Բաժիններ՝

Վաղը միասին կտեսնենք՝ կոչեր անողներից ով կգա հացադուլին միանալու. Հացադուլ հայտարարած ազատամարտիկ

«Ինձ լավ եմ զգում և, իհարկե, շարունակելու եմ հացադուլը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որը ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ Խ. Ավետիսյանը հայատարարել էր, որ իրենք՝ 50 ազատամարտիկներով, հացադուլ են սկսելու ապրիլի 20-ից՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանատարկյալների: Սակայն, ազատամարիկները, հաշվի առնելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որոշում էին կայացրել, որ Խ. Ավետիսյանը դեռևս մենակ կսկսի հացադուլը, իսկ ապրիլի 25-ից նրան կմիանան նաև մյուս ազատամարտիկները:

Խ. Ավետիսյանը ապրիլի 20-ին հացադուլ անցկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, իսկ մյուս օրերին՝ տանը: Նա հայտարարել էր, որ ապրիլի 25-ից շարունակելու է հացադուլը կրկին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ իրեն միացած ազատամարտիկների հետ:

Մեզ հետ զրույցում Խ. Ավետիսյանն այսօր տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իրեն խորհուրդ է տվել դիմել շտապ օգնության ծառայությանը, որպեսզի գան արձանագրեն իր հացադուլը. «Դիմեցինք, եկան, արձանագրեցին, որպեսզի հետագայում ասեկոսեների առիթ չլինի»:

Մենք հետաքրքրվեցինք ազատամարտիկից, թե ի՞նչ են ասել իրեն բժիշկները, իր առողջությունը բավարա՞ր է հացադուլի համար: Ի պատասխան՝ Խ. Ավետիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նորմալ է:

Հարցին՝ գլխացավեր, գլխապտույտ չունե՞ք, ազատամարտիկը կրկնեց, որ ամեն ինչ նորմալ է:

Հարցին էլ՝ տեղյա՞կ եք, թե ովքեր են վաղը Ձեզ միանալու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, ազատամարտիկն այսպես պատասխանեց. «Վաղը միասին կտեսնենք՝ և՛ ես, և՛ դուք, և՛ հասարակությունը, թե ովքեր կմիանան: Կտեսնենք՝ նրանցից, ովքեր կոչեր էին անում, թե՝ գնանք, ազատենք, աջակցենք, ազատենք տղաներին, վաղն ով կգա»:

Ազատամարտիկը նաև տեղեկացրեց, որ վաղն ինքը լինելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ առավոտյան ժամը 8-ից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս