iPhone 6s-ն այսօրվանից հասանելի է գնորդներին
iPhone 6s նոր մոդելը այսօրվանից հասանելի է դարձել գնորդներին: Հեռախոսը կարելի է ձեռք բերել Ավստրալիայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնգկոնգում, Կանադայում, Չինաստանում, Նոր Զելանդիայում, Պուերտո-Ռիկոյում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Ճապոնիայում ու ԱՄՆ-ում:
Բրիտանիայում 64-գիգաբայթ մոդելի միջին արժեքը հասնում է 309 ֆունտ-սթեռլինգի (470 դոլար): 128 գիգաբայթ մոդելը կարժենա 500 դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ iPhone 6s-ի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին: iPhone 6S-ն ու iPhone 6S Plus-ը ներկայացված են 4 գույնով՝ մոխրագույն, արծաթավուն, ոսկեգույն ու վարդագույն ոսկի:
Սարքերում ներդրվել է 3D Touch տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ընտրել հավելածի ենթամենյուն, օրինակ՝ կարելի է սեղմել տեսախցիկի կոճակը, ընտրել «Լուսանկարել սելֆի» հավելվածն ու միանգամից գործարկել ֆրոնտալ տեսախցիկը:
iPhone-ը ստացել է նաև նորացված՝ 12 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ ի տարբերություն նախորդ մոդելի 8-մեգապիքսելանոցի:
Պայմանագրով գնելու դեպքում ԱՄՆ-ում 6S մոդելը կարժենա 199-399 դոլար, 6S Plus մոդելը՝ 299-499 դոլար: