Քոչարյանը հանձնում է ԲՀԿ-ն
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հաստատել է արդեն մի քանի օր մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը: «Վարդան Օսկանյանը պատահական որոշումներ չի ընդունում պահի տակ: Ըստ երևույթին՝ այն նպատակները, այն մեխանիզմները, որով ինքը պատկերացնում էր, որ ճանապարհ պետք է անցնի, իր պատկերացրած միջավայրը չկա: Ըստ էության՝ ինքն այս պահին պաուզա է վերցնում՝ 2017-ի ընտրություններին նախապատրաստվելու համար»,- ասել է Մելքումյանը:
ԲՀԿ-ն լքողների թվում հատկապես Վարդան Օսկանյանի հեռացումը շատ «խորհրդանշական» է: Օսկանյանը, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ներկայացուցիչն էր ԲՀԿ-ում: Եթե նա վայր է դնում պատգամավորական մանդատը, անկախ նրանից՝ կշարունակի՞ մնալ ԲՀԿ-ի անդամ, թե՞ ոչ, ըստ էության, հեռանում է կուսակցությունից: Այսինքն՝ գոնե անուղղակիորեն ԲՀԿ-ից հեռանում է, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ ԲՀԿ-ն «հանձնում» է նաև Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից հետո ԲՀԿ-ի դեմ սկսված ճնշումների առաջին օրերին կանխատեսումներ էին հնչում, թե գուցե Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ «տեր կկանգնի» իր կողմից ստեղծված կուսակցությանը, որի հաջողությունները, ինչպես ինքն էր հայտարարել, ոգևորում էին իրեն: Սակայն Քոչարյանը բավարարվեց գրեթե ոչինչ չասող մի փոքր հարցազրույցով ու, ինչպես մամուլում է հրապարակվել, այս օրերին ձմեռային հանգիստն է վայելում Ծաղկաձորում՝ դահուկ քշելով:
ԲՀԿ-ից, այսպիսով, հեռանում է Քոչարյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը՝ Վարդան Օսկանյանը: Եթե, իհարկե, չհաշվենք Գագիկ Ծառուկյանին, ով վաղը, ամենայն հավանականությամբ, դե ֆակտո կլքի սեփական կուսակցությունը՝ գուցե պահպանելով ինչ-որ խորհրդանշական կարգավիճակ: