Բաժիններ՝

Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի արևելքում ստեղծել երկարաժամկետ հակամարտություն. ամերիկյան հետախուզություն

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի արևելքում ստեղծել երկարաժամկետ հակամարտություն և շարունակելու է ռազմական ու ոչ ռազմական մեթոդների օգնությամբ ճնշում գործադրել Կիևի վրա:

Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում գլոբալ սպառնալիքների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության տնօրեն Վինսենտ Ստյուարտը:

Նա ընդգծել է, որ իրենք կարծում են, որ Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի ռազմական նոր դոկտրինին ու ռազմավարությանը:

Պենտագոնի Հետախուզական վարչությունը կարծում է, որ Ռուսաստանը հաջողությամբ թարմացրել է այդ դոկտրինը, որպեսզի նախատեսի ռազմական գործողությունների նոր մեթոդների օգտագործման հնարավորություն և էական առաջընթացի հասնի իր միջուկային ու սովորական սպառազինության արդիականացման հարցում:

Ստյուարտն ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ չնայած տնտեսական բարդություններին՝ 2015 թվականին Ռուսաստանի ռազմական ակտիվությունը կպահպանվի բարձր մակարդակի վրա, կանցկացվեն մեծ թվով զորավարժություններ, կշարունակվի վերազինումը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ձգտում է ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք կլինեն ավելի փոքր ու մանևրային և կկարողանան հեռանկարում կատարել ավելի տարատեսակ առաջադրանքներ: 2014 թվականին Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ռեկորդային թվով ռազմաօդային ու ռազմածովային զորավարժություններ է իրականացրել արտերկրում:

Ամերիկյան ռազմական հետախուզությունն ակնկալում է, որ այս տարի նրանք իրենց գործողությունները կակտիվացնեն Կարիբյան ու Միջերկրական ծովերում: Պենտագոնում նաև կարծում են, որ Ռուսաստանը նախկինի նման հատուկ նշանակություն է տալու իր ռազմավարական միջուկային ուժերին ու շարունակելու է միջմայրցամաքային մոբիլ բալիստիկ հրթիռների արդիականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս