Բաժիններ՝

«Մենք կարող էինք ունենալ արդեն զարգացող պետության բյուջե»

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Պարոն Մեսրոբյան, 2016 թ. բյուջեի նախագիծը կազմելիս, կարծես, հեղինակներն ավելի զգուշավոր են գտնվել՝ փորձելով ապահովագրվել ռիսկերից։ Կանխատեսվում է 2.2% ՀՆԱ-ի իրական աճ:

– ՀՀ բյուջեն երկար ժամանակ իր էությամբ «յոլա» բյուջե է: Այնտեղ ոչ մի ռազմավարություն չի դիտարկվում, որովհետև բյուջեի ռազմավարությունը կարելի է տեսնել, առաջին հերթին, նրա ծախսային մասով, երկրորդ հերթին՝ եկամտային մասով: Ծախսային մասը սկզբունքային փոփոխություններ չի կարող ունենալ, որովհետև չկա պետության զարգացման ծրագիր, իսկ եկամտային մասով նույնպես չի կարող լուրջ փոփոխություն լինել այն պարզ պատճառով, որ տնտեսությունը շարունակում է մնալ օլիգարխիկ, և՛ հարկային մուտքերը, և՛ մնացած ամեն ինչը գրեթե նույն տրամաբանությունն ունեն: Դրա համար պետք չէ ամեն անգամ ուշադիր նայել բյուջեն:

– Արդարացված համարո՞ւմ եք այն պնդումը, որ ՀՆԱ աճին զուգահեռ՝ հարկային մուտքերի նվազումը բնական է, քանի որ պայմանավորված է գյուղատնտեսության, ծառայությունների և այլ ոլորտների աճով, որոնք հարկային մեծ մուտքեր չեն կարող ապահովել:

– Մեզ մոտ հարկային մուտքերը բյուջե չեն կարող փոխել և, արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ես չեմ կարծում, որ բյուջեն այս պայմաններում կարող է լինել այն փաստաթուղթը, որն ինչ-որ քաղաքականություն իրենից ներկայացնի: Զգուշավորությունը պայմանական հասկացություն է: Իմ գնահատականով՝ մեզ մոտ ոչ մի տնտեսական աճ էլ չկա:

– Միաժամանակ նախատեսվում է դեֆիցիտը մեծացնել՝ հասցնելով ՀՆԱ-ի 3.5%-ի, և սա՝ արտաքին պարտքի ավելացման հաշվին: Ի՞նչ վտանգ եք տեսնում այստեղ:

– Քանի որ մեզ մոտ շարունակում է ավելանալ արտաքին պարտքը, ըստ այդմ՝ ավելանում են նաև արտաքին պարտքի սպասարկման ծախսերը: Եվ, բնական է, որ դա իր հետևանքներն ունի: Եթե մենք մի պահ հանենք արտաքին պարտքի սպասարկումը, որ 90-ականներին ձեռքներս տնկած փող էինք մուրում ամբողջ աշխարհում, ապա մեզ մոտ բյուջեն կլիներ պրոֆիցիտով, որը որակապես այլ իրավիճակ է: Իսկ եթե դրան գումարենք այն, որ մեզ մոտ սկսվեր բաց իրականացվող պայքար օլիգարխիայի դեմ, ապա մեր բյուջեն էլ ավելի զգալի թռիչք կկատարեր եկամտային մասով, քանի որ մեզ մոտ, տարբեր գնահատականներով, ստվերը կազմում է 40-80%, իսկ ավելի ճիշտ՝ երևի 60-80% է: Իսկ սա նշանակում է, որ մենք կարող էինք ունենալ արդեն զարգացող պետության բյուջե:

– Պարոն Մեսրոբյան, հաջորդ տարվա բյուջեում դոլար-դրամ փոխարժեքը կանխատեսվել է է 483.02 դրամ: Եվ նշվում է, թե «իրական արդյունավետ փոխարժեքը շարունակում է մնալ զգալի արժևորված»: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակում:

– Սա նշանակում է, որ մեզ մոտ պլանավորումը շատ անորակ է կատարվում, որովհետև հիշենք 2014-ը, երբ նոյեմբեր-դեկտեմբերին դոլար-դրամ փոխարժեքը թռավ 15-20%-ով, ի դեպ, ինչի հաշվին նաև դոլարային արտահայտությամբ մեր բյուջեն և ՀՆԱ-ն զգալի նվազեցին: Այս պայմաններում, քանի որ չկան լուրջ կանխատեսումներ, իսկ կանխատեսումները կարող են մեծ տատանումներ տալ իրականության մեջ, ես իրենց գրածին լուրջ չեմ վերաբերվում: Իսկ արժևորվա՞ծ է, թե՞ արժևորված չէ՝ միանգամից բոլորին ասեմ, որ այդ հարցը քիչ շոշափվի. օլիգարխիկ տնտեսությունում, երբ չկան շուկայական հարաբերություններ, անհնարին է իմանալ այն փոխարժեքը, որն իրականությանը մոտ է: Օրինակ՝ Հայաստանը շատ է կախված ներկրվող էներգակիրներից: Ուշադրություն դարձրեք, երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, նույն էներգակիրներն աշխատում են թանկացնել, երբ իջնում է, ոչ մի բան չեն անում, և դա էլ ապացույցներից մեկն է, որ շուկայական գնագոյացումը, այդ թվում՝ թե´ փոխարժեքի իմաստով, թե´ հիմնական ներկրվող ապրանքների, մեզ մոտ աշխատում է միշտ ի շահ օլիգարխի: Այս պայմաններում խոսել՝ բարձր է կամ ցածր է, ես չեմ պատկերացնում, թե տնտեսապես ինչպես կարելի է դա իմանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս