Բաժիններ՝

Արդյոք հին ժամանակներում նույնպե՞ս խոսում էին աշխարհի վերջի մասին

Qahana.am-ը զրուցել է պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ:

– Շատերը Անիի կործանումը կապում են այն ժամանակվա կաթողիկոս՝
Պետրոս Գետադարձի հետ: Պետրոս Գետադարձը դավաճա՞ն էր, թե՞
հասարակական լուրջ գործիչ: Ինչպե՞ս կարող էր հրաշք գործած
կաթողիկոսը դավաճան լինել:

– Ժամանակի քաղաքական գործիչները, թագավորները՝ Հովհաննես Սմբատը և
Աշոտ 4-րդը, հայոց կաթողիկոսը պետք է հասկանային, արդյո՞ք կարող է
Հայաստանն այդքան մարտահրավերներ հաղթահարել՝ արևմուտքից՝
բյուզանդական նվաճումների, իսկ հարավ-արևելքից՝ սելջուկյան: Սարսափելի էր
սելջուկյան արհավիրքը:
Պարտություն էին կրել Վասպուրականի զորքերը: Դա կարող է կրկնվել: Այս հարցը
չափազանց կարևոր է հետյալ տեսակետից. Պետրոս Գետադարձը՝ հայոց
կաթողիկոսն էր, հայոց թագավորը Հովհաննես Սմբատն էր, ով կաթողիկոսից վեր
էր կանգնած: Պետրոս Գետադարձ կաթողիկոսն առանց թագավորի ինչպե՞ս
կարող էր միայնակ նման որոշում կայացնել: Նրանք չէին կարող առանձին
քաղաքական գծեր ունենալ: Սա 2 հոգու մի հարցի շուրջ միաբանության արդյունք
է:

Հովհաննես Սմբատը և Պետրոս Գետադարձը մտածում էին, որ սելջուկների դեմ ի
վիճակի չեն կռվելու: Այսինքն, նրանք իզուր թերագնահատում էին երկրի և
բանակի կարողությունները: Դա պարտվողական քաղաքականություն էր:
Բոլոր քայլերը, որոնք ուղղված են սեփական պետականության դեմ,
դավաճանություն է: Բայց կարո՞ղ է կաթողիկոսը դավաճան լինել:
Իմ միանշանակ կարծիքն է, որ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես
Սմբատ թագավորի քայլերը, Տրապիզոնի պայմանագիր կնքելը, դավաճանություն
էր: Թեկուզ և շատ լավ մտադրություններից ելնելով, որոնք չիրականացվեցին:
Այն ժամանակ շատ ակտիվ տարածում էին աշխարհի կործանման տարբերակներ:

– Հին ժամանակներում նույնպե՞ս խոսում էին աշխարհի վերջի մասին:

– Այն ժամանակ շատ ակտուալ էին աշխարհի վերջի մասին խոսակցությունները, որոնք կապում էին նոր հազարամյակ մուտքի հետ, Քրիստոսի ծննդյան հետ, իբր հազար տարին լրանալուն պես աշխարհը պետք է կործանվեր: Սակայն աշխարհը չկործանվեց, և դա սկսեցին կապել Քրիստոսի մկրտության հետ, որի հազարամյակը կլրանար 1033 թ, ուստի մտածում էին որ ապոկալիպսիսը կլինի այդ թվականին: Բոլոր դեպքերում քրիստոնյա հասարակությունը աշխարհի մոտալուտ կործանման մասին չափազանց շատ խոսակցություններ էր լսում: Պիտի գար հակաքրիստոսը՝ նեռը, պիտի լինեին նշաններ՝ երկրաշարժեր, սով, տարաժամ հիվանդություններ, մահեր, եղանակները պիտի վատանային: Դեռ Խորենացին էր ասում, թե ինչպիսի ժամանակներում էին իրենք ապրում, երբ ամառը ձմեռ էր, իսկ ձմեռը սարսափելի դաժան էր: Ոչինչ չի փոխվել նաև մեր օրերում: Տեսնում ենք, թե նման գաղափարներն ինչպես են հասարակություններին դարձնում անզոր՝ պայքարելու համար:

– Վերջերս փորձում են արդարացնել Վասակ Սյունեցու արածը և
նսեմացնել Վարդանանց հերոսների սխրանքը: Փորձում են արժեզրկել
ազգային գաղափարները: Արդյո՞ք պատմական հիմքեր կան:

– Ինչ-որ գիրք գրվեց, որում փորձում էին նսեմացնել Վարդանանց հերոսների
փառքը և արդարացնել Վասակ Սյունեցուն: Նման հրապարակումներին լուրջ
վերաբերվել չի կարելի :

Մեր աղբյուրներն երկուսն են՝ Եղիշեն և Ղազար Փարպեցին: Նրանք
ժամանակակից են, բայց համամիտ չեն: Եղիշեի և Ղազարի Վարդանները տարբեր
մարդիկ են: Գործողություններն, իրողությունները հաճախ իրար հակասում են:
Վասակի և Վարդանի համադրությունը խիստ արհեստականացված է: Իմ
կարծիքով, Փարպեցին շատ ավելի ճշմարիտ է գրում: Եվ դա բնական է: Եղիշեն
Վարդան Մամիկոնյանի քարտուղարն էր և ստեղծել է մի կերպար, որն
իրականությունից վեր է կանգնած, իդելականացված է:

Վասակն է եղել դավաճան, ապստամբության կազմակերպիչներից մեկը: Երբեք
պետք չի մոռանալ հետևյալը, երբ ապստամբությունը սկսված էր, ժողովուրդը
ոտքի էր կանգնել, Վասակն անցավ պարսիկների կողմը: Դա դավաճանություն է:
Դա ոչնչով չի արդարացվում: Նա գիտեր, որ իր տղաներն այնտեղ են: Նա իր
տղաներին էր զոհում:

Վասակը հետ կանգնեց ապստամբությունից, անցավ պարսիկների կողմը՝
ապստամբությունը ճնշելու համար:

– Պատմությունը կրկվո՞ւմ է: Խորենացու «Ողբն» այսօր ակտուա՞լ է:
«Ողբի» ո՞ր հատվածներն են ակտուալ այսօր:

– Նախ և առաջ տեղի ունեցավ հայկական պետականության անկումը: Իսկ
Խորենացու նման մտածողի համար մեծագույն երջանկությունը սեփական
պետականություն ունենալն է: Դրանից վեր ոչինչ չկար: Կան վատ, շատ վատ
երևույթներ, բայց ամենավատ իշխանությունն ավելի լավ է, քան
անիշխանությունը: Սա նաև ակտուալ է այսօրվա համար: Այսօրվա
հասարակության մեջ իշխանության նկատմամբ կան շատ տեղին և անտեղին
քննադատություններ: Արդարացված են դրանք: Այլ բան է, որ միջոցներ չեն
ձեռնարկվում՝ բուժելու այդ երևույթները: Բայց, անշուշտ, այս իշխանությունները
շատ ավելի լավ են, քան եթե մենք հայտնվենք անիշխանության քաոտիկ
իրավիճակում:

Խոսելով վատ երևույթների մասին՝ Խորենացին ասում էր, որ չի կարելի մեղադրել
հասարակական ընդամենը մեկ շերտի: Բոլորն են մեղավոր ստեղծված իրավիճակի
համար: Մեղավոր են ուսուցիչները, որովհետև չեն սովորեցնում, աշակերտները,
որովհետև չեն սովորում, պետությունը, որ ցածր է վարձատրում: Որտեղ է
տեսնված, որ զինվորը փախչի հայրենիքին ծառայելուց: Զինվորը պետք է վերցնի
իր սուրը և պաշտպանի հայրենիքը:
Խորենացին ցույց տալով վատ երևույթները՝ առաջարկում էր դրանք բուժել, որ
հասարակությունը չկործանվի:

Այսօր էլ պիտի բուժվենք միաբանությամբ, սիրով, շրջապատող մարդկանց
գնահատելով և սիրելով: Խորենացին հենց դա էր ասում: Առհասարակ վերացավ
ամոթը, պատկառանքը և սերը հայ հասարակության մեջ: Ատելությունը ստեղծում
է անմիաբանություն, նախանձ, մեծամտություն: Միմյանց չսիրելու պատճառով
կործանվեց հայ հասարակությունը: Չափազանց կարևոր հանգամանք է՝ սիրել
Աստծուն, որովհետև Աստված սեր է: Մարդկության հեռանկարները կախված են
իրար սիրելու մեջ, այլ ոչ թե ատելության:

Զրուցեց Էլիզա Մանուկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս