Սա ընդամենը նողկալի հերյուրանք է. Հրանտ Բագրատյանը՝ կինոռեժիսորի հայտարարության մասին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ ապրիլի 6-ին, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ասել է, որ ժամանակին ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանն իրենց ասել է, թե կինոարտադրողն ու նրբերշիկ արտադրողը պետք է նույն կերպ հարկվեն:
168.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում այս կինոռեժիսորի անունը. «1994 թվականից բյուջեում դրել եմ տարեկան երկու գեղարվեստական ֆիլմ նկարահանելու պարտավորությունը, սա վախկոտ մտավորականության հայտարարություն է. նախկինին քննադատելով՝ ցանկանում են բան հասկացնել այս իշխանությանը: Սա ընդամենը նողկալի հերյուրանք է»: Նա նշեց, որ իր վարչապետության ժամանակ «Հայֆիլմը» սկսեց գեղարվեստական ֆիլմեր նկարահանել, իսկ երբ կինոարտադրողներին հարկային արտոնություն էին տալիս, դառնում էր մեծ կրիմինալ: «Նման հարց ԱՊՀ վարչապետները քննարկել են, օրինակ, վաղամեռիկ Գունդարևայի մասով։ Տվել էինք արտոնություն, և այն մեծ խնդիր էր դարձել։ Կինոն կոմերցիա է, և ամբողջ աշխարհում այն հարկվում է։ Ամենուր, հասկանալի՞ է։ Հիշեք Դեպարդյեին։ Եվ ուրեմն Հայաստանում էլ է այդպես։ Բայց ինչո՞ւ վեցնել ու Բագրատյանի անունը տալ։ Եվս 11 այլ անուններով վարչապետներ ու 3 նախագահներ կան»,- ասաց նա։ «Հարկային արտոնություններ կինոյի և արվեստի ոլորտներին չեն տալիս, լավագույն դեպքում՝ հաշվանցում են հարկերը: Իսկ եթե պետպատվեր է լինում, հարկերը ներառված են լինում»,- հայտնեց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ կինոն հարկերից չի ազատվում, որովհետև հակառակ դեպքում՝ բյուջեն չի կարելի թողնել առանց կոպեկի: «Խնդիրը կինոյից եկած եկամուտը չէ, այլ հարակից ոլորտների, որոնց հետ տնտեսական գործարքի մեջ է մտնում կինոարտադրողը։ Վերջապես, արտոնություն եք ուզում, գնացեք ներկա իշխանությունից ուզեք։ Ի՞նչ կարիք կա վկայակոչել չեղած խոսակցություններ»։ Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի մշակման ուղղությամբ, որի առաջին տարբերակը պատրաստ կլինի 15 օրից: