Մշակույթի նախարարի նախկին մամուլի քարտուղարը բարձրաձայնում է աշխատանքից ազատման պատճառների մասին
Օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի թվով 5-րդ մամուլի խոսնակ Նաիրա Փայտյանը, ում հետ համատեղ աշխատանքը նախարարությունում տևեց ընդամենը 6 ամիս: Թեև 168.am-ը նախկին աշխատակցի ազատման դիմումից ընդամենը ժամեր անց անդրադարձավ թեմային՝ փորձելով ներկայացնել հրաժարականի պատճառները, այնուամենայնիվ, նախկին խոսնակը հրաժարվեց որևէ մեկնաբանում տալ կատարվածի վերաբերյալ և հաստատեց միայն այնքանը, որ ինքն այլևս վերոհիշյալ գերատեսչության հետ աշխատանքային պարտավորություններ չունի: Անդրադառնալով օրեր շարունակ հրաժարականի պատճառների մասին մամուլում քննարկվող իրարամերժ վարկածներին, մենք կապ հաստատեցինք Նաիրա Փայտյանի հետ, ով 168.am-ին պատմեց աշխատանքից ազատման դրդապատճառների մասին, միաժամանակ զանգվածային լրատվամիջոցներին կոչ անելով՝ այլևս չանդրադառնալ այս թեմային:
– Տիկին Փայտյան, վերջերս ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնից Ձեր հրաժարականը կարծես շատերի համար անակնկալ էր, այդ թվում՝ անակնկալ նաև նախարարության ներսում:
– Նախ՝ կուզենայի «հրաժարական» բառը խմբագրել, որովհետև վերջին օրերին ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի արձագանքներից հասկացա, որ մարդիկ շատ ցավագին են ընդունել այդ արտահայտությունը: Հրաժարական չասենք, այլ ասենք, որ ես իմ դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել եմ: Ընդամենը 6 ամիս աշխատեցի Մշակույթի նախարարությունում: Ես գնացել էի այնտեղ իմ մասնագիտական ունակությունները, ներուժն ու գրիչը ներդնելու այդ համակարգում, բայց ժամանակը ցույց տվեց, որ համագործակցությունը կարճ տևեց:
– Որո՞նք էին աշխատանքից ազատման Ձեր դրդապատճառները: Թեև ես իմ առաջին հոդվածում անդրադարձա դրանց, այնուամենայնիվ, մամուլում իրարամերժ կարծիքներ հնչեցին այդ մասին: Կուզենայի պարզաբանումներն անձամբ Ձեզանից լսել:
– Նախ՝ ես ֆիզիկապես մեծ դժվարությամբ էի հասցնում անելիքներս, որովհետև չէի թողել լրագրողի իմ մասնագիտությունը: Դա ինձ համար շատ հարազատ ու սիրելի մի ոլորտ է, որը չեմ պատկերացնում, թե ինչ-որ մի օր և որևէ պատճառով պայմանավորված՝ կարող եմ թողնել: Երկու աշխատանքի հետ ես համատեղում էի նաև ընտանիք, երկու դպրոցահասակ երեխաների հոգսեր, թեև սրանք չէին իմ աշխատանքից ազատման հիմնական պատճառները: Անկեղծ ասած, Մշակույթի նախարարությունում ես դեռ կարող էի շարունակել իմ աշխատանքային պարտականությունների կատարումը և կարող էի ավելին, բայց այդպես չեղավ:
– Իսկ ի՞նչ եղավ:
– Պարզապես ինչ-որ պահից սկսած նախարարության ներսում ինձ համար ոչ աշխատանքային պայմաններ ստեղծվեցին, որոնք պայմանավորված էին անմիջականորեն Մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարության և, մասնավորապես, իմ անմիջական ղեկավարի հետ շփումներով, որի արդյունքում՝ ես ազատման դիմում ներկայացրեցի:
– Ես լսեցի, որ Ձեզ այնտեղ ինֆորմացիոն շրջափակման էին ենթարկել, և Դուք վերջին օրերին արդեն չէիք մասնակցում ներնախարարական աշխատանքներին, որի արդյունքում՝ պարզապես հնարավորություն չէիք ունենում Ձեր մասնագիտական գործառույթները մաքսիմում իրականացնել: Դա այդպե՞ս էր:
– Ես կրկնում եմ, որ կարող էի ավելին անել, ի վերջո, երկու աշխատավայր համատեղելու արդյունքում՝ ես աշխատում էի նաև գիշերները՝ տանից: Այնուամենայնիվ, ես անում էի մաքսիմումը, որ կարելի էր անել այդ պայմաններում: Ամեն դեպքում, սա մնում է հայեցողական աշխատանք, և չասեմ՝ պաշտոն՝ վերջ դնելով թեմայի շուրջ բազմաբովանդակ քննարկումներին, որ տեղի են ունենում համացանցում:
Առիթն օգտագործելով՝ կուզենայի ավելացնել հետևյալը՝ առաջին ու վերջին անգամ եմ անդրադառնում այս թեմային, չեմ ուզում ասել՝ պաշտոնապես, որովհետև ես լրագրող եմ ու մնում եմ այդպիսին, զբաղվում եմ լրագրողական գործունեությամբ և դա անում եմ մեծ սիրով, իմ սիրելի՝ Հ2 հեռուստաընկերությունում, որտեղ ես ստեղծագործական գործունեությամբ եմ զբաղվում, և դա ինձ համար մեծ պատիվ է: Խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ այլևս չդիմել ու չանհանգստացնել ինձ ազատված աշխատանքի հետ կապված հարցերով: Ինչպես ես եմ գրել իմ ֆեյսբուքյան պաշտոնական պրոֆիլում՝ ես փակում եմ այս էջը և անցնում առաջ: