Կառավարությունը մինչև սեպտեմբերի 20-ը կվճարի էլէներգիայի դիմաց
Մինչև սեպտեմբերի 20-ը կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց սուբսիդավորումը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը՝ ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ըստ Զախարյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀԷՑ-ի հետ ճշտվում են տվյալները և մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն:
Նախարարը նաև ասել է, որ վճարումները կիրականացվեն մյուս շաբաթվա ընթացքում՝ այսինքն՝ մինչև սեպտեմբերի 20-ը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է այս մասին հանրությանը տեղեկացնել, որովհետև, ինչպես ինքն է ասել՝ թյուրըմբռնում կա:
«Թյուր տեղեկություններ են տարածվում, որ որևէ բան չի արվում: Կառավարությունը ինչ պարտավորություն վերցրել է իր վրա, բոլորն իրականացնում է ըստ ժամկետների և ըստ պատասխանատվության: Դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: