Օրգանիզմում յոդի անբավարարության հետևանքով ի հայտ են գալիս առողջության լուրջ խանգարումներ

Յոդը մարդու համար կենսական կարևոր միկրոէլեմենտ է։ Այն անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար, իսկ վահանաձև գեղձը կարգավորում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը, մասնակցում նյութափոխանակման, բազմացման, աճի պրոցեսներին։

Մարդու օրգանիզմում յոդի անբավարարության (սղության) հետևանքով ի հայտ են գալիս առողջության լուրջ խանգարումներ, նվազում է վահանաձև գեղձի ֆունկցիան, առաջանում գեղձի գերաճ (խպիպ՝ զոբ), վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության անկում, ֆիզիկական աճի և մտավոր զարգացման հապաղում՝ ընդհուպ մինչև կրետինիզմի առաջացում։

Յոդի անբավարարությունը հանգեցնում է նաև հաշմանդամության (խուլ– համրություն, մտավոր թերզարգացում և այլն)։ Յոդի պակասը ազդում է կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա՝ առաջացնելով անպտղություն, հղիների մոտ ՝ հղիության ընդհատումներ, մեռելածնություն, պտղի մոտ՝ բնածին արատների զարգացում։

Յոդի օրական պահանջը մեծահասակի համար կազմում է 100–200մկգ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում մարդը պետք է օգտագործի ընդամենը 3-5 գ յոդ (մոտ 1 թեյի գդալ)։Սակայն, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ), երկիր մոլորակ վրա մոտ 2.2 միլիարդ մարդ բնակվում է յոդի անբավարարության տեսակետից էնդեմիկ տարածաշրջաններում, իսկ 740 մլն մարդու մոտ (մոլորակի բնակչության մոտ 13%-ը) առկա է խպիպ։

Յոդի անբավարարության էնդեմիկ տարածաշրջաններում նկատվում է ազգի մտավոր կարողության (պոտենցիալի) շուրջ 10-15 տոկոսի կորուստ։ Ազգի ինտելեկտի և առողջության պահպանման նպատակով շատ երկրներում իրականացնում են յոդի անբավարարության կանխարգելման ազգային ծրագրեր։

Նման կանխարգելիչ միջոցառումների իրականացումն ավելի արդյունավետ է, քան վերջինիս անբավարարության հետևանքով առաջացած հիվանդությունների բուժումը, առավել ևս եթե խոսքը վերաբերում է մտավոր հետամնացությանը։

Յոդի անբավարարության հետևանքների կանխարգելման միջազգային փորձը վկայում է, որ կանխարգելիչ միջոցառումներից առավել պարզ, մատչելի, էժան և արդյունավետ միջոց է հանդիսանում բնակչության սննդում բացառապես յոդացված կերակրի աղի օգտագործումը։
Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսակետից էնդեմիկ տարածաշրջանների թվին, այդ իսկ պատճառով՝ յոդի անբավարարության հետևանքով առաջացող խանգարումները Հայաստանում նույնպես հանրային առողջության հիմնախնդիր են հանդիսանում։
1996 թվականին Հայաստանում մեկնարկեց «Յոդի անբավարարության վերացման ազգային ծրագիրը»»։

2004 թվականի փետրվարին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց կերակրի աղի պարտադիր յոդացման մասին, միևնույն ժամանակ արգելելեվ է չյոդացված աղի ներմուծումը։ 2005 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և միջազգային փորձագետի մասնակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում իրականացվեց յոդի անբավարարության ընտրանքային ներկայացուցչական ազգային հետազոտություն։ Այս հետազոտության տվյալների հիման վըա պարզ դարձավ, որ աղի յոդացման միջոցով երկիրը հաղթահարել է բնակչության շրջանում յոդի անբավարարության խնդիրը։

Հանրապետությունում իրականացված աշխատանքների գնահատման արդյունքում Հայաստանը միջազգայնորեն ճանաչվեց որպես հիմնախնդիրը հաղթահարած երկիր, որը հավաստվում է 2006 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության մանկական հիմնադրամի և յոդի անբավարարության ոլորտի միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին շնորհած համապատասխան սերտիֆիկատով։

Հայաստանում յոդի անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունների կանխարգելման ոլորտում ձեռք բերված նվաճումների կայունությունն ապահովելու նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Տեսանյութեր

Լրահոս