Ինչու հալեպահայերը չեն ցանկանում տեղափոխվել Հայաստան
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում նախօրեից գլուխ բարձրացրած լարված ռազմական դրությունն ընդդիմադիր զինյալների և կառավարական ուժերի միջև շարունակվել է նաև այսօր և, բարեբախտաբար, առանց հայ համայնքի ներկայացուցիչների կորուստների: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշեց, որ երեկ կեսօրին Հալեպի մի շարք հայաշատ բնակավայրերում գնդակոծությունների, հրթիռակոծությունների տարափ է սկսվել, խոսքը հատկապես Սեբիլ, Նոր Սըրյեն, Աշրաֆիե թաղամասերի մասին է: Ռմբակոծության է ենթարկվել նաև Սելուի շրջանը, որը գտնվում է Սուլեյմանիե թաղամասի սկզբնական հատվածում: «Այս գնդակոծությունների, պայթյունների շարանը բավական երկարել է, և մինչև ուշ գիշեր այդ գործողությունները շարունակվել են, շարունակվել են նաև առավոտյան՝ կառավարական բանակի հակահարվածներով:
Ուշ առավոտյան բավական հանդարտ էր իրավիճակը, քիչ առաջ մի քանի պայթյունի ձայներ կային, այսինքն` ի համեմատ նախորդ օրվա, շատ ավելի նվազ է լարվածությունը: Բայց երեկվա հրթիռակոծումներից արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել են 100-ից ավելի վիրավորներ, շուրջ 25 զոհ: Անշուշտ, այս բոլորի կողքին կան վնասված բնակավայրեր, աշխատատեղեր, նյութական վնասներ: Բայց, բարեբախտաբար, կարող եմ ասել, որ մեզ հասած տեղեկություններում ոչ մի հայ վիրավորի կամ զոհի մասին չի խոսվում»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Հալեպի Բերիո թեմի բանբերը նաև փորձեց ներկայացնել, թե ինչ տրամադրություններ ունեն Հալեպում մնացած հայ համայնքի ներկայացուցիչները և ինչու հայրենիք վերադառնալու ցանկություն չեն հայտնում: Ըստ Ռեիսյանի` մարդիկ կարողացել են պատերազմական այս տարիների ընթացքում այնպես հարմարվել, որ պատերազմն իրենց համար դառնա առօրյա: «Երբեք, երբ թեկուզ քաղաքում խաղաղ է, մարդիկ չեն մտածում, որ խաղաղությունը կայուն է և մնայուն, նրանք սպասում են, որ յուրաքանչյուր պահի իրավիճակը վատթարանա: Բնականաբար, այս պայթյունների ժամանակ մարդիկ ժամերով, օրերով ցնցումներ ու սարսափ են ապրում, հետո այս ամենը դառնում է նրանց համար սովորական, և կյանքը բնական ընթացքի մեջ է ընկնում: Սակայն հայրենիք վերադառնալու ցանկությունը չբարձրաձայնելը կապ ունի մեկից ավելի հարցերի հետ, այսինքն` եթե նույնիսկ ցանկություն ունեցողներ լինեն դուրս գալու երկրից, ապա սխալ կլինի տեղաշարժվել, դուրս գալ երկրից, երբ հստակ է, որ անվտանգություն, ապահովություն չի լինելու, այսպես կամ այնպես, այստեղ նրանք իրենց երկրում են, իրենց տանը, բայց եթե դուրս պետք է գան ու կրկին անապահովություն ունենան, չունենան բնակության վայրի ու աշխատավայրի վերաբերյալ երաշխիքներ, ապա ի՞նչ իմաստ ունի գնալը:
Անիմաստ է գնալը, թեև մարդիկ ազատ են, իրենք են որոշում՝ տեղաշարժվե՞լ, թե՞ ոչ: Դրսում երաշխիքներ չունեն կյանքն ապահով շարունակելու»,- նշեց Ժիրայր Ռեիսյանը: Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչն ասաց, որ իրենք ըմբռնումով են մոտենում ՀՀ իշխանությունների, պետության սահմանափակ հնարավորություններին: Նրա համոզմամբ` բացարձակապես ճիշտ չէ Հայաստանին դիտարկել՝ որպես թերացող կողմ, որովհետև բոլորին է հայտնի, թե ինչ սահմանափակ են Հայաստանի կարողությունները:
«Հետևաբար՝ այսքան մարդու համար տուն ու աշխատանք ապահովելն այդքան էլ հեշտ գործ չէ: Հայաստանն արդեն որոշ չափով իր հնարավորը փորձում է անել, անշուշտ, մարդիկ ակնկալում են, որ, եթե Հայաստանը կարողանա, փորձի անվտանգություն ստեղծել, բնակության հանգիստ վճարման համակարգ…. սիրիահայը ոչ թե անվճար տուն է պահանջում, այլ, եթե երկարաժամկետ վճարումներով իրեն ՀՀ-ում բնակարան ունենալու հնարավորությունը լինի, բնականաբար, ցանկանում է հայրենիք գալ ոչ թե՝ որպես զբոսաշրջիկ, այլ՝ իր տան մեջ իր բարձի վրա գլուխը դնող: Այնպես որ, սա շատ բնական, մարդկային, ազգային զգացում է, հասկանում են, որ երկրի պայմանները, հնարավորությունները սահմանափակ են»,- ասաց Ժիրայր Ռեիսյանը: