Սև դառը շոկոլադ ուտելը նպաստում է հիշողության ամրացմանը

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Բոլոր ուսանողները գիտեն, որ քննությունից առաջ սև/դառը շոկոլադ ուտելը նպաստում է հիշողության ամրացմանը: Երբ ես ուսանող էի, նման բանի չէի հավատում, բայց վերջերս կարդացի, որ դա ոչ միայն իրականություն է, այլ նաև ուսումնասիրվում է այդ երևույթի կենսաբանական մեխանիզմները: Մկների վրա…

Հիշողության համար պատասխանատու է ուղեղի հատուկ մի բաժին, որ կոչվում է հիպոկամպ: Թե ինչպես է հիշողությունն առաջանում, պահպանվում կամ վերանում շատ քիչ բան է հայտնի: Սակայն հայտնի է, որ հիպոկամպում նոր նեյրոնների առաջացումը (նեյրոգենեզ) նպաստում է հիշողության ուժեղացմանը:

Նոր նեյրոնները բերում են նյարդային նոր կապերի առաջացմանը, իսկ որքան շատ կապ, այդքան ավելի լավ հիշողություն: Մկները, որոնց մոտ նեյրոգենեզը ճնշվել էր հատուկ միացություններով, ավելի թույլ հիշողություն ունեին:

Ավելին, նման մկների մոտ նկատվում էր դեպրեսիա: Հետաքրքիր է, որ այն մկները, որոնց կերակրում է կալորիականությամբ ցածր կերով, ավելի հեշտությամբ էին հաղթահարում հիշողության հետ կապված փորձությունները: Դրանց մոտ հիշողությունն ավելի լավ էր:

Հետագայում պարզվեց, որ բույսերի մեջ կան հատուկ նյութեր՝ ֆլավոնոիդներ, որոնցով մկների կերի հարստացումը հանգեցնում է հիպոկամպում նոր նեյրոնների առաջացմանը և հիշողության ուժեղացմանը: Կակաոն հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք մկների և առնետների հիշողության պահպանման վրա դրական ազդեցություն են թողել»:

Տեսանյութեր

Լրահոս