«Թուրքիան շարունակում է սակարկությունը ՌԴ-ի հետ»
Էրդողանը, Սիրիայում Ռուսաստանի կողմից ծավալված գործողություններից հետո հայտարարել է, որ Անկարան կարող է այլընտրանքներ փնտրել բնական գազի ներմուծման և ատոմակայանի կառուցման իր նախագծերում: Թուրքիան ռուսական գազի ամենամեծ ներկրողներից է, երկու երկրները համաձայնության էին եկել կառուցել «Թուրքական հոսք» գազամուղը, որն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասցնելու համար`շրջանցելով Ուկրաինան:
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ, դիվանագետ Մուշեղ Մկրտչյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Թուրքական հոսքը» կարո՞ղ է ձախողվել, հաշվի առնելով, որ Թուրքիան ունի երկընտրանք՝ Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը, ասաց.
«Թուրքիան, իր հազարամյա դիվանագիտության պատմության ընթացքում բազմիցս որդեգրել է քաղաքականություն, ինչը համապատասխանում է հին անգլիական ասույթի՝ «Միջազգային հարաբերություններում չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան շահեր և հետաքրքրություններ» բնորոշմանը։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում գործ ունենք նման քաղաքական դրսևորման հետ։
Այսպիսով, Թուրքիան պահն օգտագործում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին իր հավատարմությունը ցույց տալու համար՝ ընդգծելով, որ դեմ է Ասադի դիրքերի ամրապնդմանը, բայց միևնույն ժամանակ, չայրելով կամուրջները Մոսկվայի հետ և հետևելով իրադարձությունների զարգացմանը, շարունակում է սակարկությունը ՌԴ-ի հետ գործարքում իր համար առավելագույն նպաստավոր պայմաններ ապահովելու համար։
Կարծում եմ, որ Թուրքիան չի հրաժարվի նախագծերից և պատեհ պահի կշարունակի իրականացումը։ Իրանի հետ այլընտրանքը քիչ հավանական եմ համարում՝ հաշվի առնելով Թուրքիայի շահերը՝ ԱՄՆ ի հետ լավ հարաբերությունների պահպանման առումով, իսկ Թուրքմենստանի և Ադրբեջանի պարագայում նույնպես քիչ հավանական է, որ իր պրագմատիկ նպատակներին հետևող Թուրքիան կզոհաբերի ՌԴ ի հետ ռազմավարական գործարք իրականացնելու հնարավորությունը և այն կփոխարինի միջազգային ասպարեզում շատ ավելի պակաս ազդեցություն ունեցող երկրների հետ համագործակցությամբ։
Հաշվի առնենք, որ ՌԴ ի հետ ռազմավարական սերտ համագործակցությունը Թուրքիային անհրաժեշտ է Արևմուտքի իր հզոր դաշնակիցների հետ հարաբերություններում ուժերի բալանսի հավասարակշռման համար։ Իսկ նշված ալտերնատիվ տարբերակները եթե նույնիսկ տնտեսական առումով չզիջեն ՌԴ ի հետ իրականացվող ծրագրերին, ապա իրենց քաղաքական նշանակությամբ անհամեմատելի են»: