Բաժիններ՝

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվաճառվի 30 մլն դոլարով

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով կվաճառվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը: Այս որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի զբոսայգու մարզահամալիրի տարածքը 46335.7 քառ. մետր է, բաղկացած է մարզամշակութային կենտրոնից, 40 և 50 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից բաղկացած անշարժ գույքը և 9,559587 հեկտար սեփական հողամասից:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կկնքվի առուվաճառքի պայմանագիր: Նախարարի խոսքով՝ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 2.120.000 դրամ գումարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին կազմակերպությունում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը, 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում:

Նշենք, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությունը հիմնվել է այս տարվա հուլիսի 20-ին, հիմնադիրը, ըստ պետռեգիստրի, հիմնադիրը մեկ անձ է՝ ՀՀ քաղաքացի Արմեն Զավենի Գևորգյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս