Այցեքարտի դերը գործարար կյանքում
Ժամանակակից գործարար աշխարհում այցեքարտը պարտադիր է դարձել:
Այցեքարտերը լինում են մի քանի տեսակի.
- ֆիրմայի աշխատակցի ստանդարտ այցեքարտ
- ֆիրմայի աշխատակցի ներկայացուցչական այցեքարտ
- ընտանեկան այցեքարտ
- այլ տեսակի այցեքարտեր
Ժամանակակից այցեքարտերի նշանակությունը 1.գործընկերներին ներկայանալն է, 2. ֆիրմայի եւ նրա գործունեության մասին տեղեկություններ հաղորդելը, 3. գործընկերների միջեւ գործնական շփումների իրականացումը (օրինակ` նվերներ, ծաղիկներ եւն ուղարկելիս):
Այցեքարտը պետք է լինի բարձրորակ ստվարաթղթից, մոտավորապես 5X8 չափսերի:
Ռուսաստանում ընդունված է այցեքարտի մի երեսին գրել ռուսերեն տեքստը, մյուս երեսին` անգլերեն, կամ էլ այն երկրի լեզվով, որտեղ գործարարը գտնվում է:
Սովորական այցեքարտի վրա նշվում է աշխատակցի անուն-ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, ֆիրմայի անունը, փոստային հասցեն, քարտուղարության հեռախոսահամարը, ֆաքսը եւն: Որոշ պաշտոնների դեպքերում, օրինակ` ապահովագրական գործակալի, փաստաբանի եւն, նշվում է նաեւ նրա տնային հեռախոսահամարը:
Այսպիսով, այցեքարտը պատկերացում է տալիս ֆիրմայի մասին. եթե այն գտնվում է կենտրոնում, դա խոսում է ֆիրմայի բարգավաճ վիճակի մասին, մի քանի ներքին հեռախոսահամարները նույնպես անուղղակիորեն ցույց են տալիս ֆիրմայի մասշտաբները:
Վերջին ժամանակներս այցեքարտերի տեսքը բավականին փոխվել է: Որոշ ֆիրմաներ իրենց աշխատակիցների համար պատվիրում են լուսանկարով այցեքարտեր` մանրամասն տեղեկություններով:
Ֆիրմայի այցեքարտի վրա նշվում է ֆիրմայի լրիվ անվանումը, նրա լոգոտիպը, փոստային եւ ինտերնետային հասցեն, քարտուղարության հեռախոսահամարները, երբեմն նաեւ հասարակայնության հետ կապերի եւ գովազդի բաժինների հեռախոսահամարները, ֆիրմայի գործունեության ոլորտները եւն: Այսպիսի այցեքարտերի նպատակը հիմնականում ֆիրման գովազդելն է:
Ընտանեկան այցեքարտի վրա նշվում է ընտանիքի գլխավորի անուն-ազգանունը` առանց նրա աշխատավայրը կամ պաշտոնը նշելու, նրա կնոջ անուն-ազգանունը, երեխաների անունները, տնային հասցեն եւ հեռախոսահամարը: Ընտանեկան այցեքարտը երբեմն կարող է օգտագործվել նաեւ գործարար կյանքում, օրինակ` երբ իրար հետ ծանոթանում են ընտանիքի գլխավորները:
Գործնական ծանոթության ժամանակ այցեքարտերը փոխանակելը պարտադիր է: Եթե հանդիպման մասնակիցներից որեւէ մեկին այցեքարտ չի տրվել, դա կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք:
Այցեքարտը պետք է դիմացինին տալ այնպիսի դիրքով, որ միանգամից հնարավոր լինի կարդալ տեքստը: Ընդ որում` այցեքարտի տերը բարձրաձայն արտասանում է իր անուն-ազգանունը: Այցեքարտը վերցնողը պետք է այն կարդա, շնորհակալություն հայտնի եւ դնի թղթապանակի, պայուսակի մեջ կամ էլ պիջակի դրսի գրպանը:
Առաջինն իր այցեքարտը ներկայացնում է ավելի ցածր պաշտոն ունեցողը, եթե պաշտոնները հավասար են, ապա տարիքով փոքրը: Եթե գործնական հանդիպումն անց է կացվում արտասահմանում, առաջինն իրենց այցեքարտերը ներկայացնում են ընդունող կողմի ներկայացուցիչները:
Չի կարելի ուրիշի այցեքարտն օգտագործել վրան նշումներ անելու համար, դա կարող է իբրեւ անհարգալից վերաբերմունք ընկալվել:
Տեղին է այցեքարտը թողնել քարտուղարին, եթե ծանոթ չեք այն մարդու հետը, ում այցելում եք:
Նշենք նաեւ, որ այցեքարտը պետք է լինի ճերմակ կամ շատ բաց գույնի թղթից, սեւ գույնն ընդունված չէ:
Պատրաստեց 168.am-ը