Ի՞նչ իրավունքով եկեղեցում մոմեր և այլ տարբեր բաներ են վաճառում
– Ի՞նչ իրավունքով եկեղեցում մոմեր և այլ տարբեր բաներ են վաճառում: Ինչպե՞ս կարող է եկեղեցին այդքան բացահայտորեն խախտել Հիսուս Քրիստոսի պատվիրանը և Աստծո տաճարը վաճառատան վերածնել:
– Այս մեղադրանքը անընդհատ կրկնում են Եկեղեցու հակառակորդները՝ և՛ աղանդավորները, և՛ սուտ քրիստոնյաները, և՛ Եկեղեցուց դժգոհ մարդիկ, և կառչում են այս տողի Ավետարանի կոնտեքստից դուրս իրենց հասկացողությունից, մատնացույց են անում մոմավաճառի սեղանին և բղավում են, թե՝ տեսե՛ք, Եկեղեցին ինքն է խախտում Քրիստոսի պատվիրանը. ահա՛, եկեղեցում առևտո՛ւր են անում. դրանց պետք է խարզանո՛վ վռնդել եկեղեցուց:
Նախ՝ «Իմ Հոր Տունը վաճառատան մի՛ վերածեք» (Հովհ. 2: 13-16) ասելով` Տերն ի նկատի ուներ, որ այդ առևտրի պատճառով Տաճարը վեր էր ածվել շուկայի. ապրանքի գնի և որակի շուրջ սակարկումների պատճառով խաթարվել էր Տաճարի աղոթական մթնոլորտը: Բացի դրանից` տաճարում դրամ էին փոխանակում, անասուն էին վաճառում զատկական ընթրիքի համար, ինչը կարելի էր անել հենց շուկայում: Դա սադուկեցիների շահավաճառությունն (բիզնես) էր, որոնց ուսմունքը, հրեական օրենքի տեսանկյունից, աղանդ էր:
Երկրորդ՝ պարանից խարազանը Քրիստոս պատրաստեց այն բանի համար, որ Տաճարից դուրս քշի վաճառվող անասուններին, ոչ թե՝ մարդկանց: Քրիստոս մարդկանց վրա ձեռք չբարձրացրեց:
Երրրորդ՝ Եկեղեցու անկյունում մոմավաճառի սեղանը շուկայի վաճառասեղանների պես չէ՝ աղմուկով և սակարկություններով, այն անասունների փարախ չէ, որոնք բառաչում և կեղտոտում են, և առավել ևս՝ տարադրամի փոխանակման կետ չէ: Այն Եկեղեցու համար նվիրատվություն կատարելու վայր է, ինչպես Երուսաղեմի տաճարի գանձանակը, որի առջև անվրդով կանգնել էր Քրիստոս և գովում էր այրի կնոջը գանձանակի մեջ գցած երկու լումայի համար (տես՝ Մարկ. 12: 40-43):
Վաղուց ի վեր` նախնական Եկեղեցուց սկսած, եկեղեցում աղոթելն ուղեկցվում էր մոմավառությամբ: Հենց այս ավանդության համաձայն` Եկեղեցին մոմ է վաճառում` ժողովրդի այդ կարիքը բավարարելու համար: Միևնույն ժամանակ այն եկամուտը, որն ստացվում է մոմավաճառությունից, ծախսվում է բարեգործական նպատակներով:
Վերջապես` Եկեղեցում աղոթելու համար մոմ վառելը չի պարտադրվում: Կարելի է և մոմ չվառել: Այս դեպքում էլ աղոթքն ընդունելի կլինի:
Ոչ թե մոմերից պետք է գանգատվել, այլ՝ ուրիշ բանից… Արդյոք մենք մեր հոգում առևտուր չե՞նք անում, թե՝ Տեր, ահա ես բարի գործ արեցի, Դու էլ իմ գործերին հաջողություն տուր, կամ՝ որևէ այլ բան ենք խնդրում: Ոչ թե վառած մոմի համար և ոչ էլ բարի գործերի համար է Աստված մեզ պահում, այլ՝ Իր անսահման ողորմածության համար: Իսկ մենք, եթե մի բարի բան անենք, պետք է խոնարհությամբ ասենք. «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, ա՛յն արեցինք» (Ղուկ. 17: 10):
Հարգանքով՝ կրոնի ուսուցիչ Մարինա Մինասյան
qahana.am