Հարուստներն էլ են լաց լինում
Առջևում բոլորիս սպասում են տոնական անմոռանալի արձակուրդներ՝ ամբողջ 12 օր: Դրանք անմոռանալի կլինեին, եթե մեր քաղաքացիներն այն անցկացնեին եվրոպական որևէ երկրում կամ տաք Դուբայում: Սակայն իշխանությունները կարող են վստահ խոստանալ, որ այս Ամանորը, իրենց պարգևած հանգստյան օրերն իրո՛ք անմոռանալի կլինեն:
Ի դեպ, 12-օրյա հանգստի հիմնավորումը շատ հումանիստական է. «Որպեսզի մեր քաղաքացիները հանգստանան»: Այսինքն՝ 12 օր, կառավարության որոշմամբ, չեն աշխատելու բուժհիմնարկները (նորմալ ռեժիմով), չեն աշխատելու բանկերը, պետական մյուս հաստատությունները: Բոլորն անցնելու են վաստակած հանգստի: Ի դեպ, Կենտրոնական բանկի մասին: Այնպես, ինչպես աշխատում է այս կառույցը, այն հետևողականությամբ, որով զրոյացնում է մեր քաղաքացիների համեստ խնայողությունները, այն սպեկուլյացիաները, որ կատարում է դրամ-դոլար-եվրո փոխարժեքի տիրույթում, ԿԲ ղեկավարների համար ենթադրում է ավելի երկարաժամկետ հանգիստ՝ տասը տարի ժամկետով և ունեցվածքի բռնագանձմամբ:
Հանրապետությունում ուղղակի ցայտնոտ է. ամեն ինչ ամեն օր թանկանում է՝ սննդամթերքը, դեղերը, վառելիքը: Բայց իշխանությունները հարգում են քաղաքացիների զայրանալու, կատարվածից գլուխ չհանելու իրավունքը. ամեն դեպքում, որևէ պաշտոնյա հիմնավոր բացատրություններ տալ չի էլ փորձում: Աշխատանքից ազատվողներ էլ չկան: Երկրի նախագահը «հարգելի ժողովրդին, սիրելի քույրերին ու եղբայրներին» դիմելու ավանդույթը սահմանափակել է. դիմում է բացառապես Ամանորին, քանի որ ավելի հաճախ պարբերականությամբ ասելիք այդպես էլ տարվա ընթացքում չի կուտակվում: Իսկ եթե ավելի անկեղծ՝ իշխանության ներկայացուցիչների խոսքերն արժեզրկվել են շատ ավելի վաղուց և անդառնալիորեն:
ԿԲ պաշտոնյաներն ամեն օր ստում են, թե ևս մի քանի օր, ու դրամը կկայունանա, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը:
Եվ այս իրավիճակից դուրս գալու լավագույն լուծումը, բնականաբար, 12-օրյա հանգիստն է:
Եթե կառավարությունը որոշում է ընդունում տոնական օրերը երկարաձգել մինչև հունվարի 12-ը, այդ դեպքում պետք է պատասխանի նաև հետևալ հարցերին՝ հատկապես ինչի՞ց պիտի հանգստանան մարդիկ 12 օր: Եվ, ամենակարևորը, ի՞նչ միջոցներով:
Նախորդ տարիներին գոնե Ռուսաստանից գալիս էին արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ՝ Նատաշային ու Սվետային խոստանալով, որ տոներից հետո կվերադառնան: Այստեղ իրենց կանանց, ընտանիքի հետ անց էին կացնում տոները: 12 օրը քիչ ժամանակ չէր՝ տեսնում էին հեռու-մոտիկ հարազատներին, շահում էին իրենց կանանց կարոտած ու վիրավոր սրտերը՝ Արգավանդի կահույքի սրահներից խոհանոցի կամ հյուրասենյակի փափուկ կահույք գնելով: Ու դեռ փոքրիկ գումար էլ մնում էր հետամանորյա ծախսերի համար: Նրանցից շատերն այս տարի գալ չեն կարող: Փող չունեն:
Ի՞նչ են անելու անորոշությունից ու արժեզրկվող դրամից հուսահատ քաղաքացիները հանգստյան օրերին: Միայն թե մեր սիրելի լրագրող Արմեն Դուլյանը չասի. «Ինչպե՞ս թե՝ ինչ, գիրք կկարդան»:
Գիրք կարդացողները գիրք կարդում են՝ չսպասելով տոներին: Իսկ գիրք կարդալու համար միայն ազատ ժամանակը բավարար չէ. պետք է ենթագիտակցորեն իմանալ, որ գիրք կարդալու ընդմիջումներին ընտանիքի անդամները, այդուհանդերձ, չեն տալու չարաբաստիկ՝ «Ի՞նչ ուտել» կամ «ինչո՞ւ է տանը ցուրտ» հարցերը:
Սոցիալական խնդիրներից գլուխը հնարավոր է անջատել միայն հեռուստացույցի միջոցով:
Հեռուստացույցն իդեալական, ընտանիքի անփոխարինելի անդամ է: Կանանց տեսակետից՝ չի ծխում, չի խմում, աջուձախ չի գնում, միշտ պատրաստ է կատարել իր պարտականությունները, լի է սիրով, սենտիմենտով ու սիրային արկածներով:
Տղամարդկանց տեսակետից ևս հեռուստացույցն ուղղակի անփոխարինելի է՝ նյարդերը չի ուտում՝ անհարկի հարցերով ու փնթփնթոցներով, անընդհատ փող չի ուզում, չի հետաքրքրվում. «Որտե՞ղ էիր և ո՞ւմ հետ»: Լիքն է բոքսով ու ֆուտբոլով: Իսկ Նոր տարուն՝ նաև գեղեցիկ կանանցով, ձյունանուշներով:
Երեխաների համար հեռուստացույցն անգամ սիրող մորից է կարևոր. միշտ տանն է, չի բարկանում, չի պատժում, չի ստիպում դասերն անել, ուտել ատելի սուպը: Հակառակը, ասում է. «Ոչինչ մի արա ու մի հեռացիր կողքիցս»: Հեռուստացույցը ճիշտ մեր կառավարության նման է՝ արդարացնում է ու անգամ խրախուսում անգործությունը:
Ամանորի գիշերը շամպայն կլցնենք, կշնորհավորենք միմյանց ու կմաղթենք, որ Նոր տարում ամեն ինչ լավ լինի, ի վերջո, Նոր տարին երջանկության տարի լինի: Առավոտյան արդեն կախարդական գիշերը ետևում կլինի: Կտեսնենք՝ սեղանին կա երեկվա սալաթը, կան դատարկ գավաթները, կան կեղտոտ ափսեներ, իսկ երջանկությունը չկա:
Ու 12 օր ևս այդ երջանկությունը չի լինի, քանի որ չի աշխատելու այն կառույցը, որի ներկայացրած թվերից հետո է պարզ դառնում՝ երջանկություն կա՞ աշխարհում, թե՞ չկա:
Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարված չէ, ոչ ոք ղեկավարներից կատարվածի համար իրեն պատասխանատու չի զգում: Հետևաբար, նախագահը, վարչապետն՝ իր կառավարությամբ, ԱԺ-ն կգնան հանգստանալու:
Նրանց անհարմարություն չեն պատճառում նաև իրենց հասցեին ուղղված խոսքերը, որոնք թերթում ներկայացնել ոչ մի կերպ չենք կարող. պատշաճ չէ: Ոչ ոք չի ազդվում: Ինչպես Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթում: Հավանաբար հիշում եք. երբ վերջում մանուկը բացականչում է. «Թագավորը մերկ է», և ամբոխը սկսում է շշնջալ ու մատով ցույց տալ թագավորի մերկությունը, թագավորը և նրա թվացյալ ծիրանիի եզրերը բռնած նախարարներն է՛լ ավելի հպարտությամբ ու իրենց գործի կարևորությամբ են շարունակում քայլել՝ բռնած մերկ թագավորի նոր զգեստի փեշերը: