Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիան ետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին

Բրազիլիայի Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումից և ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշում կայացնելուց հետո Թուրքիան ետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին` այդ քայլը պատճառաբանելով, որպես հարցի վերաբերյալ խորհրդակցության անհրաժեշտություն։ Ավելի վաղ, ս.թ. հունիսի 2-ին, Բրազիլիայի Սենատը քննարկման էր ներկայացրել 550-րդ նախագիծը, որով նույն օրը միաձայն պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։

Բրազիլիայից իր դեսպանին ետ կանչելու` Թուրքիայի որոշումից անմիջապես հետո Բրազիլիայի կառավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով հաղորդում է, որ «Բրազիլիան ցավում է իր դեսպանին խորհրդակցության նպատակով Բրազիլիայից ետ կանչելու` Թուրքիայի կառավարության որոշման համար»։

«Մենք նաև ափսոսանքով ենք վերաբերվում Թուրքիայի կառավարության կողմից ուղարկված հաղորդագրությանը, որը վերաբերվում է Բրազիլիայի սենատի կողմից 550-րդ նախագծի ընդունմանը, որով Սենատն իր կարեկցանքն է արտահայտում նախորդ դարի սկզբին Օսմանյան Կայսրության կողմից հայերի ոչնչացմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ»,- նշված է Բրազիլիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Բրազիլիայի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ սույն թվականի հունիսի 1-ին Թուրքիայի դեսպանն այցելել է Բրազիլիայի Արտաքին գործերի նախարարություն` նախարարի հետ հանդիպելու նպատակով, որտեղ բացատրություններ է ստացել սենատում քննարկվող նախագծի վերաբերյալ. նախարարությունում հավաստիացրել են, որ Բրազիլիայի դիրքորոշումն այդ հարցում մնում է անփոփոխ։ Նման հաստատակամ դիրքորոշումով է հանդես եկել նաև Բրազիլիայում ՀՀ դեսպանատունը։

Կարդացեք նաև

«Սենատը հանդես է եկել իր սահմանադրական իրավունքների սահմաններում` հարգելով Բրազիլիայի Սահմանադրության կողմից երաշխավորված ազատություններն ու սկզբունքները։ Բրազիլիայի կառավարությունն ակնկալում է, որ Թուրքիայի հետ փոխադարձ հարաբերությունները, որոնք երկու երկրների կողմից էլ ռազմավարական են համարվում, շուտով կվերադառնան բնականոն ընթացքին»,- ասված է Բրազիլիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Սան Պաոլոյի Մաքքենզի համալսարանի սահամանադրական իրավունքի պրոֆեսոր Ֆլավիո դե Լաո Բաստոս Պերեիրան նշում է, որ Բրազիլիայի կողմից ճանաչման գործընթացն ավարտին հասցնելու համար ևս մի քանի քայլ պետք է իրականացվի։ «Քանի որ Բրազիլիայի Սենատը ներկայացնում է Դաշնության նահանգները, ակնկալվում է, որ Նախարարների Խորհուրդը, որը Բրազիլիայի ժողովրդի ուղիղ ներկայացուցիչն է, նույնպես նանատիպ նախագիծ կնդունի, որն իր հերթին պետք է հաստատվի նախագահի կողմից։ Կամ, հնարավոր է, որ նախագահը կարող է հրամանագիր ստորագրել (նահանգների ղեկավարների և կառավարության հետ խորհրդակցելով), որն իր հերթին պետք է հաստատվի Նախարարների Խորհրդի կողմից»,- ասաց Սան Պաոլոյի Մաքքենզի համալսարանի դասախոսը, և հավաստիացրեց, որ դա պարզապես ժամանակի հարց է։

Բրազիլիան 24-րդ երկիրն է, որ պաշտոնապես ճանաչում է մեկ դար առաջ մեկ ու կես միլիոն հայերի կյանք խլած` Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը։

Պատրաստեց Կամո Մայիլյանը

Տեսանյութեր

Լրահոս