«Ադրբեջանում իշխանություններից կոնկրետ դժգոհություն կա, և նրանք աշխատում են ամեն կերպ իրենց բնակչությանը ցույց տալ, թե որքան լավն է Ալիևը»
Մեր զրուցակիցն է քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը
– Պարոն Եղիազարյան, Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ասուլիսի տեսանյութից ի՞նչ եզրահանգումներ կարելի է անել, ի՞նչ գնահատական կտաք:
– Էս տականք լակոտը, սրիկան մեկը մեկից խայտառակ բաներ ասեց, այդ թվում՝ Արցախի մասին: Այդտեղ արտասահմանցի լրագրողներ էլ կային, և դիտավորյալ նախապես պատրաստված հարց տրվեց այդ տականքին: Ըստ Ադրբեջանի նորաթուխ գործակալի՝ Արցախում այսօր 40 հազար մարդ չկա, էսպես որ գնա, ընդհանրապես մարդ չի մնա, և, եթե վաղը Արցախում լինի հանրաքվե, արցախցիները միանշանակ կողմ կլինեն Ադրբեջանի կազմում ընդգրկվելու, որպեսզի պրծնեն էս ստորագույն լծից: Հարց են տալիս՝ ինչո՞ւ, ասում է՝ դե գիտեք, Արցախի տարածքն էսօր օգտագործվում է թմրամիջոցների առաքման համար: Այս ստորն ասում է՝ բանակը բարոյալքված է, բանակ չունի Հայաստանի Հանրապետությունը, եթե հանկարծ ադրբեջանցիները որոշեն վաղը գործողություն անել, ուրեմն այդ բարոյալքված բանակում մարդ չի մնա, ամենը փախչելու են: Մինչև տեսանյութի հրապարակումը, որը նայել եմ ամբողջությամբ, ես մտածում էի, որ սովորական սրիկա է, ցանկացած ազգի մեջ նման ճիվաղներ լինում են, որոնց վրա պետք է ընդհանրապես ուշադրություն չդարձնել և չխոսել: Բայց այդ հարցազրույցից հետո ես մի ուրիշ բան հասկացա՝ միգուցե թուրքերը սրա հետ երկար ու ձիգ աշխատել են, հավանական է՝ հավաքագրել են, չեմ կարող ասել՝ Երևանո՞ւմ, թե՞ որտեղ: Լրջագույն ծրագիր է իրականացվում, և հիմա այստեղ պետք է նաև մենք շատ լուրջ մոտենանք այդ խնդրին: Միանշանակ ծախված դավաճան է, որին նպատակային հավաքագրել են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը պախարակելու համար:
– Ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:
– Ես չեմ կարող ասել, բայց նախ և առաջ՝ շատ վատ է, որ օտարերկրյա լրագրողներ էին մասնակցում դրա ասուլիսին, և նախապես պատրաստված էր ողջ սցենարը, թե ինչպես պետք է վարկաբեկի Հայաստանի Հանրապետությունը, ինչպես պետք է վարկաբեկի մեր Զինված ուժերը, մշակված հարցեր էին, և տրվում էին նախապես պայմանավորված պատասխաններ: Եվ պարզ ասեմ, սրա այդ հարցազրույցից հետո, եթե ես անընդհատ քննադատում էի մեր բանակը, այժմ որոշել եմ այլևս ծայրահեղ չքննադատել, որովհետև խայտառակ բաներ խոսեց: Ի՞նչ է նշանակում՝ եթե վաղը լինի հանրաքվե, արցախցիները կցանկանան լինել Ադրբեջանի կազմում: Վերին աստիճանի շինծու, կեղծ և զազրելի բաներ խոսեց, և դա պատահական չէր, նա ի մի բերեց Հատուկ ծառայությունների նախապես պայմանավորված ծրագիրը:
– Ըստ Ձեզ՝ ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ ադրբեջանցիները նման օպերացիա իրագործեին: Մարտիրոսյանն ի սկզբանե գազի հարցով պայքարում էր ա՞յս նպատակին հասնելու համար:
– Այժմ ես միանշանակ եկել եմ այն կարծիքին, որ սրան հավաքագրել են և հատուկ մտցրել են քաղաքական դաշտ, որպեսզի գազի (նկատի ունի «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից Հայաստանի բնակչությանը վաճառվող գազի կալորիականությունը կասկածի տակ առնող՝ Վահան Մարտիրոսյանի տեսառեպորտաժը, որը ներկայացվել էր Civilnet.TV-ով – Գ.Խ.) և այլ հարցերով երևա այստեղ-այնտեղ, գնա կոնֆլիկտների, որից հետո հայտնվի Ադրբեջանում: Մինչև դրա հարցազրույցը՝ կարծում էի՝ ունքերը փիտած, ճղճիմ, փոքրոգի լակոտ է, բայց՝ ոչ, գործակալ է:
– Միջազգային հանրությունն արդյոք կհավատա՞ նրա խոսքերին, չէ՞ որ, բացի այդ հարցազրույցից, իրենք էլ այստեղ ներկայացուցիչներ ունեն և ամեն ինչից շատ լավ տեղյակ են: Կարո՞ղ է էական ազդեցություն ունենալ դա:
– Ես չէի ասի, որ էական ազդեցություն կունենա, բայց վիճակագրությունը, ընդհանրապես, ցավոք սրտի, մեր կողմից չէ, մենք չենք կարող ասել, թե Ադրբեջանից քանի ընտանիք է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ խնդրելով քաղաքական ապաստան: Ադրբեջանցիները դա կարող են ասել՝ այս տարի սա արդեն երկրորդ ընտանիքն է: Ճիշտ է, այն առաջինը վերադարձավ: Նրանք աշխատում են այդ վիճակագրությունը զարգացնելու ուղղությամբ: Եվ էդ լակոտը բացարձակ սուտ էր խոսում՝ ասելով, թե երբ Երևանի կենտրոնից դուրս ենք գալիս, ամայի տարածք է, բնակչություն չկա: Ես համաձայն եմ, իհարկե, որ քաղաքը որոշակիորեն բացականեր ունի, բայց այն, ինչ ինքն էր ներկայացնում, միաշանակ արտասահմանցիները, որ Հայաստանում են, իրենք չեն տեսել, նման բան չկա: Արցախի համար ասում էր, թե Արցախի շենքերում մարդիկ չեն բնակվում, ուղղակի փախել են երկրից: Բայց արտասահմանցիները, որ եղել են Արցախում, Ստեփանակերտի մասին նման բան չեն կարող ասել, որովհետև Ստեփանակերտն օր օրի մարդաշատ է դառնում և տարածաշրջանի ամենամաքուր ու կոկիկ քաղաքներից մեկն է այսօր: Համենայն դեպս, այն, ինչ ասվում էր, դրա չափազանցությունն արտասահմանցիները կզգան, որ միտումնավոր, նախապես ծրագրված ասուլիս էր:
– Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով՝ մեր իրավապահ մարմինները կարո՞ղ էին կանխել այս իրավիճակը:
– Շատ դժվար հարց եք տալիս: Նախ և առաջ՝ և´ կարող էին կանխել, և´ չէին կարող կանխել: Ուղղակի միգուցե նա այնքան իրենից ոչ մի բան չէր ներկայացնում, որ սրանց մտքով չի անցել դրա հետ աշխատել: Այսինքն՝ տխմարի մեկն է եղել, և շատ դժվար է, որ նման միջակությունը հայտնվեր անվտանգության օպերատիվ տեսադաշտում:
– Իսկ հաշվի առնելով ապաստան խնդրած ընտանիքների հետ կապված այդ վիճակագրության Ադրբեջանի ծրագիրը, մեր իրավապահներն ի՞նչ պետք է անեն, հնարավո՞ր է միջոցներ ձեռնարկել, որ կանխվեն նման դեպքերը:
– Նման բաները պետք է հայելային լինեն: Այդպես անում են, աշխատում, տանում են իրենց երկիր, մենք էլ պետք է աշխատենք, բերենք մեզ մոտ: Դա պետք է արվի:
– Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի հասարակության վրա այս ասուլիսն ի՞նչ ազդեցություն կթողնի, պատերազմի վերսկսման հավանականությունն ինչպիսի՞ն է:
– Այսօր Ադրբեջանում կոնկրետ դժգոհություն կա, և նրանք աշխատում են ամեն կերպ իրենց բնակչությանը ցույց տալ, թե որքան լավն է Ալիևը, ինչ ծանրագույն վիճակում է գտնվում Հայաստանը: Առաջին հերթին՝ նրանք խնդիր լուծեցին միջազգային հանրության առջև, երկրորդ հերթին, իհարկե, հենց իրենց, որ բնակչությանն ասացին՝ տեսեք, հաղթանակած երկիրը ոչնչանում է, և, հետևաբար, մեզ գցելով, բարձրացրին նախագահ Ալիևին: Այդ երկու խնդիրը լուծեցին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հատուկ ծառայություններին՝ գնահատականը գերազանց է:
– Որևէ երրորդ երկրի հետք տեսնո՞ւմ եք այստեղ, օրինակ, ասում են, թե Ռուսաստանին էր սա ձեռնտու:
– Ռուսաստանին ձեռնտու ոչինչ ես չտեսա, ինչպես նաև՝ որևէ այլ երկրի:
– Նրա ճակատագիրն ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանում:
– Որպես կանոն՝ դավաճանների ճակատագիրը լավը չի լինում: Նրանք կքամեն սրան, մի քանի շաբաթ հետո սա ոչ մեկին այնտեղ հարկավոր չի լինի, կտեղափոխվի երրորդ երկիր և այնտեղից կմուրա փախստականի կարգավիճակ: Ինքն էլ է հասկանում՝ ինչ է հաչում, էսքան խոսեցնելով՝ գնում են նրան, որ այդ փախստականի կարգավիճակի թուղթը ձեռքին՝ երրորդ երկրում հայտնվի: Իմ կարծիքով՝ նա Ռուսաստան չի գնա, կգնա եվրոպական որևէ երկիր: Ադրբեջանը նպատակին հասավ, և դրանով կավարտվի պատմությունը:
– Իսկ արտահանձնելու հարց չի՞ առաջանա, երրորդ երկիրը նրա համար վտանգավոր չի՞ լինի:
– Եթե ունեցավ այդ փախստականի կարգավիճակը, ՀՀ-ում հարուցված քրեական գործերը, միգուցե, «Ինտերպոլի» մակարդակով չաշխատեն: Հարց կառաջանա՝ եթե հանցագործ էր, ինչո՞ւ հետախուզում չէր հայտարարվել, ինչո՞ւ էիք խափանման միջոցն ընտրել՝ ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին, կամ ինչպե՞ս հատեց սահմանը, ինչո՞ւ հետախուզում չէիք հայտարարել: «Ինչո՞ւ»-ները բավականին շատ են, ինչից կօգտվեն իրավաբաները, որպեսզի «Ինտերպոլը» հետախուզում չիրականացնի: