Շները հարձակվում են դպրոց գնացող երեխաների վրա
Asparez.am-ը գրում է. Վանաձորի Տարոն-2 թաղամասի 5-րդ պոլիկլինիկայի տնօրեն Զեմֆիրա Մարգարյանի խոսքով՝ բնակիչները հաճախակի են դիմում շների կծածի պատճառով: Տարեսկզբից մինչ այժմ համաբուժարան է դիմել երկու տասնյակից ավել քաղաքացի:
«Շան կծածի դեպքում վակցինացիա է կատարվում՝ հակակատաղության վակցինայի միջոցով՝ 3-6 անգամ: Շատ թանկ վակցինա է, որը որ ձեռք է բերվում պոլիկլինիկայի միջոցների հաշվին: Առաջին բուժօգնություն ստանում են վիրաբուժական կաբինետում, իսկ եթե երեկոյան ժամ է լինում, տուժողները դիմում են Վանաձորի բժշկական կենտրոն, վերքի մշակում եւ առաջին անգամ վակցինացիան ստանում են բժշկական կենտրոնում, որից հետո հիվանդը գալիս է պոլիկլինիկա եւ հետագա վակցինացիան կազմակերպվում է պոլիկլինիկայում»,-ասում է Վանաձորի 5-րդ պոլիկլինիկայի տնօրեն Զեմֆիրա Մարգարյանը:
«Կարին» համատիրության նախագահի խոսքով՝ վերջին երեք տարիներին Տարոն-2 թաղամասում անհամեմատ աճել է թափառող շների թիվը: Բնակիչների կողմից բազմաթիվ դիմումներ են ստացվում համատիրություն:
«Բավականին ահազանգեր ենք ստանում, որ շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, կամ շները նկուղային հարկերում բուն են դնում, ձագ են հանում ու դառնում են ավելի կատաղի, բնակչության վրա հարձակումներ են գործում: Առավոտյան, երեխաների դպրոց գնալու ընթացքի հետ, ասենք, երեխաները արագ-արագ վազում են, շները երեխաների հետեւից են ընկնում: Օրումեջ տեղափոխում են աղբը, հենց աղբը կուտակվում է, այդ շները հարձակվում են աղբարկղի վրա, ու թաղամասը լրիվ աղտոտում են, ցելաֆոնները բերանով վերցնում-տանում են այլ տարածք, բացում են ու լրիվ ցրվում է աղբը թաղամասով մեկ»,- դժգոհում է «Կարին» համատիրության նախագահ Մանյա Էվոյանը:
«Պատուհանի տակ կանգնում են, ոռնում են, գիշերը ժամը երեքից հետո չես կարում քնես, մանավանդ ներքեւի դեղատների մոտն էլ շատ շներ կան, ընդեղի շները ավելի կատաղած, մեծ-մեծ գամփռներ են, ես վախում եմ ինչ-որ դեղատուն մտնեմ դեղի համար կամ պոլիկլինիկա մտնեմ»,- շարունակում են բնակիչները:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից տեղեկացանք, որ թափառող շների վնասազերծման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր թաղամասերում՝ շաբաթը երկու անգամյա հաճախականությամբ: Նոյեմբերին վնասազերծվել է 63 թափառող կենդանի, նախորդ ամսին՝ այս թիվը կրկնակի մեծ է եղել՝ 121 կենդանի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: