Հերթական հարվածը մեր բիզնեսին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հանրությունը ամբողջությամբ տեղյակ չէ, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով Հայաստանը ինչ պարտավորություններ է ստանձնել:

Իշխանությունը ձգտում է հնարավորինս քիչ խոսել դրանց մասին, որովհետեւ դրանից հետո պետք է ստիպված լինի խոստովանել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շատ ավելի բացասական հետեւանքներ է ունենալու մեր տնտեսության համար, քան թվում էր մինչ այս: Եվ ահա վերջին օրերին բիզնեսի ու կառավարության ներկայացուցիչները քննարկում են մի նոր կարգ, որը պետք է գործարկվի Հայաստանում շուտով: Խոսքը երրորդ երկրներից Հայաստան ներկրվող այն ապրանքների մասին է, որոնք ենթակա են պարտադիր սերտիֆիկացման: Այդ ցանկը այնքան ընդարձակ է, որ ամբողջությամբ ներկայացնել հնարավոր չէ: Մի խոսքով, կարելի է ասել, որ մեր խանութներում վաճառվող ոչ ԵՏՄ-ական ապրանքների մեծ մասը պետք է անցնի սերտիֆիկացիայի ընթացակարգ:

Ինչ է դա նշանակում: Եթե դուք «փոքր» գործարար եք, հավաքում եք մի 10 հազար դոլար, գնում Թուրքիա, Դուբայ, Չինաստան եւ այլուր, շրջում եք առեւտրային կենտրոններով,  մի քանի օրինակ մի ապրանքից եք առնում, մի քանի օրինակ՝ մի ուրիշ ապրանքից ու բերում Հայաստան՝ վերավաճառելու: ԵՏՄ-ի կանոնակարգերով նման բան այլեւս անել չեք կարողանալու: Եթե նույնիսկ որոշել եք մի քանի հատ հեռախոսի լիցքավորման սարքեր գնել Չինաստանից, որ բերեք` տեսնեք ինչպես է դա վաճառվում, պետք է սերտիֆիկատ ունենաք: Դա էլ մի ընթացակարգ է, որտեղ կան ոչ միայն լեգալ` պաշտոնական վճարումներ, այլ նաեւ պարզ կաշառքներ: Ու կարող է այնպես ստացվել, որ տասը հատ մեկ դոլարանոց լիցքավորիչը ձեզ վրա նստի մի 200 դոլար:

Սերտիֆիկացման ենթակա ապրանքների թիվը 65-ից մինչեւ 16 նվազեցնելը իրոք շատ ուրախալի է: Բայց հիմա տեղի է ունենալու ճիշտ հակառակը` սերտիֆիկացման ենթակա ապրանքների թիվը մեղմ, շատ մեղմ ասած՝ մեծանալու է: Սերտիֆիկացման ենթական ապրանքների թիվը մեր շատ մոտավոր հաշվարկներով 16-ից աճելու` հասնելու է մինչեւ 400-ի:

…Ինչու պետք է սերտիֆիկացվի, օրինակ, Եվրոպայից կամ ԱՄՆ-ից ներկրված համակարգիչը, մոնիտորը, «մկնիկը»…: Մեր քնձռոտ լաբորատորիաները ավելի լավ են ստուգում այդ սարքերը, քան դրանք արտադրող երկրներում Հայաստանի մի երկու տարվա բյուջեի գին ունեցող լաբորատոր համակարգե՞րը: Իսկ թե ինչու են այս կանոնակարգերը մտցվում ԵՏՄ-ում, խոսակցության այլ թեմա է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս