Բաժիններ՝

Ստեպղինը… և իր գինը

Երեկ Երևանի սուպերմարկետներից մեկի բանջարեղենի բաժնում գնումներ կատարելիս անակնկալի եկա. ստեպղինի գնացուցակի վրա նշված էր՝ 770 դրամ: Համոզված որ վրիպակ կա, վերջին նիշը սխալմամբ է գնապիտակին հայտնվել, բաժնի աշխատակցուհուն առաջարկեցի ուղղել այն, որին իպատասխան նա ասաց, որ իրեն այդ հարցով դիմող առաջին գնորդը չեմ:

Մտորումների տրվեցի, կողքիս տիկնոջն էլ ասացի, թե Իսրայելում որոշել են իրենց բյուջեի կատարումը հայաստանցիներիս հաշվին լուծել: Նրա տարակուսանքին, թե ինչ կապ ունի վաճառվող ստեպղինը Իսրայելի հետ, երբ այն հայկական ծագում ունի, նշեցի որ այն 100 տոկոսով Իսրայելից է ներմուծվել, որը և հաստատեց սուպերմարկետի աշխատակիցը: Տիկնոջ արտահայտությունն առավել քան մտահոգիչ էր. այս ի՞նչ օրն ենք ընկել:

ՀՀ շարքային քաղաքացու տագնապը որոշեցի հասցնել մեր պարենապահովության ու պարենանվտանգության համապատասխան այրերին ու ատյաններ: ՀՀ հարգելի կառավարիչներ, հարգարժան պաշտոնյաներ ու մասնագետներ, տարածաշրջանային խնդիրներում ՀՀ-ն առաջատար հռչակողներ. ընդունենք, որ իրոք մեզ համոզել եք, թե Հայաստան երկրում հնարավոր չէ անհրաժեշտ ծավալներով կաթնա-մսամթերքներ արտադրել, հատիկա-ընդեղեններ մշակել, սոխ ու սխտոր աճեցնել, ստեպղինն ի՞նչ է, որ հողազուրկ Իսրայելից եք ներկրում: Այն ի՞նչ է, հողի աճեցրած չէ՞, ինչ որ հատուկ միջոցներով ու պայմաններում մշակվա՞ծ բույս է:

Ժամեր անց պարզեցի, որ այս մշակաբույսի գերարտադրություն աշխարհում այնքան շատ կա, որ ասենք Ավստրիայում, որի սուպերմարկետներից մեկի գովազդային թերթիկից վերցրել ենք տպագրվող նկարը, այն զեղչված գնով է վաճառվում, ՀՀ 180 դրամին համարժեք եվրոցենտով: Օղակի A+A մակնշումը հաստատում է, որ թե սերմը, թե ստեպղինը ավստրիական ծագման են: Այնպես որ գուցե Ավստրիայից խոշոր եղջերավորներ ներկրելուն զուգահեռ նաև ստեպղինի սերմե՞ր ներկրենք: Հավելեմ, որ հիմնական գյուղատնտեսական նշանակության վարելահողերի ծավալով թե Հայաստանում, թե Ավստրիայում 1 բնակչի հաշվով ցուցանիշը 1700-ական քառակուսի մետր է, իսկ Իսրայելում՝ 350 մետր:

Կարդացեք նաև

Գեղամ Քյուրումյան
18.05.2015 թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս