Վարչապետը մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին: Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, դիմելով ներկաներին, մասնավորապես, նշել է.
« Այսօր պատմական օր է ամենքիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը՝ արարողություն, որը, Հայ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ:
Մյուռոնօրհնեքը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական ամենամեծ տոներից մեկն է, որի հետ մեր ժողովուրդը կապված է հոգևոր ամենախորը զգացումներով: Խորախորհուրդ այս արարողության ժամանակ օրհնվող Մյուռոնն անխախտ կնիքն է քրիստոնյա հայի ինքնության»:
Վարչապետը նշել է, որ 2015 թվականը նվիրական տարի է համայն հայության համար, և Մյուռոնօրհնությունը խորհրդանշական կերպով համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Հիշատակի բազում միջոցառումներ ու ծրագրեր իրականացվեցին ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտերկրում՝ Սփյուռքի հայաշատ բոլոր կենտրոններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններից հատկապես ուզում եմ առանձնացնել վեցդարյա ընդմիջումից հետո ապրիլի 23-ին Հայոց Եկեղեցում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը: Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին անգամ հայը չուրացավ քրիստոնեական իր հավատքն ու իր հայրենի հողը և նախընտրեց իմացյալ մահը: Սրբալույս Մյուռոնի օրհնությունը գալիս է վկայելու, որ նույն այդ քրիստոնեական հավատքի շնորհիվ հայ ժողովուրդն ի զորու եղավ վեր հառնել մոխիրներից, ամոքել վերքն ու հաստատուն քայլերով շարժվել դեպի առաջ», – ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարերի ընթացքում, հաճախ նաև պետականության բացակայության պայմաններում, հոգևորին զուգահեռ իրականացրել է նաև ազգապահպանության կարևոր առաքելություն, և այսօր էլ՝ ազատ և անկախ պետականության պայմաններում, շարունակում է զորացնել հայության հոգևոր-ազգային կյանքը և աշխարհասփյուռ հայությանը համախմբել հայրենիքի ու եկեղեցու շուրջը: «Մյուռոնօրհնությունը Հայաստան ժամանած հայորդիների համար լավագույն առիթներից է՝ ամրապնդելու հայրենիքի հանդեպ ունեցած նրանց սերն ու նվիրվածությունը:Առանձնահատուկ ցանկանում եմ ողջունել այս գեղեցիկ առիթով Հայաստան ժամանած բոլոր հյուրերին՝ Քույր Եկեղեցիների պետերին և միջեկեղեցական պատվիրակություններին, որոնք իրենց պատվարժան մասնակցությունը բերեցին պատմական այս իրադարձությանը:
Հարգելի հյուրեր,
Ավարտելով խոսքս՝ մաղթում եմ, որ Աստված զորավոր պահի Հայաստանի Հանրապետությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և քրիստոնեական դարավոր արժեքները կրող խաղաղասեր մեր ժողովրդին: Թող Մյուռոնօրհնեքի հոգեպարար այս արարողությունը նոր լիցքեր պարգևի ամենքիս՝ առավել մեծ նվիրումով ու ջանադրությամբ ծառայելու մեր ժողովրդին և հայրենի մեր երկրին: Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է՝ Մայր Հայրենիք, Արցախ և Սփյուռք», – եզրափակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: