Հայաստանում արտաքին գովազդի պատվերները 20-40 տոկոսով նվազել են
Երևանի փողոցներում գնալով ավելի հաճախ կարելի է հանդիպել դատարկ գովազդային վահանակների։ Արտաքին գովազդները նվազում են, ինչը տեսանելի է անզեն աչքով։ Ընկերությունները տարին սկսել են իրենց մարքետինգային ռազմավարության մեջ փոփոխություններով և գովազդային ծախսերի կրճատմամբ: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նուշիկյան ասոցիացիայի» տնօրեն Արտյոմ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա արտաքին գովազդի մի ոլորտ, որտեղ փոփոխություններ եղած չլինեն:
«Որոշ ընկերություններ ժամանակավոր դադարեցրել են գովազդային արշավը կամ կրճատել են ծավալները: Հունվար-փետրվար ամիսներին միանգամից 20-25 տոկոս անկում ունեցանք։ Կարծում եմ, մեր կանխատեսումներով՝ շատ երկար չպետք է այսպես շարունակվի. ապրիլ-մայիս ամիսներին կվերականգնվի, թեև միանգամից նույն ծավալներին չի հասնի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ անկումը պայմանավորված էր տնտեսական գործունեության կանոնների կտրուկ փոփոխություններով:
Նա նշեց, որ իրենք կապի մեջ են մշտական գործընկերների հետը և կանխատեսումներ անում են` նրանց հետ զրույցներից ելնելով: Չի բացառվում, որ տարվա վերջում հասնեն նախկին ծավալներին. «Ցավալին այն է, որ անցումն աստիճանաբար չեղավ, այլ կտրուկ, դա, իհարկե, նաև մեր գործունեության վրա վատ անդրադարձավ: Ինչ վերաբերում է ընթացիկ արտաքին գովազդներին, պետք է նշեմ, որ մենք ունենք խոշոր գործընկերներ՝ «ՎիվաՍել», «ԱրմենՏել», Երևանի կոնյակի գործարան և այլն, որոնք, որպես կանոն, միշտ զբաղվում են գովազդային գործունեությամբ, այդ թվում՝ նաև արտաքին գովազդով։ Չնայած իրենց ծավալները ևս ընկել են, սակայն շարունակում են աշխատել»:
Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ որոշ կազմակերպություններ, որոնց հետ համագործակցության երկար փորձ ունեն, 2-3 ամսով դադարեցրել են գործունեությունը. օրինակ, ալկոհոլային խմիչքներ ներմուծող ընկերությունները, վերջիններս փորձում են հասկանալ իրավիճակը և նոր վերսկսել աշխատանքը:
«Նման վիճակ մեր գործունեության մեջ եղավ այն ժամանակ, երբ ԱԺ-ում ծխախոտի արտաքին գովազդի հետ եղած որոշում կայացվեց, իսկ այդ տարիներին ծավալային առումով գովազդատուների ցանկում առաջին տեղում էին ծխախոտի իրացմամբ զբաղվող ընկերությունները»,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման համընդհանուր վիճակ չի եղել անգամ 2008 թվականին:
«Des Ad» ընկերության տնօրեն Էդուարդ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց պատվիրատու խոշոր ընկերությունները սկսել են ոչ միայն կրճատել պատվերների ծավալները, այլև ընտրում են ամենաէժան տարբերակը:
«Բանկերի մի մասը, մոլերը, դեղատներն ամենաօպտիմալ, էժան և համեստ պարբերակն են պատվիրում, խնդիրն այն է, որ կրճատվել է բյուջեն, և ցանկանում են հնարավորինս գումարի մեջ տեղավորվել: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ մոտ 40-50 տոկոսով պատվերների քանակն ընկել է: Մյուս կողմից էլ՝ գին իջեցնելով՝ գովազդային ընկերություններն աշխատում են մինիմալ եկամտաբերությամբ»,- հայտնեց Է. Ավետիսյանը:
Վերջինս մտավախություն ունի, որ իրավիճակը կայունանալուց հետո գովազդային ընկերությունների համար դժվար կլինի պատվիրատուին նախկին գներն առաջարկել. «Չնայած իրավիճակը պարզ է բոլորիս, որովհետև շատ դեպքերում այնպիսի գործընկերային հարաբերություններ են, որ գովազդը տեղադրելուց հետո, պատահում է, մի քանի շաբաթ սպասում ենք գումարին, սակայն ամեն դեպքում ընկերության համար իմիջի խնդիր է, և չի կարող ժամանակ առ ժամանակ գների փոփոխություն անել»: