«Գնաճի պատճառներից ամենակարևորը մեր մենթալիտետն է»
Ամենաբացասականն այս ընթացքում գնաճն էր, որի հետևանքները մենք դեռ երկար կզգանք, բայց գնաճն ունի շատ տարբեր պատճառներ, և այդ պատճառներից ամենակարևորը մեր մենթալիտետն է:
Այս տեսակետն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նկատեց, որ այսօր հազարավոր խանութներ և խանութների սեփականատերեր կան, որոնք առանց վերլուծությունների, առանց հիմնավորումների, աչքաչափով գներ են ավելացնում.
«Այսինքն՝ մեզ մոտ այս խուճապն ազգային ինչ-որ բնույթ է կրում և այդ խուճապից դուրս գալու համար մենք պետք է կարողանանք ոչ միայն գրագետ ապրել, այլև մեր հարաբերությունները կարողանանք ճիշտ կազմակերպել»:
Կ. Աճեմյանը դեմ չէ, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պետք է շատ ավելի խիստ լինի, շատ ավելի խիստ վերահսկողություն պետք է սահմանի.
«Ես կարծում եմ՝ վարչապետի այցը խանութներ կոնկրետ հետևանքներ կունենա և ունենում է: Չէ՞ որ մենք ինքներս մեղավոր ենք, որովեհտև, եթե խանութի տերն առանց որևէ հիմնավորման բարձրացնում է ապրանքների գները, դրա դեմ ես չգիտեմ՝ քանի հոգի և քանի հանձնաժողով պետք է պայքարի: Կարծում եմ՝ նաև մեր մտածելակերպի մեջ խնդիր կա»:
Ըստ Կ. Աճեմյանի՝ հեղինակավոր շատ տնտեսագետներ չեն կարողանում անգամ կանխատեսել՝ մոտ ապագայում ի՞նչ կլինի, բայց ինքը հույս ունի, որ դրամն ինչ-որ ձևով կարժևորվի, որ այդ շոկային երևույթները, որոնք տեղի ունեցան, այլևս չեն կրկնվի.
«Մենք դրա համար պետք է ամեն ինչ անենք: Այս դեպքում կառավարությունը, Կենտրոնական բանկը պետք է դրամի հետ կապված ռազմավարությունը փոխեն: Կանխատեսել, այո՛, մենք պարտավոր էինք, որովհետև աշխարհում ինչ կատարվում է՝ մեզ վրա ունենում է իր ազդեցությունը, այս պարագայում ՀՀ Կենտրոնական բանկը պետք է կանխատեսեր և այս երևույթները և պետք է ինչ-որ ձևով կանխարգելեր»:
Մարզերում, ի տարբերություն Երևանի, գազը չի թանկացել, սակայն Տնտեսական մրցակցության հանձնաժողովն այդ կապակցությամբ ասում է՝ ես օրենքով իրավասություններ չունեմ ազդելու, որովհետև գերիշխող դիրք ունեցող չկա: Հարցին, թե այս դեպքում պատգամավորն օրենսդրական բաց տեսնո՞ւմ է, քանի որ, փաստորեն, հանձնաժողովի ձեռքերը կապված են գազալցակայանների պարագայում, Կ. Աճեմյանը պատասխանեց.
«Ես վերահսկողական բաց եմ տեսնում, ոչ թե օրենսդրական, որովհետև դա օրենքով կարգավորված է: Ուղղակի այսպիսի իրավիճակներում երևի վերահսկողությունը պետք է ավելի խստացնել»: