Բաժիններ՝

Պարենային հաշվեկշռի մի շարք ռազմավարական մասերով Հայաստանի ինքնաբավության մակարդակը ցածր է. Ալեքսեյ Պետրոսյան

Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ «Պարենային անվտանգության և սնուցման խնդիրները Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկումը, որին մասնակցում էին մի շարք փորձագետներ, տարբեր նախարարություններից աշխատակիցներ և լրատվամիջոցների ներկայացույցիչներ: Սեմինարը կազմակերպվել էր «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից:

«Պարենային անվանգության մասով հանրային իրազեկման մեջ մեծ դերակատարություն ունեն լրատվամիջոցները, որոնց միջոցով խնդիրները հասցվում են  հասարակությանը և հասարակությունից էլ՝ կառավարությանը: Այսօրվա հավաքի հիմնական խնդիրն այն էր, որ ինչ-որ բրիֆինգի ձևով լրատվամիջոցներին պատկերացում տանք պարենային անվտանգության մասին, որի բաղադրիչներից են նաև սննադամթերքների անվտանգության և սնուցման խնդիրները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի պարենային անվտանգության  ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ պարենային անվտանգություն ասելով՝ իրենք հասկանում են 4  սկզբունք: Առաջինը պարենի ֆիզիկական  առկայությունն է՝ արտադրություն, գումարած ներմուծում, հանած արտահանում. «Այսինքն՝ թե ֆիզիկապես ինչքան պարեն ունենք Հայաստանում արտադրված, որով որոշվում է երկրի ինքնաբավության մակարդակը: Իհարկե, ամեն տարի վիճակագրական ծառայությունը հրապարակում է տվյալներ մեր պարենային հաշվեկշռի վերաբերյալ, որոնց մի շարք ռազմավարական մասերով Հայաստանի ինքնաբավության մակարդակը ցածր է, այսինքն՝ դրանք բարելավման խնդիրներ ունեն»:

Երկրորդ խնդիրը, Ա. Պետրոսյանի խոսքով, պարենի մատչելիությունն է, այսինքն՝ այն  ֆինանսապես որքանով է մատչելի բնակչության համար. «Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, թե բնակչությունն ինչքանով է ի վիճակի պարեն գնել, իսկ վերջին տվյալներով՝ Հայաստանն այդ առումով ամենախոցելին է»:

Պարենային անվտանգության երրորդ հիմնասյունը պարենի օգտագործումն է, այսինքն՝ այն սննդակարգը, որը քաղաքացին հնարավորություն ունի օգտագործել առողջության համար: «Այստեղ շատ կարևոր խնդիր է թերսնման խնդիրը: Մենք Առողջապահության նախարարության և  համաշխարհային բանկի կողմից ունենք մշակված և հաշվարկված սննդակարգ՝ և՛ սննդի տեսակներով, և՛ կալորիաների քանակով, և հիմնականում հաշվարկված է, որ նվազագույն  օրական սննդակարգը կազմում 2412 կիլոկալորիա, իսկ մեր միջին տվյալներով՝ հիմնականում  2000  կալորիայից ավելի քիչ է: Այսինքն՝ Հայաստանում կա թերսնման խնդիր»,- նշեց Ա. Պետրոսյանը:

Չորրորդ հիմնասյունը, որն «Օքսֆամը» պարենային անվտանգության շրջանակներում դիտարկում է, պարենի առկայության կայունությունն է. «Այդտեղ մենք դիտարկում ենք այն խնդիրները, ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել պարենի արտադրությանը կամ ներմուծմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս