Մեկնարկեց հեղինակավոր «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» 10-րդ միջազգային գիտաժողովը
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց հեղինակավոր «Կոմպյուտերային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT- 2015) 10-րդ միջազգային գիտաժողովը: Այն անցկացվում է 2 տարին մեկ` սկսած 1997 թվականից, և կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից:
CSIT-2015-ն իրականացվում է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, «IEEE Computer Society»-ի, «Intel Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղի, «Synopsis Armenia»-ի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:
Լրագրողների հետ զրույցում Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանն ասաց, որ CSIT-2015 հոբելյանական գիտաժողովի նպատակն է՝ նպաստել կոմպյուտերային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների գիտական գաղափարների փոխանակմանը, ներկայացնել և քննարկել հետազոտությունների արդյունքները.
«Գիտաժողովում ներկայացվում են կոմպյուտերագիտության ոլորտին վերաբերող նոր հետազոտություններ:
Այսօր մասնակցելու են 100-ից ավելի գիտնականներ և հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Խորվաթիայից, Հունաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Սլովակիայից, Իրանից, Լեհաստանից»:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանն էլ նշեց, որ աշխատելու են տասը գիտական սեկցիաներով. «Ներկայումս Հայաստանում կուտակվել է բավարար գիտական և ինժեներական ներուժ` ազգային սուպերկոմպյուտերային կենտրոն ստեղծելու համար: Դա կլինի ավելի հզոր համակարգչային միջոց, որը հնարավորություն կտա լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ եղանակի կանխատեսում, տարբեր ձևերի արտակարգ իրավիճակների կանխատեսում, նաև գիտության ոլորտում կօգտագործվի: Հզորությունը լինելու է 0.2 մետաֆոր, որը բավականին արագ է, բայց ամենահզորը չէ: Կենտրոնը նախատեսվում է բացել հաջոդ տարի»:
CSIT-2015-ի շրջանակներում տեղի կունենա նաև երեք աշխատանքային գիտաժողով: Երիտասարդ մասնագետների համար դասընթացներ կանցկացնեն «Intel Corporation»-ը և համաեվրոպական GEANT ցանցը: CSIT-2015-ը կտևի մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-ը: