Գեները կարող են ազդել քնի տևողության վրա

Համարվում է, որ նորմայում մարդը պետք է օրական քնի միջինում 8 ժամ: Մարդիկ, սակայն, տարբեր են, և նրանց մի մասը քնում է ավելի շատ, քան նախատեսված է, իսկ մյուս մասը՝ ավելի քիչ: Անշուշտ, դա կախված է հոգնածության աստիճանից, ընդունած սննդից, առողջական վիճակից, և այլն: Պարզվում է՝ քնի տևողությունը կախված է նաև գեներից:

Բոստոնի (ԱՄՆ) Քնի խանգարումների կենտրոնի գիտնականները վերլուծել են մոտ 50 հազար մարդու գենետիկական նյութը և ստացված տվյալները համեմատել են նրանց գիշերային քնի միջին տևողության հետ: Արդյունքում հնարավոր է դարձել գենոմում հայտնաբերել երկու տեղամաս, որոնք կարող են ազդել քնի տևողության վրա: Molecular Psychiatry  գիտական ամսագրում տպագրված հոդվածում նշվում է, որ տեղամասերից մեկը կապված է քնի՝ երկար, մյուսը՝ կարճ տևողության հետ: Սակայն, ինչպես հայտնի է, գենը հազվադեպ է կապված լինում մեկ հատկանիշի հետ: Պարզվել է՝ գոյություն ունի կապ «երկարատև քնի տեղամասի» և գլյուկոզայի ավելի լավ տիպի փոխանակության միջև: Այս տեղամասը փոքրացնում է նաև ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշի հանդիպման հավանականությունը: Իսկ «կարճատև քնի տեղամասը» կարող է մեծացնել շիզոֆրենիայի և դեպրեսիայի առաջացման հավանականությունը:

Հայտնի է, որ շատ երկարատև կամ շատ կարճատև քունը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Բացահայտվել է, որ 6 ժամից պակաս կամ 10 ժամից ավելի քնելու դեպքում, բացի նյարդային խանգարումներից, կարող են առաջանալ սրտանոթային և նյութափոխանակային հիվանդություններ: Կան տվյալներ կարճատև քնի և երկրորդ տիպի շաքարախտի միջև կապի մասին:

Գիտնականները դեռևս չեն պարզել, թե ինչպես են վերոնշյալ կարճատև և երկարատև քնի տեղամասերն ազդում քնի տևողության վրա: Ենթադրվում է, որ երկարատև քնի տեղամասը ազդում է քնի տևողության վրա՝ կարգավորելով թիրեոիդային հորմոնների մակարդակը (վահանաձև գեղձի հորմոններ): ԴՆԹ-ում երկարատև քնի տեղամասը գտնվում է վահանաձև գեղձի զարգացումը կարգավորող PAX8 գենի հարևանությամբ: Իրար կողքի գտնվող տեղամասերը հաճախ են ազդում մեկը մյուսի վրա: Այս վարկածի օգտին խոսում է այն փաստը, որ վահանագեղձի թերֆունկցիա ունեցող մարդիկ դառնում են քնկոտ, իսկ թիրեոիդային հորմոնների բարձր մակարդակն անքնություն է առաջացնում:

Հեղինակներն ընդգծում են, որ երկարատև և կարճատև քնի գենետիկական հիմքերն ուսումնասիրելիս չպետք է մոռանալ արտաքին գործոնների (էկոլոգիա, սովորություններ) մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս