Բաժիններ՝

«Տարվա բոլոր եղանակներն էլ թեժ եղան». Աննա Իսրայելյան

Ինչպես շատուշատ հաղորդումների վերջում է ասվում` «տարին մոտենում է իր տրամաբանական ավարտին», ու սկսվում է Նոր տարին` անորոշ պայմանագրերով, նոր ռեժիմներով ու անվերջ խոստումներով: Թվում է` կավարտվի տարին, կպարուրվենք դրական հուշերով ու մեծ ոգևորությամբ կդիմավորենք նորը, բայց դրական սպասումներ այս ամենից հետո ոչ բոլորն ունեն: Առցանց «Առավոտի» խմբագիր, հայտնի լրագրող Աննա Իսրայելյանը նույնպես առանձնապես դրական սպասելիքներ չունի, իսկ այս տարին իր հուշերում կպահպանվի` որպես լարված տարի: Այս անգամ տարին ամփոփենք Աննա Իսրայելյանի հետ:

– 2014 թվականից ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք: Ինչպիսի՞ տարի էր 2014-ը:
– Չգիտես ինչու` լարված տարի էր: Այ, հիմա էլ, թեև Ամանորին ընդամենը 2 շաբաթ է մնացել, բայց իրադարձային առումով` ոչ մի կերպ լարվածությունը չի թուլանում, և ողջ տարին, այսպես ասած, գրեթե ամեն օր հանգիստ շնչելու օր չեղավ: Ընդդիմադիրները խոստանում էին, որ «թեժ աշուն» կլինի, հետո իշխանականները պնդում էին, թե այդ ծրագիրը չհաջողվեց, բայց իմ համոզմամբ` տարվա բոլոր եղանակներն էլ թեժ եղան: Նույնիսկ չգիտեմ էլ` ի՞նչն առանձնացնել, որովհետև անընդհատ լարվածության փուլերը հաջորդում էին մեկը մյուսին: Բայց երևի թե ամենակարևորը հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն էր, երբ թվում էր, թե «5 պակաս է» պատերազմի վերսկսմանը:

– Ամփոփենք մշակութային տարին. «Առավոտում» գրեթե բոլոր մշակութային իրադարձությունները լուսաբանվում են, ու, այսպես ասած, Ձեր ձեռքի տակով են անցնում այդ նյութերը, տեղյակ եք տարվա մշակութային կյանքից: Ձեր կարծիքով` 2014-ը մշակութային առումով հագեցա՞ծ էր: 
– Այս առումով` որևէ շատ տարբերվող բան չեմ նկատել: Որպես ռոքի սիրահար` կարող եմ ասել, որ, ցավոք, Տիգրան Սարգսյանի հեռանալով` նաև դադարեցին ռոք աստղերի համերգները: Այդ կապակցությամբ անձնապես պետք է իմ տխրությունը հայտնեմ, որ թեև խոսում էին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է լինի «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, և բոլոր այն խմբերը, որոնք եկել էին Հայաստան այս ընթացքում` Uriah Heep, Deep Purple, հնարավոր է` նորից գային, բայց հիմա խոսքը միայն System of a Down-ի մասին է, էլի մխիթարություն էգ Երբ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ջազ է սիրում, ողջ քաղաքը, իրոք, կարծես ջազ էր լսում, իսկ Տիգրան Սարգսյանի նախասիրություններին զուգընթաց` ռոքի քարոզչությունն էր ավելացել (ու սա երևի թե միակ բանն է, որ մեր իշխանություններից ինձ դուր էր գալիս): Այ, Հովիկ Աբրահամյանի երաժշտական նախասիրությունների մասին ինձ ոչինչ հայտնի չէ, համենայնդեպս, այն դեռ հայաստանյան հյուրախաղերի մեջ չի դրսևորվել, բայց շատ հույս ունեմ, որ հանկարծ ռաբիսը չէ: Հազիվհազ հեռուստաեթերից ռաբիսը նահանջել է:

Anna1

Որդու՝ Աշոտ Իսրայելյանի հետ

– Իսկ Տիգրան Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից, իրենց պաշտոնավարման տարիներից, գործելաոճից, ձեռագրից ուրիշ որևէ հաճելի դրվագ չի՞ հիշվում: 

– Որպես լրագրող` ինձ, բնականաբար, առաջին հերթին` հետաքրքրում է, թե ինչպես էին այդ պաշտոնյաները կառուցում մամուլի հետ իրենց հարաբերությունները: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման սկզբում շատ բաց էր` պատրաստ էր պատասխանել անգամ իրեն խիստ ընդդիմադիր լրագրողների քննադատական հարցերին: Ասենք, ես հիշում եմ, թե կարծեմ Աջարիայի ղեկավարի կողմից իրեն ընծայված ջրային փոխադրամիջոցի վերաբերյալ իմ ու Արմեն Դուլյանի հարցերին ի պատասխան` ինչպես պրն Քոչարյանը հնարավորություն ընձեռեց, որ ինքներս տեսնենք, թե հատկապես ինչ նվեր է դա: Սակայն մամուլի համար այդ բացությունը շատ արագ վերացավ, ավելի շուտ` սահմանափակվեց յուրային լրագրողների նեղ շրջանակով: Իսկ ազատ խոսքի նկատմամբ նրա անհանդուրժողականության բարձրակետերը դարձան «Ա1+»-ին եթեր չթողնելը և 2008-ի մարտին լրատվամիջոցներ արգելափակելը:
Տիգրան Սարգսյանի և մամուլի հարաբերությունները բավական բարդ էին: Թեև նա անձնական շփումներում շատ բաց էր, և երբ ինքը պաշտոնյա չլինի, կամ ես դադարեմ զբաղվել լրագրությամբ` բազմաթիվ ուշագրավ դրվագներ կպատմեմ:

– Ասում են` ջազը սեր է, ազատություն, հոգեվիճակ, և, որ ջազը կյանքի և սիրո մասին է: Իսկ ռոքի մասին ասում են, որ այն բողոքի, ազատության և ըմբոստության երաժշտություն է: Նշված երկու պաշտոնյաների բնավորությունն ու նախընտրած երաժշտությունը համապատասխանո՞ւմ են:
– Դե, հենց այդ պատճառով էլ օգտագործել էի «Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ջազ է սիրում» ձևակերպումը: Չեմ հավատում, թե նա իրոք ջազի սիրահար էր` ավելի շատ ուզում էր երևալ այդպիսին:
Տիգրան Սարգսյանի պարագայում ռոքը, ձեր թվարկած հատկանիշներով, ավելի շուտ նրա անցյալի հուշն էր: Իսկ ներկայում ի՞նչ ըմբոստություն, ի՞նչ բողոք… լավ էլ հարմարվել էր համակարգին, մինչև այն ինքը դուրս մղեց նրան:

Anna2

– Իսկ այս տարվա փառատոների մասին ի՞նչ կասեք` «Ոսկե Ծիրան», «ՌեԱնիմանիա»։
– Ինձ համար այն փաստը, որ այդ փառատոները կան, արդեն ուրախություն է: Ուրախություն է նաև այն, որ «Անտարես» հրատարակչությունը կարողացավ վերածնել գրքի քարոզչությունը. արդեն Երևանում մի գրախանութ էր մնացել. բոլորը փակվում էին` իրենց տեղը զիջելով բիզնես տարածքներին: Ու հիմա ուրախանում եմ, որ նորից գրախանութներ են բացվում, նախկին հագուստի խանութ «Բյուրոկրատը» դարձել է գրախանութ: Սա ինձ համար իրոք հոգու տոն է: Եվ ինձ համար ուրախալի է, որ մեր հայտնիներն են լծվում գրքի քարոզչությանը, որովհետև որքան էլ տեսնում եմ, թե ինչպես է նոր սերունդը պլանշետներով փոխարինում գիրքը, ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ չեն անցել գիրք կարդալու ժամանակները:

Anna3

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

– Այս տարվա ընթացքում եղա՞ն իրադարձություններ, որոնք լրագրության ասպարեզում կարևոր դարձան:

– Մի քիչ ցավալի նահանջ եղավ. եթե անցած տարեվերջից մի քանի լրագրողական նախաձեռնություններով ինքնակազմակերպման ինչ-որ փորձեր էին արվում, շարունակությունը նմանվեց հայտնի անեկդոտին, երբ ասում է` բարկացած ձայնով կասես. «մկներ, հեռացե՛ք այստեղից», ու բոլորը կգնան, բայց հանկարծ չծիծաղես: Բայց վերջում` տեսնելով, թե մկներն ինչպես են հեռանում` ժպտում է, վերջին մուկն ասում է`«Արա՜, կատակ է անում, հե՛տ եկեք»: Մոտավորապես այդպիսի տպավորություն է, որ եթե սկզբում պատճենահանմամբ գոյատևող կայքերը մի փոքր զգուշացան, հիմա տեսնելով, որ գրեթե ոչ ոք իրենց դատի չի տալիս, եզրակացրել են, թե «կատակ էինք անում», ու նորից սկսել են խախտել նույնիսկ օրենքի պահանջները` վերնագրերում հղումներ չանելով, մի քանի բառ, շարադասություն փոխելով` նյութեր գողանալով: Իրենց էլ թվում է` ոչ ոք դա չի տեսնում: Լրագրողական առումով` նահանջի տարի էր, որովհետև այն, ինչ սկսվել էր անցած տարի, հույս էր տալիս, որ այդ ինքնակազմակերպումը կարող էր արդյունավետ լինել:

Anna4

– Սկզբում խոսեցինք, որ լարված տարի էր 2014-ը, բայց հիմա ավելի լարված տարի է սպասվում. մի քանի օրից 12-ի սլաքները կմիանան, ու կդառնանք ԵՏՄ-ի լիիրավ անդամ, ԱՄՆ-ի վիզաների հետ կապված նոր ռեժիմ, Ցեղասպանության 100-ամյա տարելիցգ Ձեր կարծիքով` 2015-ն ինչպիսի՞ն կլինի:
– Ցավոք, բայց ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ` հաշվի առնելով այս տնտեսական վիճակը, հանգուցալուծումը չի երևում: Այսինքն` պարզ է, որ մեր վիճակը չի կայունանա, քանի դեռ Ռուսաստանում այս վիճակն է, պարզ է, որ այնտեղ կլինի այդ վիճակը, քանի դեռ այդ երկիրը պատժամիջոցների տակ է, պարզ է, որ պատժամիջոցները կշարունակվեն, քանի դեռ Ռուսաստանն իր զորքերը չի հանել Ղրիմից, և այլն… Եվ չի երևում, թե լուծումն ի՞նչ է լինելու: Այսինքն` տնտեսական առումով ամենավատթար կանխատեսումներն ունեմ` գնաճի հետ կապված, կենսամակարդակի վերաբերյալ:
Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը` սահմանային լարվածություններն արդեն նորմ են դառնում. պարբերաբար ինչ-որ սրացումներ են լինում, բռնկումներ, հետո լարվածությունը թուլանում է, հետո նորից սրվում…
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` այս առումով էլ կարծես տեսնում ենք նախաձեռնություններ, որոնք միտված են թուլացնել լարվածությունը և գալ երկխոսության: Բայց նախ` ցավ եմ ապրում, որ հենց հատկապես 100-ամյակի շեմին են դրանք աշխուժանում, այս ողջ ընթացքում պիտի լինեին: Ավելին, այս իմաստով էլ տեսնում եմ հակառակը` տարելիցի հետ կապված ազգայնական տրամադրությունները սրվում են, և գուցե երկխոսության փորձերը պակաս հաջողված լինեն, քան կլինեին, եթե ձեռնարկվեին մինչ այդ:

Anna5

– Թվում է` միակ լավ բանը System of a Down-ի համերգն է լինելու մեզ համար:
– Դե, ինձ համար` այո… Իհարկե, բոլորիս կյանքում էլ, միևնույն է, կլինեն անձնական ուրախություններ` ընտանիքի, կարիերայի հետ կապվածգ Օրինակ` ինքս 2015-ին անձնական մի կարևոր իրադարձություն ունեմ` տղայիս հետ է կապված, ավելին չեմ ասի…

– Ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին:
– Թերթերից մեկի մշտական խորագիրը կհիշեցնեի` խոսեք ժողովրդի հետ, փորձեք ձեր քայլերը դարձնել հասկանալի:

– Իսկ լրագրողների՞ն:
– Շարունակեք սովորել, փորձեք զարգանալ:

– Չե՞ք կարծում, որ լրագրողները ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար, անհուսության, պեսիմիզմի…
– Բա իհա՛րկե: Մենք ենք ձևավորել այս գաղջ մթնոլորտը: Հենց մեր պատճառով են հեռանում երկրից` ոչ իշխանությունների գործունեության:

– Այսինքն` միայն անձնականո՞ւմ լավ բաներ կարող ենք սպասել, ընդհանուր լա՞վ չենք տրամադրված: 

– Աստված տա` այս հոռետեսական կանխատեսումներս չիրականանան, այլ չսպասված ինչ-որ լավ բանի ականատեսը դառնանք: Բայց էլի ցավով պետք է նշեմ, որ նախադրյալները որևէ լավատեսական կանխատեսման, վերլուծության հիմք չեն տալիս: Շատ ափսոսանքով եմ ասում, քանի որ կուզենայի, հատկապես Ամանորի շեմին, ինչ-որ ավելի պայծառ և ուրախ բաներ ասել: Իսկ փոխարենը` էլի անհուսություն և հոռետեսություն սերմանեցի: Դե, ասում եմ, էլի` մեր մեղքն է:
ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս