Բերդաշենում ջրի հույսին են

Երկար ու ձիգ ճանապարհը խորդուբորդ գալարներով գյուղի լեռան ստորոտից տանում է ուղիղ գյուղամեջ: Թվում է, դժվարանցանելի ճանապարհն է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի կարեւոր խնդիրը, սակայն գյուղամեջում արեւկողին տված գյուղացիները փաստում են, որ իրենց համար առաջնայինը ջրի հարցն է՝ թե ոռոգման, թե խմելու:

Ստեփանակերտ-Ասկերան-Մարտունի ճանապարհի վերջնահատվածում՝ աջ թեւի վրա, բլրակին թառած արծաթապատ մի արձան անմիջապես ուշադրություն է գրավում: Ինչպես գյուղացիներն են հպարտությամբ պատմում դա իրենց գյուղի խորհրդանիշ «աղջիկն» է: Արդեն չեն էլ հիշում, թե որ «թշնամիններն են» հարձակվել այդ աղջկա վրա, բայց հաստատ գիտեն, որ աղջիկը փրկվել է՝ ցատկելով սարից: «Վայրէջքի» ժամանակ շրջազգեստն օդապարիկի տեսք է ստացել՝ փրկելով աղջկան անխուսափելի վախճանից:

Սահմանային այս գյուղը, որի բնակչությունը 1560-ից ավելի է, երկու գյուղամեջ ունի՝ մեծ եւ, ինչպես գյուղացիներն են ասում, պիծի (փոքր): Հենց գյուղամեջում են քննարկվում ամենահրատապ խնդիրները, հետագա անելիքները:

Մեր այցելության ժամանակ մեծ գյուղամեջում հավաքված շուրջ եևկու տասնյակ տղամարդիկ տարբեր հարցեր էին քննարկում՝ ջրի խնդրից մինչեւ ղարաբաղյան հակամարտության թեման:

Սակայն քննարկման ամենաակտուալ թեման ջրի սակավությանն էր վերաբերում, ինչի հետեւանքնով էլ բազմաթիվ բերդաշենցիներ այս տարի վնասներ են կրել: «Ամենքս երկու արխ ունենք, չկարողացանք ջրել: Եգիպտացորեն էինք ցանել, դա էլ չկարողացանք ջրել» -ասում է գյուղացիներից մեկը, զրույցին մասնակից է դառնում մեկ ուրիշը եւ ավելացնում «Խաղողի այգիներն էլ չենք ջրել, բերքը չորացել է: Այ էն մեր Արայիկը թութուն է ցանել, ինքն է ամենաշատը վնաս կրել»:

Արայիկ Միրզաբեկյանը 7 մլն դրամի վնաս է կրել: Ասում է՝ եկել առաջարկել են թութուն ցանել, բայց ջուր չի եղել, ցանածը չորացել է ու այդքան վնաս պատճառել: Նրա հավաստմամբ՝ թութուն ցանելու առաջարկը «Մասիս Տոբակո» ընկերությանն էր, որից հետո նա որոշեց 8.5 հա տարածքի վրա թութուն ցանել, սակայն արդյունքը «ողբերգական էր»: «Եկել ակտ են գրել, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեն ցուցաբերել մինչ օրս: Թութուն չեմ ցանելու այլեւս, ինչո՞ւ պետք է ցանեմ»,-ասում է նա ու կարծես ցավը մեղմելու համար փորձում մեղավորներ գտնել՝ մեկ մեղադրելով ընկերությանը, մեկ կառավարությանը, մյուս կողմից էլ «արդարացնում», թե՝ ի՞նչ մեղք ունեն՝ երաշտ էր:

Հողի հետ աշխատելը, ամեն տարի ցանելն ու արդյունք չստանալն իրենց ձեւով են բացատրում բերդաշենցիներից ոմանք. «Ինչպես կարտոժնիկն է ամեն անգամ խաղում՝ մտածելով, որ մի արդյունքի կհասնի, այնպես էլ մենք՝ ամեն տարի հողը ցանում ենք, Աստծուն նայելով, որ այս տարի մի բան կստանանք»:

Ոռոգման ջրի սակավությունն այս տարի լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Երաշտի պատճառով հանրապետության մի շարք բնակավայրերում ընդհանրապես ջուր չկար: Արդյունքում շատ հողագործներ բավականին մեծ վնասներ կրեցին: Այստեղ կառավարությունն ինչ-որ չափով փորձել է մեղմել գյուղացիների վնասների չափը, սակայն մարդիկ կան, ովքեր միլիոններով վնաս են կրել եւ մի քանի հազար դրամի հարկից ազատումն իրենց համար «եղանակ չի փոխում»:

Բերդաշենցի Մարսել Օհանջանյանի խոսքով՝ չորացած ցանքատարածությունների առաջ են կանգնել նաեւ անփութության պատճառով: «Հիմնական գետից մինչեւ գյուղի տարածք այնքան ոռոգովի հողեր կան, որ ջուրը մեզ չի հասնում: Ժամանակ է լինում, երբ տեսնում ես այդ հողատարածքների ներքեւի մասում ամայի տարածքներ են գնում ջրերը, իսկ մեր այգիներն այստեղ չորանում են»,- իր ասածին ավելացնելով այն, որ հստակ վերահսկողություն չկա այդ ամենի վրա:

Ինչպես Բերդաշենի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն է հավաստում՝ ի տարբերություն շրջանի այլ գյուղերի Բերդաշենն այս տարի խմելու ջրի հետ կապված խնդիրներ չի ունեցել. «Ամռան շոգ եղանակներին շուրջօրյա ջրամատակարարումից պարզապես անցել են ժամայինի: Ոռոգման համակարգն է ծանր վիճակում, գետում ջուր չկա, ջրամբարը ջուր չի լցվում, իսկ մինչեւ ջրամբար ոռոգովի շատ տարածքներ կան: Երկու նոր արտեզյան ջրհոր են կառուցել այս տարի, երկուսն էլ վերանորոգել: Մյուս տարի տասը արտեզյան ջրհոր է նախատեսվում, ու կարծում եմ սեփականաշնորհած հողերի 70 տոկոսը կընկնի ոռոգման տակ»,-համոզված է գյուղապետը:

Համայնքի ղեկավարը մեծ հույսեր է կապում նաեւ Մարտունու շրջանի Վերին ենթաշրջանում գյուղատնտեսության զարգացման ծրագրի հետ, որում այս տարի ընդգրկվում է նաեւ Բերդաշենը: Սկզբնական շրջանում 150 հա-ի վրա բազմամյա խոտաբույսեր կցանեն, ինչը կլուծի նաեւ գյուղի անասունների կերի խնդիրը. մարդիկ սերմացու կստանան, իրենց դիզվառելիքն էլ ու կանցնեն գործի:

Բերդաշենը շրջանի այլ գյուղերից տարբերվում է ժողովրդի ընդգծված աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ, այսպիսի կարծիք կարելի է լսել հարեւան բնակավայրերում:

«Աշխատասեր բերդաշենցին այսօր չգիտի ինչով զբաղվել: Նախկինում նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ, իսկ հիմա ջրի հույսին է»,-ասում է բերդաշենցիներից մեկը:

Զրույցի ընթացքում զրուցակիցների թիվը կամաց-կամաց պակասում էր, կիրակի օրով դուրս էին եկել աշնան վերջին արեւը վայելելու, բայց պետք է նորից անցնել աշխատանքի, մտածել է պետք՝ նորից աշնանացան անե՞լ, թե՞ ոչ, ջուր կլին՞ի, թե՞ նորից կոտրած տաշտակի առաջ են նստելու:

Մարիամ Սարգսյան

Մարիամ Սարգսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս