Ինչու են ռուս քննիչները «գլխապատառ» եկել Հայաստան. Ս. Սաֆարյանը մի քանի վարկած է առաջ քաշում
«Երբ ռուսական կողմը հայտարարեց, որ քննությունը իրենք են իրականացնելու, բռնելուց հետո էլ հայատարվեց, որ գտնվում է սահմանապահների մոտ, հասկացանք, որ բացարձակ այլ երևույթի հետ գործ ունենք և հետևանքները տեսնում ենք: Դրա պատասխանն էր երեկ Գյումրիում տեղի ուենցածը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ խոսելով Գյումրիում տեղի ուենցած ողբերգական սպանությունների մասին, նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշեց, որ ինքը երեկ իր ընկերների հետ նույնպես Գյումրիում էր. «Պետք է ասեմ, որ դա հանաք, կատակ բան չէր: Գյումրին, շատ ծանր սգալով, բայց նաև շատ պայթյունավտանգ է: Իմ կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է շնորհակալություն հայտնեն Գյումրիին, որ խայտառակվելուց փրկում է ուղղակի»:
Ս. Սաֆարյանը չէր պատկերացնում, որ ռուսական կողմն այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական բարեկամությանը. «Մեղադրյալին վերցնել իր տրամադրության տակ, չհասկանալ մարդկանց զայրույթի պատճառները, անհարկի կրքեր գրգռել հենց նույն ռուսական ռազմաբազայի դեմ, երբ դրանք կարող էին չլինել որովհետև հիմա օբյեկտիվորեն բոլոր հարցերի հասցեատերը դարձել է ռուսական ռազմաբազան»:
Ըստ Ս. Սաֆարյանի՝ ռուսական քննչական խմբի ներկայությունն այստեղ երկու բացատրություն կարող է ունենալ.
«Կամ՝ տեղի է ունեցել սարսափելին, որի մասշտաբների մասին մենք էլ չենք պատկերացնում, նկատի ունեմ ոճիրի բնույթը, միգուցե դա իսկապես շատ առանձնահատուկ օպերացիա է, դիվերսիա է, որի թիրախը կարող է լինել հայ-ռուսական հարաբերությունները, որի թիրախը կարող է լինել ռուսական ռազմաբազան և այլն:
Կամ՝ իսկապես, մի շատ աշխարհաքաղաքական նշանակության մի բան է տեղի ունեցել, որ իրենք այդպես գլխապատառ եկել են և փորձում են հասկանալ»:
Ս. Սաֆարյանը չի կարողանում հասկանալ, թե այդ ինչ պետք է տեղի ունեցած լիներ, որ այսպիսի ուշադրության արժանանար. «Ի սկզբանե մեզ խելամիտ էր թվում, որ ընդամենը տեղի քննիչները պետք է կարողանային բացահայտել, բայց երբ հրապարակ նետվեց, որ նա մի քանի կիլոմետր ոտքով կտրել, ավտոմատը ուսին գնացել է ջուր խմելու և այդ ամբողջը արել է, որ վկաներ չլինեն, հետևաբար՝ երկրորդ տարբերակը, որ մեզ մնում է ենթադրել, դա այն է, որ եթե առաջինը չէ, ուրեմն՝ այդ քննչական խումբը եկել է այդ ոճրագործին փրկի, այսինքն՝ տանի, ռուսական ռազմաբազայի այդ բարդակի էպիզոդները վերացնի և այլն և այլն»: