Բաժիններ՝

«Ատկատ»՝ Երևանի բյուջեի ծախսերում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2014թ. ծրագրում արված և իրականացված առաջարկներից մեզ համար սկզբունքային են եղել հետևյալները՝ ավագանու առցանց հեռարձակման նախագծի ընդունումը,Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ապահովող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը Երևանի կայքում,Կենտրոնի թ.1 մանկապարտեզը երեխաներին վերադարձնելը, Էրեբունի վարչական շրջանի ազատամարտիկների այգին ամբողջությամբ էրեբունցիներին հանձնումը:

2015թ. բյուջեում արել ենք 17 առաջարկություն, որոնցից ընդունված 4 առաջարկներից կարևորում ենք Կենտրոն վարչական շրջանի թ.15 մանկապարտեզում երկու նոր խմբի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի ընդունումը, որտեղ առավել մեծ թվով հերթագրված երեխաներ կան:

Ընդունվել են նաև մի քանի հասցեներում այգիների և մարզադաշտ հիմնելու, ինչպես նաև որոշ փողոցների ասֆալտապատման առաջարկները: Սակայն 2015-ի բյուջեում անհասկանալի ձևով մերժվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Կրթական պարտեզ» հրաշալի առաջարկը, որը մեծ ծախսեր չակնկալելով և դառնալով երեխաների համար օրինակելի հեծանվահրապարակ, պատիվ կբերեր քաղաքապետարանին և մեր քաղաքին: Մեր հաջորդ առաջարկը՝ մանկապարտեզների փոքրերի խմբում ավելացնել դայակի հաստիք, որի կարիքը մեծ է հատկապես ծանրաբեռնված խմբերում և երեխաներն առավել կարիք ունեն անհատական հոգատար վերաբերմունքի ու խնամքի, չընդունվեց, այլ խոստացան նման հանձնարարական տալ այն մանկապարտեզների տնօրեններին, որտեղ ֆինանսավորումը թույլ կտա, սակայն կանխավ ասեմ, որ այն դժվար իրականանա:

Առաջարկել էինք անվտանգության ցանցով շրջափակել այն կամուրջների բաց կողերը, որտեղից մարդիկ ինքնասպանության են դիմում կամ փորձ են կատարում, մերժվել է;

Նշենք, որ 2015-ի բյուջեում 2014-ի համեմատ պակաս են ֆինանսավորվել մի քանի ծրագրեր, որոնց ֆինանսավորման չափն անցյալ տարի խիստ քննադատվեց հասարակության և մեր կողմից՝ օրինակ՝ դրոշների, թափառող շների վնասազերծման վերաբերյալ:

Սա լավ է, սակայն ՀՀ պետական դրոշների քարտեզագրման վերաբերյալ ինտերակտիվ քարտեզում մարտից ոչ մի նշում չկա դրանց փոփոխության մասին, ուրեմն կարելի է եզրակացնել, որ մարտից ոչ մի դրոշ չի փոխվել, իսկ ո՞ւր են գնացել նախատեսված գումարները:

Հարցերի հարցը մնում է՝ թե որքանո՞վ է արդյունավետ ծախսվում բյուջեն, որովհետև չի ապահովվում բյուջեի ծախսերի թափանցիկությունը, գնման գործընթացներում չափազանց կասկածելի փաստեր կան, չի բացառվում «ատկատ»- ը, իրականացված սոցիալական, տոնական ծրագրերի ծախսերի հաշվետվողականություն պարզապես չկա:

Վերահսկիչ պալատի հաշվետվությունները նույնպես փաստում են որոշ ծրագրերի գծով Երևանի բյուջեի ծախսման անարդյունավետության և անվերահսկելիության մասին:

Չնայած մեր որոշ առաջարկներ ընդունվել են, 2014-ի որոշ առաջարկներ էլ կյանքի են կոչվել, սակայն բյուջեի մասին մեր դիտարկումները փաստում են, որ ծախսերի հաշվետվողականության հետ կապված լուրջ վերահսկողության անհրաժեշտություն կա, դրանց կիրառման մեխանիզմները փաստաթղթում չեն երևում , հետևաբար 2015թ. թե զարգացման ծրագրին, թե բյուջեին «Բարև Երևան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, հայտարարելով, որ օրենքով սահմանված ավագանու վերահսկողական լիազորությունների շրջանակներում շարունակելու է ծառայել երևանցիներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս