Բաժիններ՝

«Ողբերգությունը վաղուց է սկսվել, երբ մեզ հետ ով ինչպես ուզում վարվում է». Սոս Ջանիբեկյան. lragir.am

lragir.am-ը զրուցել է  դերասան Սոս Ջանիբեկյան-ի հետ.

Սոս, Գյումրիի ողբերգությանը և դրան հաջորդած դեպքերին զարմանալիորեն շատ քիչ դերասաններ, երգիչներ արձագանքեցին: Դուք այդ բացառություններից մեկն եք, որ անդրադարձաք: Նման լռությունը, ձեր կարծիքով, ինչի՞ հետևանք է:

Երևի հուսահատությունն է պատճառը: Օրինակ՝ ինքս ունեմ ամեն երևույթի չարձագանքելու բարդույթ, որովհետև պետք է ուշադիր լինել, որ այդ ամենը լրատվամիջոցներով PR չդիտարկվի: Տեսնում եմ, որ նման միտում կա հայտնի մարդկանց շրջանում՝ ցանկացած երևույթի պատասխանել այնպես, որ ժողովրդին դուր գա, ու դրանից հետո նա այդ խնդրով չի ապրի նույնիսկ մեկ վայրկյան:

Առհասարակ, երբ մարդիկ պահանջում են, թե ինչպիսի վշտի դրսևորում պիտի ունենա մեկ ուրիշը, կարծում եմ շատ սխալ է, որովհետև նախ դա մեծամտություն է: Facebook-ում իմ կողմից մեկնաբանություն գրելու շարժիչ ուժը հանդիսացավ այն, որ շատ մարդիկ ինձ պասիվ էին տեսնում այդ երևույթի շուրջ, մարդիկ սկսեցին քննադատել գործընկերներիս, ընկերներիս ու շատ մարդկանց, որոնք ինչ-որ դրական ֆոտոներ էին տեղադրել և կարծես այդ վշտին ու ողբերգությանը մեծ ուշադրություն չէին դարձրել:

Կարծում եմ` վիշտը ողբերգություն դարձնելը հարցի լուծում չէ և ոչ մեկին էլ չի մխիթարում, ոչ սպանվածների հարազատներին, ոչ մյուսներին: Այսինքն` ավելի գլոբալ պետք է դիտարկես խնդիրը, թե ինչքան բան է կատարվում մեզ հետ, ինչպես են կարողանում մեզ հետ վարվել այնպես, ինչպես ուզում են, ու ինչպես Նժդեհն էր ասում, թուրքը շատ վատն է, բայց հայի վատը չարիք է:

Մեջբերելով Նժդեհին՝ ուզում էի ասել, որ այդ խնդիրն ամեն տեղ գոյություն ունի: Հայը հայի հանդեպ ևս կարող է շատ դաժան լինել, ու երբ ասում են հայերին հանգիստ թողեք, իրենք իրենց կվերացնեն, իսկապես այդ ագրեսիան, այդ չարությունը կա: Մենք համախմբվում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ կողքից մեկը «բզում» է, բայց երբ ամեն ինչ հանգիստ է, ինքներս ենք սկսում մեզ «բզել»:

Այսինքն՝ իմ ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ինքս ինձ հետ անկեղծ լինեմ, ու եթե արձագանքում եմ որևէ ժողովրդական խնդրի, դա պայմանավորված չլինի հասարակության շրջանում տպավորություն թողնելու ցանկությամբ: Իսկ եթե անարդարության դեմ պայքարենք, ես ուղղակի ժամանակ չեմ ունենա նույնիսկ մեկ վայրկյան ապրելու, որովհետևւ անարդարությունը միայն նման սուր դեպքերը չեն, դա ամեն օր ու ամենուր է, իսկ սուր դեպքերը դրանց հետևանքներն են:

Գյումրեցիների այս ակտիվությանն ինչպե՞ս եք վերաբերվում, երբ մարդիկ չեն հանգստանում, պահանջում են մեղադրյալին հանձնել հայկական արդարադատությանը և դատել հայկական օրենքներով:

Իհարկե, պետք է պահանջենք, որ դատավարությունը կլինի Հայաստանում, որովհետև երբ մեր հայրենակիցը Ռուսաստանում բեռնատարով վթարի պատճառ դարձավ, այն էլ տեխնիկական անսարքության պատճառով, ոչ թե մարդկային ագրեսիայի, պատժվեց իրենց երկրում: Բնականաբար Գյումրիի սպանդի հեղինակն էլ պետք է պատասխան տա մեր երկրում: Ես չեմ ուզում սիրտս չարացնել, հոգիս ու ձեռքերս կեղտոտել, թե ինչ կուզեի նրա հետ լիներ: Եթե թողնեմ տաքարյուն հայիս բնազդային մակարդակի վրա, կուզեի, իհարկե, որ նրան մասնատեն, բայց երբ ավելի գիտակից ու ավելի բարձր կետից եմ նայում խնդրին, ես չեմ ուզում «քիթս խոթել» դատավճռի կայացման գործի մեջ, նույնիսկ մեկնաբանություն թողնել այդ մասին:

Բայց կարծում եմ, որ քանի որ իրենք չվերադարձրին մեր քաղաքացուն, մենք էլ չպիտի վերադարձնենք նրանց քաղաքացուն: Այդպես է ճիշտ և արդար:

Գյումրեցիները իրենց ակտիվությամբ ստիպում են հաշվի նստել իրենց հետ:

Լինելով մի փոքր սուբյեկտիվ՝ պետք է ասեմ, որ ես գյումրեցիներին շատ եմ սիրում թե իրենց մարդ տեսակի, թե այն բազմաթիվ տաղանդաշատ մարդկանց համար, ովքեր դուրս են եկել այդ քաղաքից, որը շատ տաղանդաստեղծ հող ունի: Եվ շատ եմ ցավում: Ափսոսում եմ, որ հիմա այնտեղ վիշտ է: Չգիտեմ ինչ ասեմ, ինչ էլ ասեմ, հիմարություն կհնչի, սա այդ դեպքերից է, որ միայն կարող եմ ասել՝ Աստված ձեզ հետ:

Գյումրիում Ավետիսյանների թաղման արարողությանը կառավարական մակարդակով մարդ չկար, միայն մի քանի պատգամավորներ էին, այնինչ Փարիզում «Շառլի Էբդո» շաբաթաթերթի դեմ ահաբեկչությունից հետո ողջ աշխարհը ցնցվեց և առաջին դեմքերի մակարդակով էին դեպքի վայրում: Արդյոք ադեկվա՞տ էր ՀՀ իշխանությունների արձագանքը տեղի ունեցածին:

Ես չեմ փորձում դա գնահատել, որովհետև այդտեղ ձևն ու բովանդակությունը մի փոքր խառնված է իրար: Facebook-ում իմ մեկնաբանությանն արձագանքեցին մի քանի գյումրեցիներ, որոնք գրում էին, որ ռուսները շատ լկտի են, իրենց ինչպես ուզում պահում են Գյումրիում:

Եվ մի քանի հոգի բարկությամբ էին լցված իմ հանդեպ, որովհետև չէին հասկացել գրածիս բովանդակությունը, որ ես չեմ խոսում այն մասին, որ նա չպետք է պատժվի: Ես խոսում եմ այն մասին, որ մենք իրարից չպահանջենք, թե ինչպես պետք է լինի մեր վշտի դրսևորումը:

Մենք վաղուց պետք է հասկացած լինենք, որ մեզ հետ ինչ ուզում անում են: Ինչպե՞ս կարող էր ստացվել, որ 1915-ին 1,5 մլն հայ կոտորվեր, այդքան մարդով կարելի է աշխարհը գրավել: Ինչպե՞ս է ստացվում, որ մեզ հետ պարբերաբար նման բաներ են տեղի ունենում: Այդ ամենի պատճառը մեր մեջ պիտի փնտրենք, մեր ներսը նայենք:

Երբ ինչ-որ հեղինակություն վայելող մարդկանց որդիները կարող են ամեն պահի թուրքի պես վարվել հայի հետ, երբ մենք տեսնում ենք, թե ինչպես ինչ-որ օլիգարխի թիկնապահներ ծեծելով սպանեցին մի հայի, երբ տեսնում ենք, որ մեզ հետ անընդհատ այդպիսի բաներ են կատարվում, նշանակում է ողբերգությունը չի սկսվում այս մի դեպքով: Ողբերգությունը վաղուց է սկսվել, երբ մեզ հետ ով ինչպես ուզում վարվում է, և կրկնակի ցավ է, երբ հայն է հայի հետ այդպես վարվում, ինչպես գնդակի հետ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս