«Հո չենք կարող երկու մասի կիսել այդ անձին». Գևորգ Կոստանյանը՝ Պերմյակովի մասին
Գյումրիոմ կատարված դեպքերի վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում պատգամավոր Շիրակ Թորսյանն ասաց, որ ՀՀ և ՌԴ միջև 1997թ. կնքված պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ մի խումբ անձանց հանցագործության կատարման մեջ մեղադրելու դեպքում, եթե մեղադրյալներից թեկուզ մեկի գործը վերաբերում է ՀՀ իրավասությանը, ապա բոլոր մեղադրյալների գործերը քննվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից, իսկ կողմերի համաձայնությամբ ռուսական ռազմական բազայի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ գործերն առանձնացվում են և հանձնվում ռուսատանյան կողմին:
Պատգամավորի կարծիքով՝ տվյալ դեպքում կա նման իրավիճակ, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս հնարավոր համարո՞ւմ է, որ ռազմաբազայի տարածքը ինքնակամ լքելու մասով հանցագործությունը հանձնվի ռուսական կողմից, իսկ ՀՀ քաղաքացիների սպանության մասով գործը հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ նրա խոսքով՝ այսօր ողջ հայ ժողովրդի ցանկությունը մեկն է. «Հանցագործը դատվի Հայաստանի օրենքներով, Հայաստանի իրավապահ մարմինների կողմից և պատիժը կրի ՀՀ տարածքում»:
Գևորգ Կոստանյանն ասաց, որ այս դեպքում վկայակոչվող պայմանագրի 6-րդ հոդվածն առնվազն կիրառելի չէ, քանի որ նախ՝ մի խումբ անձանց կողմից հանցագործության կատարման փաստ չունենք:
«Երկրորդը՝ շատ լավ է, որ դուք ինքներդ ընթերցեցիք, որ մենք խոսում ենք գործերի վարույթների առանձնացվածության մասին: Շատ լավ: Վարույթները կարող ենք առանաձնացնել: Այ հիմա ասում են՝ վարույթը մենք քննենք: Բա անձին ի՞նչ անենք: Հո չենք կարող երկու մասի կիսել այդ անձին: Դրա համար է հենց պայմանագիրը այն բովանդակությամբ, որ երբ ամեն կողմդ՝ յուրաքանչյուրդ, ձեր իրավազորության տակ գտնվող փաստերի կապակցությամբ քննություն անելուց հետո իրար հետ կքննարկեք այդ հարցերը, որովհետև գոնե օբյեկտիվ փաստ է, որ անձին չենք կարող երկու մասի կիսենք:
Վարույթները կարող ենք տարանջատել: Բայց եթե դա կհանգեցնի նրան, որ վարույթների տարանջատման դեպքում անձը կարող է մի դեպքում ենթարկվել պատասխանատվության, մի դեպքում՝ ոչ… Օրինակ՝ հիպոթետիկ պատկերացնենք՝ այդ զինվորական հանցագործությունների վարույթն ընդունենք հանձնել ենք ռուսական կողմին, քննում է ռուսական կողմը և հետո ռուսական կողմը քրեական պատասխանատվության է ենթարկում այդ զինվորական հանցագործության կատարման համար: Ընդունենք՝ մեր սպանության գործը չենք հանձնում իրենց, չենք փոխանցում իրենց: Հետևաբար՝ միայն ռուսական կողմում կատարված հանցագործության համար է, չէ՞, անձը ենթակա պատասխանատվության: Այսինքն՝ Հայաստանի իրավազորության տակ գտնվելու պայմաններում այդ արարքի համար պատասխանատվություն չի լինելու, չէ՞: Չի՛ կարող լինել: Այ, հենց դրա համար է, որ այս նույն պայամանգիրը սահմանում է, որ եթե դուք՝ պետություններ, կանգնեք նման փաստի առաջ, իրար հետ քննարկեք վարույթների փոխանցման հարցերը: Արդեն բազմիցս ասացի՝ սա, իհարկե, կքննարկվի, և որոշումներ կկյացավեն այնչափ, որչափ դա կնպաստի իրական արդարադատության իրականացմանը»: