27-ի գործով դատապարտյալին լռեցրե՞լ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «16 տարի է անցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների, կառավարության անդամների, լրագրողների աչքի առաջ մի խումբ ավտոմատավորներ ներխուժեցին ԱԺ նիստերի դահլիճ եւ ի կատար ածեցին ծրագրված սարսափելի ոճրագործությունը, որից մինչ այսօր չենք սթափվել։ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյան, վարչապետ Վազգեն Սարգսյան, ԱԺ փոխխոսնակներ Ռուբեն Միրումյան եւ Յուրի Բախշյան, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյան, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյան, Արմենակ Արմենակյան, Միքայել Քոթանյան. զոհերի մարմինները դեռ հողին չհանձնած, ինչ-որ ներքին եւ մռայլ կանխազգացողությամբ գուշակում էինք, որ այս ոճրագործությունը դեռ երկար ժամանակ չի բացահայտվելու։ Եվ, իրոք, ամեն տարին նոր հարցական էր ավելացնում հոկտեմբերի 27-ի պատմության մեջ։

Կալանավայրում մահացավ գործով կասկածյալ Նորայր Եղիազարյանը՝ էլեկտրիկը, որին «տոկը խփեց»։ 2004-ին կալանավայրում կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, իսկ 2010-ին իր անկողնում մահացավ Համլետ Ստեփանյանը՝ միակը, որին ցմահ չէին դատապարտել։ Պաշտոնական վարկածն այս դեպքում սրտի կաթվածն էր։ Այս պաշտոնական վարկածներին ոչ ոք չէր հավատում, որովհետեւ կարծես կախարդական փայտիկի կամ անեծքի ուժով մեռնում էին բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչվել էին հոկտեմբերի 27-ին։ Վկա Տիգրան Նաղդալյանն սպանվեց իր տան մոտ։ Շմայսի եղբայրը՝ Մուշեղ Մովսիսյանը, որին կալանավորել էին եւ հարցաքննել, մահացավ հիվանդանոցում, վիրահատվելուց հետո։ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը, որը նույնպես վկա էր, կախվեց աշխատավայրում։ Վկա, նախկին բուժաշխատող Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում, որտեղ անցյալ տարի քաղցկեղից մահացավ նաեւ հեռուստալրագրող, Հանրային հեռուստաընկերության թղթակից Տիգրան Նազարյանը։

Հարցականներից վերջինն Էդուարդ Գրիգորյանի անսպասելի հայտնությունն էր համացանցի տարածքում եւ նույնքան անսպասելի անհետացումը։ Անցյալ տարվա նոյեմբերին մասնագիտությամբ մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանի բերդի նկարով մի էջ հայտնվեց Ֆեյսբուքում, որտեղ ցմահ դատապարտյալը մի քանի գրառում կատարեց՝ խոստանալով, որ «շուտով, շատ շուտով» պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»:

«Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» եւ «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին եւ ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- գրել էր իր էջում դատապարտյալը։ Նաեւ նշել էր, որ առանձին անդրադառնալու է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին:

Ըստ պաշտոնական վարկածի, վերջինիս սպանել է Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ինչն անհավանական է, որովհետեւ Արմենակ Արմենակյանի մարմինն ընկած է եղել միջանցքում, ոչ թե նիստերի դահլիճում, ինչպես մյուսներինը: Կարելի է ենթադրել, որ Արմենակյանը կրակոցների պահին դուրս է եկել միջանցք, բայց արդյոք կարո՞ղ էր նրա նման քաջ ազատամարտիկը, հրամանատարը, հայտնի հերոսը փախչել միջանցք, երբ սպանել էին իր սպարապետին։ Հետեւապես, Արմենակյանին սպանել էր այն անձը, որը «փակում» էր ավտոմատավորների թիկունքը, եւ որի անունը չեն տալիս։ Այս մասին գրվել է մամուլում, բայց Էդուարդ Գրիգորյանը խոստանում էր ներկայացնել ճշմարտությունը։

Սակայն շատ արագ նրա լուսանկարով ֆեյսբուքյան էջից անհետացան հոկտեմբերի 27-ի մասին նրա գրառումները։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մեր այս տեղեկությունը հստակ է, սակայն նշել աղբյուրը՝ հասկանալի պատճառով, չենք կարող»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս