«Այս փուլում հակամարտության կարգավորման տրամաբանության փոփոխություն չի կարող լինել»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները 11-ն են, բայց չի նշանակում, թե այդ 11-ն էլ իրավունք և հնարավորություն կունենան հակամարտության խնդրով զբաղվել ավելի արդյունավետ, քան զբաղվում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները: Տարբեր ժամանակերում եղել են առաջարկներ և՛ ԵՄ կողմից, և՛ տարբեր պետությունների կողմից՝ իրենց քաղաքական ծառայությունները մատուցել հակամարտության կարգավորման հարցում: Դա, իհարկե, ողջունելի է և այն հանգամանքը, որ պետությունները և միջազգային կառույցներն աջակցում են ՄԽ ջանքերին, սա ադեն բավարար երաշխիք է, որպեսզի խնդիրն անընդհատ մնա խաղաղ կարգավորման հունի մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ՄԽ-ը ընդլայնելու Ադրբեջանի առաջարկը:

Ըստ նրա՝ մի կարևորագույն գործընթաց կա, որ պետք է ապահովեն բոլոր այն պետություններն ու կառույցները, որոնք ցանկանում են խնդիրը մնա խաղաղ կարգավորման հունի մեջ՝ դա Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնելն է և Ադրբեջանին բերել մի դաշտ, որտեղ հնարավորություն լինի խոսել բանակցային գործընթացից և թույլ չտալ Ադրբեջանին յուրաքանչյուր անգամ ձախողել ձեռքբերումները կամ փորձել ձևախեղել բանակցային գործընթացը:

Ա.Զաքարյանի խոսքով՝ հակամարտության բանակցային պատմության մեջ տարբեր առաջարկներ եղել են, բայց դա չի նշանակում, որ հակամարտության կարգավորման տրամաբանությունը փոխվել է. «Այս փուլում էլ այդ տրամաբանության փոփոխություն չի կարող լինել: Այն հենված է միջազգային սկզբունքի վրա, ամբողջությամբ արտահայտում է միջազգային նորմերի և սկբունքների ողջ գաղափարախոսությունը, ունի բավարար դետալացված միջավայր՝ բոլոր հնարավոր խնդիրների քննակում և դրանք պարբերաբար են տեղի ունենում տարբեր ձևաչափով՝ բաց և փակ: Եվ, բնականաբար, ՄԽ ձևաչափը՝ եռանախագահությունը, շարունակում է մնալ ամենաարդյունավետ տարբերակը: Իսկ Ադրբեջանը մի բան կառաջարկի, Թուրքիան մի այլ բան կառաջարկի, դա կոնֆլիկըի կարգավորման պատմության ընթացքում պարբերաբար եղել է»:

Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն՝ որպես կոնֆլիկտի կողմերից մեկը, ունի իր հստակ մոտեցումը՝ ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումը, և ՀՀ-ն երաշխավորն է ԼՂ բնակչության անվտանգության. «Մնացած շատ շատ խնդիրներ պետք է լուծում ստանան Ստեփանակերտում և վերջնական լուծումների մասին խոսել նշանակում է, ունենալ նաև Ստեփանակերտի համաձայնությունը: Դրանով է պայմանավորված, որ ՄԽ համանախագահները պարբերաբար լինում են Ստեփանակերտում: Եվ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց»:

Տեսանյութեր

Լրահոս