Համատեղ պայքար կեղծ դեղերի դեմ

Կեղծ դեղերի դեմ պայքարում ջանքերի համախմբումն այսօր անհրաժեշտություն է:

Երևանում մեկնարկած երկօրյա «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի շրջանակում ստորագրվեց կեղծ դեղամիջոցների դեմ պայքարում համագործակցության Հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱՆ Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, Ինտերպոլի ներկայացուցիչ Սեսիլիա Ֆանտը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դեղերի անվտանգության ինստիտուտի տնօրեն Էշլի Հոուն, Սանոֆի եվրասիական տարածաշրջանի անվտանգության գծով տարածաշրջանային տնօրեն Յուրի Օրլովը, ինչպես նաև Հայաստանում ներկայացված դեղագործական ընկերությունների անվտանգության գծով տնօրեններ։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարը կարևոր է ցանկացած երկրի համար և ՀՀ ԱՆ առաջնահերթություններից է։ Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ Ազգային ժողովում է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով առաջին անգամ հստակ սահմանվում է կեղծ դեղը։ Օրենքն ընդունելուց հետո կմշակվի շուրջ 50 կարգավորող փաստաթուղթ, ինչը կնպաստի նաև Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության կանխմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը փաստեց, որ կեղծ դեղերի շրջանառության հարցը մշտապես գտնվում է ԱՀԿ ուշադրության կենտրոնում, կազմակերպությունը ռազմավարություններ է մշակում կեղծ դեղերի դեմ պայքարելու համար:

«Մասնագիտական շարունակական մոտեցում և հզոր կարգավորիչ մարմին՝ ահա այն բանաձևը, որ ԱՀԿ–ն առաջարկում է երկրներին, այդ թվում` Հայաստանին, որտեղ բոլոր հիմքերը կան արդյունավետ գործունեության համար»,–ասաց ԱՀԿ ներկայացուցիչը:

Գիտաժողովի ընթացքում տեղական և միջազգային մասնագետներն իրենց ելույթներում անդրադարձան կեղծ դեղերի դեմ պայքարի միջազգային փորձին, Եվրոպայում, եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղերի դեմ պայքարի ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2012թ. սեպտեմբերին ստորագրել է «Մեդիքրայմ» միջազգային կոնվենցիան («Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա): Փաստաթուղթն ընդգրկված է Ազգային ժողովի քառօրյա նիստի օրակարգում: Ամենայն հավանականությամբ առաջիկայում խորհրդարանն այն կվավերացնի:

ՀՀ ԱՆ Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը` կարևորելով գիտաժողովի նպատակն ու բարձրացվող խնդիրները, ընդգծեց, որ դաշտում պետք է շրջանառվեն գրանցված, արդյունավետ, որակյալ և անվտանգ դեղեր։ Նա նաև տվյալներ ներկայացրեց Հայաստանում դեղերի գրանցման, կեղծ դեղերի շրջանառությունը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Միջազգային գիտաժողովին միջազգային դեղագործական ճանաչված ընկերությունների և փորձագիտական կառույցների մասնագետներից բացի մասնակցում էին նաև ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը` «Սանոֆի-Ավենտիս գրուփ» դեղագործական ընկերության աջակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս