ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև պայմանագրի լեգիտիմությունը. Պետդեպարտամենտ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի լեգիտիմությունը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին.
«ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի օկուպացված տարածաշրջան Հարավային Օսիայի միջև այսօր ստորագրված այսպես կոչված պայմանագրի լեգիտիմությունը:
Թե՛ տվյալ փաստաթուղթը, թե՛ դրա նման փաստաթուղթը, որը 2014 թվականի նոյեմբերին ստորագրվել է Աբխազիայի հետ, չեն հանդիսանում միջազգային գործող պայմանագրեր»:
Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Աբխազիան ու Հարավային Օսիան համարել Վրաստանի անքակտելի տարածքներ: Փսակին Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները:
Ռուսաստանի ու Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Լեոնիդ Թիբիլովը մարտի 18-ին ստորագրել են դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիր, որը ստորագրվել է 25 տարի ժամկետով՝ այն տասնամյակներով երկարաձգելու հնարավորությամբ: