելու համար ամենագեղեցիկ եղանակն աշունն է։

Մյուս հաղորդավարը պատմում է, որ Հայաստանում թերևս ճամփորդելու համար ամենահարմարն ավտոմեքենայով ուղևորությունն է, քանի որ Հայաստանում չկա ժամանակակից զարգացած ճանապարհային ցանց, ինչպես նաև գնացքների համակարգ, որը կարողանար այլընտրանք լինել ավտոմեքենային։

«Փառավոր անցյալի մնացորդներն ու ներկայի առաջադիմության նշանները, Ցեղասպանության վերքերը և կուսական բնությունը. այս ամենը պատմում է հին և հպարտ ժողովրդի պատմությունը, 3,5 մլն բնակչություն, որ ապրում է Հարավարևմտյան Ասիայի սրտում գտնվող լեռներում»,-այսպես է սկսվում ռեպորտաժը։

Ինչպես պատմում է հեղինակը՝ մայրաքաղաք Երևանն անմիջապես գրավում է ճանապարհորդողներին տուֆից կառուցված շենքերի գույների բազմազանությամբ, փողոցները կոկիկ են ու պայծառ: Հեղինակը նշում է, որ կենտրոնում գտնվող այս երկրի հայտնի զավակներից մեկին՝ Շառլ Ազնավուրին նվիրված հրապարակում կարելի է անցնելիս շախմատ խաղալ՝ սպորտ, որում հայերն իսկական վարպետ են։

Ասիայի այս սրտում կյանքն աշխույժ է բոլոր ժամերին։ Երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքվում են երևանցիները՝ վայելելու կախարդական շատրվաններից բարձրացող լույսերն ու գույները։

Հեղինակը ճանապարհորդությունն սկսում է Զվարթնոցի ավերակներով և նշում, որ այն ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում է և այստեղից կարելի է հիանալ Արարատի տեսարանով։ Հեղինակն այնուհետև ճանապարհը շարունակում է դեպի ՅՈւՆԵՍԿՕ-ի մեկ այլ վայր՝ Գեղարդավանք, որից հետո էլ Գառնի: Անցնելով լեռների գեղատեսիլ տեսարաններով և կիրճի միջով՝ կարելի է հասնել Հայաստանի ճարտարապետական ամենագեղեցիկ կառույցներից մեկին՝ Նորավանք, ասում է հեղինակը:

Ճանապարհորդությունը շարունակվում է դեպի Ջերմուկ: Հեղինակը պատմում է անվան նշանակության մասին և նշում, որ 8-րդ դարից ակտիվ այս վայրն առողջարանային կենտրոն է, որտեղ կարելի է բուժվել տարբեր հիվանդություններից:

Այնուհետև ճանապարհորդությունը շարունակվում է դեպի հարավ-արևելք և հասնում է աշխարհի ամենաերկար ճոպանուղուն, որը կառուցվել է ամենադժվարհասանելի և գեղատեսիլ վանքերից մեկին՝ Տաթև հասնելու համար։ Հեղինակը պատմում է, թե ինչպիսի կարևոր կրոնական և մշակութային կենտրոն է եղել Տաթևը և պատմում է վանքի մասին:

Ճանապարհորդությունը հասնում է անգամ Լեռնային Ղարաբաղ։ Հեղինակի խոսքով՝ այս երկիրը հետաքրքիր փորձ է տրամադրում, և ոչ միայն բնության տեսանկյունից: «Այս վիճելի հողերն արյունալի պատերազմների թատերաբեմ են դարձել դեռ 19-րդ դարի սկզբից, վերջինը եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո, մի կողմից՝ մահմեդական Ադրբեջանը և մյուս կողմից քրիստոնյա Հայաստանը, որն այս տարածքում մեծ բնակչություն է ունեցել։ Դժվար է այսօր կիսել անցյալի ճիշտն ու սխալը, հույսն այն է, որ փոքր Շուշի քաղաքում և մյուս քաղաքներում միշտ խաղաղություն կլինի»,-նշում է հեղինակը։

Հեղինակն այնուհետ պատմում է Շուշիի մասին, անդրադառնում քաղաքի կլիմային և նշում, որ դեռ կարելի է տեսնել պատերազմի հետևանքները, ավերված շինություններ, ավերակներ դարձած թաղամասերը, որոնց կողքին, սակայն, վերականգնվող քաղաքի նշաններ են, ինչպես, օրինակ, ժամանակակից արվեստի թանգարանը, որի սրահներում հավաքված են ժամանակակից արվեստագետների նկարներն ու քանդակները:

Շուշիից հետո նկարահանող խումբն այցելել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ:

Լեռնային Ղարաբաղից կրկին Երևան վերադառնալով՝ հեղինակն առաջարկում է այցելել Մատենադարան և ծանոթանալ աշխարհի ամենահարուստ հավաքածուներից մեկին, այնուհետև հանգստյան օրերին գործող «Վերնիսաժ» այցելել, ինչպես նաև՝ Կոնյակի գործարան:

Հաղորդումն անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը։ Նկարահանող խումբն այցելել է Ցեղասպանության թանգարան- ինստիտուտ: Հեղինակը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն էր մարդկության դեմ:

Հաղորդման վերջում հեղինակը նշում է, որ արժե այցելել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը երիտասարդների համար հիանալի վայր է սովորելու, ստեղծելու և կառուցելու համար՝ գրաֆիկայից մինչև անիմացիա, երաժշտությունից մինչև ռոբոտներ:

Նյութի պատրաստմանն աջակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության տնօրինությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս