Զոյա Թադևոսյան. «Մեծածավալ ներկրողները հենց այն մարդիկ են, ովքեր օրենք են ստեղծում»
«Շրջանառության հարկի նույնիսկ 1 տոկոս իջեցնելու պայմանում փաստաթղթավորման պահանջը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում փոքր և միջին ձեռնարկատերեի զարգացման համար, հատկապես երբ դրանք ի զորու չեն պահանջվող փաստաթղթերը վերցնել մեծածախ վաճառողներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը՝ նշելով, որ մեծածախ վաճառողները պարզապես մերժում են փաստաթղթեր տրամադրել:
«Եթե հաշվի չառնենք, որ նրանք չեն ուզում իրենց իրական շրջանառությունն ակնհայտ երևա, նրանց համար յուրաքանչյուր անգամ փոքրի համար փաստաթուղթ գրելը լրացուցիչ զբաղվածություն է, լրացուցիչ գործ է, գլխացավանք»,- ասաց Զոյա Թադևոսյանը: Նրա խոսքով՝ եթե ստուգումների արդյունքում պարզվում է, որ փոքր և միջին ձեռնարկատերերը չունեն անհրաժեշտ փաստաթղթերը, նրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, ինչը, նրա համոզմամբ, կհանգեցնի նրան, որ փոքր և միջին ձեռնարկատերերը չեն դիմանա մրցակցությանը և չեն աշխատի:
«Ահա, սա է վտանգը: Չնայած ինչ-որ տեղ այդ օրենքի փոփոխությունը բացատրում են նրանով, որ նպատակը նաև խոշոր կամ, ինչպես իրենք են ասում՝ մոնոպոլ ներկրողներին հարկային դաշտ բերելն է, ստերվային տնտեսությունը նվազեցնելը և այլն, և այլն: Ես կարծում եմ, որ աշխարհը վաղուց բազմաթիվ մեխանիզմներ է գտել՝ ինչպես ցանկացած մեծության ձեռնարկատիրոջը բերի հարկային դաշտ: Պարզապես նրանց այդ մեխանիզմները չեն հետաքրքրում, որովհետև եթե լրագրողները լավ հետաքննություն իրականացնեն՝ կտեսնեն, թե ովքեր են մեծածավալ ներկրողները և կհասկանան, որ այդ մեծածավալ ներկրողները հենց այն մարդիկ են, ովքեր օրենք են ստեղծում, և նրանց համար այդ օրենքն այնպիսին պիտի լիներ, որ իրենց գրպանին չկպչեր, կչպեր փոքր ու միջին ձեռնարկատերերի գրպանին»,- ասաց Զոյա Թադևոսյանը՝ նշելով, որ Հայաստանում հարկերի հավաքման խնդիր կա, մենք չենք կարողանում մենաշնորհային դիրքեր ունեցողներից մեծ հարկեր ներգրավվել բյուջե, պետք է հարկերի մեծացման ճանապարհով կարողանանք դա վերցնել փոքր և միջին ձեռնարկատերերից:
«Բայց դա շատ կարճատես լուծում է, որովհետև փոքր ու միջինն այդ պայմաններում գոյատևել չի կարող, մեծաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ կփակվեն շատ կարճ ժամկետում, և նորից կնվազեն պետության հարկային հնարավորությունները: Այնպես որ՝ պետությունը պետք է աշխատի որքան հնարավոր է փոքր ու միջին ձեռնարկություններին արտոնյալ պայմաններ տրամադրել»: