Աշխարհի նշանավոր եկեղեցապետերն ու կրոնական կառույցների ղեկավարները` Հայաստանում

Այս օրերին Հայաստանում են եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կառավարական պատվիրակությունների, աշխարհիկ կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ մասնակցում են նաև աշխարհի խոշոր եկեղեցապետեր կամ նրանց ներկայացուցիչներ, միջեկեղեցական կազմակերպությունների եւ կրոնական նշանավոր հաստատությունների ղեկավարներ:

Նրանք բոլորը քիչ հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են լինելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը: Ինչպես լրագրողները տեղեկացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներից Հայաստանում են Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ն, Ասորի Ուղղափառ եկեղեցու և Համայն Արևելքի պատրիարք Մորան Մոր Եփրեմը, Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուելոս Բ-ն:

Հայ Առաքելական եկեղեցու հրավերով Հայաստանում են նաև Արևելյան Ուղղափառ եկեղեցիների նշանավոր առաջնորդներ, ինչպես օրինակ, Անտիոքի եւ Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Նորին Ամենապատվություն Յուհաննա Ժ-ն, Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի և Սլովակիայի Մետրոպոլիտ Նորին Ամենապատվություն Ռաստիսլավը, Վաշինգտոնի Արքեպիսկոպոս, Համայն Ամերիկայի և Կանադայի Մետրոպոլիտ Նորին Ամենապատվություն Մետրոպոլիտ Տիխոն, Սերբիայի Ուղղափառ եկեղեցու, Բուլղարիայի պատրիարքության, Ռուսաստանի և Կիպրոսի Ուղղափառ եկեղեցիների, Երուսաղեմի և Համայն Պաղեստինի Պատրիարքության եւ այլ արևելայն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ:

Կաթոլիկ եկեղեցին նույնպես բարձր մակարդակով է ներկայացված այս օրերի աշխարհիկ և հոգևոր միջոցառումներին: Հայաստան են ժամանել Մարիոնի Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Ամենապատվություն Մորան Մոր Բեչարա Բութրոս Ալ-Ռահիին, Քրիստոնեական Միասնության Աջակցման Պապական Խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Կարդինալ Կուրտ Կոխը:

Կարդացեք նաև

Անգլիական եկեղեցուց Հայաստանում են Լոնդոնի եպիսկոպոս Հոն Ռիչարդ Չարթերսը եւ Սուդանի անգլիական եկեղեցուց Նորին Սրբազնություն Ենոք Թոմբեն:

Հայ Առաքելական եկեղեցու հրավերն ընդունել և Հայաստան են ժամանել Էկումենիկ կազմակերպությունների և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղար Ջիմ Վինքլերը, Շվեդիայի եկեղեցուց Նորին Սրբազնություն Արքեպիսկոպոս Էմիրութուս Արներս Վայրիդը, Դանիայի Լյութերական եկեղեցու, Նորվեգիայի եկեղեցու ներկայացուցիչներ, Տուրկուի եւ Ֆինլանդիայի արքեպիսկոպոսը, Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի Գլխավոր քարտուղար Հայր Միշել Ջալախը, ԵՀԽ-ի Գլխավոր քարտուղար Օլավ Օվեյթը, Եւրոպական եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ նորին Սրբազնություն Քրիստոֆեր Հիլլը, «Կրոնները Հանուն Խաղաղության» կազմակերպությունից Նորին Սրբազնություն Գուննար Շթելսեթթը, Ս. Էդիջիո համայնքի գլխավոր քարտուղար Հայր Մարկո Գնավին:

Նշված միջազգային կրոնական կառույցների ղեկավարները եւ ներկայացուցիչները, ներկա լինելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, հատկապես ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, փաստում են, որ իրենց ղեկավարած կամ ներկայացրած կառույցները ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս