«Կարող եմ ուրախանալ, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանով չի մտահոգվում»

«Կարելի է միշտ էլ մեկնաբանել՝ դե, մարդը մոռացել է, կամ համարում է իր շատ մոտիկ ընկերը: Մյուս կողմից՝ կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ՝ եթե մարդն ընկալում է, որ մեկն իր ռազմավարական գործընկերն է, առաջինը հենց նրան է հիշում, այնպես որ, այստեղ կարող էր հենց առաջինը հիշել իր բազան Հայաստանում»,- նման տեսակետ այսօր հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ երեկվա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով ՌԴ ռազմական բազաների մասին՝ չխոսեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասին:

«Շատ կարևոր մի հարց ունենք բոլորս միասին մեր մտածելակերպի մեջ փոխելու, որ սկսենք առաջնորդվել միայն և միայն մեր սեփական շահերով, ոչ թե նրանով, թե Պուտինն ինչ ասաց:

Պուտինը ամեն ինչ ասելու է այնպես, ինչպես ռուսական շահերն են թելադրում: Կարող եմ ուրախանալ, որ ՀՀ-ում տեղակայված ռազմաբազայի մասին չի ասել, այսինքն՝ լավ է, որ Հայաստանով չի մտահոգվում, խնդիրներ չի դնում, գուցե ապագայում ավելի հանգիստ կապրենք, որովհետև որքան Ռուսաստանը մեզնով հետաքրքրվում է, ոնց որ թե մեզ մոտ այնքան էլ դրական բաներ չեն լինում: Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե այդ մեսիջն ինչին կարող է ուղղված լինել մեզ համար: Այդ ամեն ինչից մենք մեր սեփական դասերը պետք է քաղենք»:

Ըստ նրա՝ եթե բոլորիս համար այդքան կարևոր է, որ Պուտինը միշտ Հայաստանի մասին խոսի, ստացվում է՝ մենք ենք ավելի շատ շահագրգռված, որ Ռուսաստանը մեզնով մտահոգվի.

«Արդյոք մեր շահերի՞ց է բխում, որ Ռուսաստանի միակ գլխացավանքը լինի Հայաստանը: Վստահ չեմ, որովհետև, երբ Ռուսաստանը մի երկրով սկսում է զբաղվել, այդ երկրում առաջանում են խնդիրներ»:

Տեսանյութեր

Լրահոս